Եթե ցանկանում եք, որ ձեր տարիքային բծերը կամ լենտիգոն ավելի քիչ նկատելի լինեն, կան բուժման միջոցներ՝ ուղղված դրանց մեղմացմանը կամ հեռացմանը:
Մելանին գունակը (պիգմենտը) գտնվում է մաշկի ամենավերին շերտի՝ վերնամաշկի (էպիդերմիսի) հիմքում, ուստի տարիքային բծերը թուլացնելու համար նախատեսված ցանկացած բուժում պետք է ներթափանցի մաշկի այս շերտը:
Տարիքային բծերի բուժումները ներառում են հետևյալը:
- Դեղամիջոցներ․ սպիտակեցնող նրբաքսուքների (Հիդրոխինոն) կիրառումը առանձին կամ ռետինոիդների (Տրետինոին) և թույլ ստերոիդների հետ համատեղ կարող է աստիճանաբար անհետացնել բծերը մի քանի ամսվա ընթացքում: Դեղորայքային բուժումները կարող են առաջացնել մաշկի ժամանակավոր քոր, կարմրություն, այրոց կամ չորություն:
- Լազերային և ինտենսիվ իմպուլսային լույս․ որոշ լազերային և ինտենսիվ իմպուլսային լուսային թերապիաները ոչնչացնում են մելանին արտադրող բջիջները (մելանոցիտները)՝ չվնասելով մաշկի մակերեսը։ Այս մոտեցումները սովորաբար պահանջում են երկու-երեք սեանս: Աբլատիվ լազերները հեռացնում են մաշկի վերին շերտը (էպիդերմիսը):
- Սառեցում (կրիոթերապիա). այս միջամտությունը բուժում է բիծը՝ օգտագործելով բամբակյա ծայրով շվաբր՝ հինգ վայրկյան կամ ավելի քիչ հեղուկ ազոտ կիրառելու համար: Սա ոչնչացնում է ավելցուկային պիգմենտը: Լավանալուց հետո բուժվող տարածքի մաշկը դառնում է ավելի բաց: Սփրեյով սառեցումը կարող է օգտագործվել բծերի փոքր խմբի վրա: Բուժումը կարող է ժամանակավորապես գրգռել մաշկը և ստեղծել մշտական սպիացման կամ գունաթափման աննշան ռիսկ:
- Դերմոբրազիա. դերմոբրազիան արագ պտտվող խոզանակով մաքրում է մաշկի մակերեսային շերտը, որի տեղում աճում է նոր մաշկ։ Ձեզ կարող է անհրաժեշտ լինել մեկից ավելի անգամ անցնել այս միջամտությունը: Հնարավոր կողմնակի ազդեցություններից են ժամանակավոր կարմրությունը, մաշկի թեփոտումը և այտուցները: Մաշկի մանուշակագույն երանգի անհետացումը կարող է տևել մի քանի ամիս:
- Միկրոդերմոբրազիա. միկրոդերմոբրազիան ավելի պակաս ագրեսիվ մոտեցում է, քան դերմոբրազիան: Այն թողնում է մաշկի թույլ բծեր, որոնք ունեն ավելի հարթ տեսք: Չափավոր, ժամանակավոր արդյունքներ ստանալու համար ձեզ անհրաժեշտ կլինեն ամիսների ընթացքում անցնել մի շարք միջամտություններ: Դուք կարող եք նկատել բուժվող հատվածի մի փոքր կարմրություն կամ ծակծկոցներ: Եթե ձեր դեմքին ունեք ռոզացեա կամ փոքրիկ կարմիր երակներ, այս մեթոդը կարող է վատթարացնել վիճակը:
- Քիմիական պիլինգ. այս մեթոդը ներառում է մաշկի վրա քիմիական լուծույթի կիրառում՝ վերին շերտերը հեռացնելու համար, որի տեղում ձևավորվում է նոր, ավելի հարթ մաշկ: Հնարավոր կողմնակի ազդեցությունները ներառում են սպիացում, վարակ և ավելի բաց կամ ավելի մուգ մաշկի աճում: Կարմրությունը տևում է մինչև մի քանի շաբաթ։ Դուք կարող եք ունենալ մի քանի բուժման կարիք՝ նախքան որևէ արդյունք նկատելը:
Տարիքային բծերի բուժումը, որը հեռացնում է մաշկը, սովորաբար կատարվում է բժշկի գրասենյակում և հոսպիտալացում չի պահանջում: Յուրաքանչյուր միջամտության տևողությունը և արդյունքները նկատելու ժամանակը տատանվում են շաբաթներից մինչև ամիսներ:
Բուժումից հետո դրսում պետք է օգտագործել լայն սպեկտրի արևապաշտպան քսուք՝ առնվազն 30 արևապաշտպան գործոնով (SPF) և կրել պաշտպանիչ հագուստ:
Տարիքային բծերի բուժումները համարվում են կոսմետիկ միջացառումներ, ուստի սովորաբար բժշկական ապահովագրությամբ չեն փոխհատուցվում: Եվ, քանի որ այդ միջամտությունները կարող են ունենալ կողմնակի ազդեցություններ, ուշադիր քննարկեք ձեր տարբերակները մաշկային հիվանդությունների գծով մասնագիտացած բժշկի հետ (մաշկաբան): Նաև համոզվեք, որ ձեր բժիշկը հատուկ պատրաստված և փորձառու է ձեր դիտարկած մեթոդի մեջ:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-01-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024