Ընդհանուր առմամբ, երեխան չպետք է ստանա ուշադրության պակասի գերակտիվության խանգարում (ՈւՊԳԽ) ախտորոշում, քանի դեռ ՈւՊԳԽ-ի հիմնական ախտանշանները չեն սկսվել կյանքի վաղ շրջանում՝ մինչև 12 տարեկանը, և շարունակաբար զգալի խնդիրներ չեն ստեղծել տանը և դպրոցում:
ՈւՊԳԽ-ի համար հատուկ թեստ չկա, սակայն ախտորոշումը հավանաբար կներառի հետևյալ միջոցառումները:
- Բուժզննում, որը կօգնի բացառելու ախտանիշների այլ հնարավոր պատճառները:
- Տեղեկատվության հավաքում, ինչպիսիք են ցանկացած ընթացիկ առողջական խնդիրները, անձնական և ընտանեկան պատմությունը (անամնեզ) և դպրոցական գրառումները:
- Հարցազրույցներ կամ հարցաթերթիկներ ընտանիքի անդամների, ձեր երեխայի ուսուցիչների կամ ձեր երեխային լավ ճանաչող այլ մարդկանց համար, ինչպիսիք են խնամակալները, դայակները և մարզիչները:
- ՈւՊԳԽ չափորոշիչներ ըստ Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկի DSM-5-ի, որը հրապարակվել է Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի կողմից:
- ՈւՊԳԽ գնահատման սանդղակներ, որոնք կօգնեն հավաքել և գնահատել ձեր երեխայի մասին տեղեկատվությունը:
Մանկահասակ երեխաների մոտ ՈւՊԳԽ-ի ախտորոշումը
Թեև ՈւՊԳԽ-ի ախտանիշները երբեմն կարող են ի հայտ գալ նախադպրոցական տարիքի երեխաների կամ նույնիսկ փոքր երեխաների մոտ, շատ փոքր երեխաների մոտ խանգարումը ախտորոշելը դժվար է: Դա պայմանավորված է նրանով, որ զարգացման խնդիրները, ինչպիսիք են խոսքի հապաղումը, կարող են շփոթվել ՈւՊԳԽ-ի հետ:
Այսպիսով, նախադպրոցական տարիքի կամ ավելի փոքր տարիքի երեխաները, ում մոտ կասկածվում է ՈւՊԳԽ, ավելի հավանական է, որ գնահատման կարիք ունենան մասնագետի կողմից, ինչպիսիք են հոգեբանը կամ հոգեբույժը, լոգոպեդը կամ զարգացման մանկաբույժը:
Այլ վիճակներ, որոնք նման են ՈւՊԳԽ-ին
Մի շարք առողջական վիճակներ կամ դրանց բուժումը կարող է առաջացնել ՈւՊԳԽ-ի նման գանգատներ և ախտանիշներ: Օրինակներից են՝
- ուսուցման կամ լեզվական խնդիրներ
- տրամադրության խանգարումներ, ինչպիսիք են դեպրեսիան կամ անհանգստությունը
- ցնցումային խանգարումներ
- տեսողության կամ լսողության խնդիրներ
- աուտիզմի սպեկտրի խանգարում
- առողջական խնդիրներ կամ դեղամիջոցներ, որոնք ազդում են մտածողության կամ վարքի վրա
- քնի խանգարումներ
- գլխուղեղի վնասվածք:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-06-2019
Վերջին վերանայում՝ 22-04-2024