Ալկոհոլային թունավորում
Եթե ձեր շրջապատում որևէ մեկը մեծ քանակությամբ ալկոհոլ է օգտագործել, դուք հավանաբար կիմանաք, որ նրա մոտ կարող են առաջանալ խոսքի աղավաղում, ապակողմնորոշում և այլ արտաքին նշաններ:
Սակայն, երբեմն ալկոհոլի չարաշահումը կարող է դառնալ առողջական ավելի լուրջ խնդիրների պատճառ: Եթե դուք կարճ ժամանակի ընթացքում ընդունել եք ալկոհոլի մեծ քանակներ, ապա ձեզ մոտ կարող է զարգանալ ալկոհոլային թունավորում:
Ալկոհոլը հոգեներգործուն նյութ է, որն ունի ընկճող (դեպրեսանտային) ներգործություն: Սա նշանակում է, որ այն կարող է առաջացնել ձեր գլխուղեղի և նյարդային համակարգի գործունեության արգելակում՝ զարգացնելով շնչառության, սրտի և կենսականորեն կարևոր այլ գործունեությունների թուլացում:
Ձեր լյարդը ձեր արյունը մաքրում-զտում է ինչպես այլ թույներից, այնպես էլ ալկոհոլից: Սակայն, եթե դուք կարճ ժամանակի ընթացքում օգտագործում եք ալկոհոլի մեծ քանակներ, լյարդը կարող է և չհասցնել լիարժեք մաքրել ձեր արյունը: Նման իրավիճակն էլ դառնում է ալկոհոլային թունավորման կամ ալկոհոլային գերդոզավորման պատճառ:
Ալկոհոլային թունավորման ախտանիշները
Որոշ ախտանիշներ ի հայտ են գալիս թույլ արտահայտված, սակայն աստիճանաբար վատթարանում են: Ալկոհոլային թունավորմանը բնորոշ նշաններից են՝
- ալկոհոլին բնորոշ սուր հոտ
- գիտակցության խառնաշփոթ վիճակ և աղավաղված-անհասկանալի խոսք
- վատ կողմնորոշում կամ ապակողմնորոշում կամ շփոթվածություն
- խոնավացած կամ կպչուն մաշկ:
Ալկոհոլային թունավորման որոշ նշաններ ունեն ավելի լուրջ առողջական նշանակություն, քան մյուսները: Լուրջ կամ վտանգավոր նշաններից են՝
- գիտակցության ծանր արգելակում կամ ստուպոր
- արթուն մնալու անհնարինություն
- հաճախակի փսխումներ կամ որձկումներ
- ցնցումներ
- շնչառության հազվադեպացում (1 րոպեում 8 ակտ կամ ավելի հազվադեպ)
- շնչառության ակտերի միջև երկարատև դադարներ (10 վայրկյան կամ ավելի երկար)
- խիստ դանդաղած սրտխփոց
- մարմնի ջերմաստիճանի նվազում
- մաշկի գունատություն կամ կապտություն:
Ալկոհոլային թունավորման բարդությունները
Ծանր դեպքերում ալկոհոլային թունավորումը կարող է կյանքին վտանգ սպառնալ: Օրինակ, ծանր թունավորումը կարող է հասցնել հետևյալ ծայրահեղ ծանր վիճակներին՝
- փսխման զանգվածով շնչահեղձություն (ասպիրացիա դեպի շնչուղիներ՝ շնչափող և բրոնխներ)
- շնչառության խորը ընկճում և շնչառական սուր անբավարարություն (նաև՝ ասպիրացիայի պատճառով)
- ծանր ջրազրկում
- ուղեղի վնասում
- կոմա:
Գինարբուքի (հարբեցողության) դերը
Գինարբուքը (ռուսերեն՝ выпивка, անգլերեն՝ binge drinking) հանդիսանում է ալկոհոլային թունավորման հիմնական պատճառը: Գինարբուքը կարելի է սահմանել որպես մինչև երկու ժամվա ընթացքում տղամարդկանց կողմից 5 կամ կանանց կողմից 4 բաժին ալկոհոլ ընդունելը: «Ծանր» գինարբուքի դեպքում վերոնշյալ քանակները կրկնապատկվում են:
Ալկոհոլի մեկ բաժինը կամ «ստանդարտ» չափը (անգլերեն՝ drink) սահմանվում է որպես 10 մլ մաքուր էթիլ սպիրտը: Ալկոհոլի 1 «ստանդարտ» չափը համապատասխանում է միջին թնդության գարեջրի մեկ բաժակին կամ 100 մլ գինուն կամ 30 մլ թունդ սպիրտային խմիչքին։
Ալկոհոլային թունավորման զարգացման ռիսկի գործոնները
Տղամարդիկ և միջին տարիքի չափահասները համարվում են ալկոհոլային թունավորման ամենառիսկային խմբերը: Փորձագետները փաստում են, որ տղամարդիկ ավելի հակված են ընդունելու ալկոհոլի մեծ քանակներ, քան կանայք: Ալկոհոլային թունավորման ռիսկն էլ ավելի է աճում, եթե ալկոհոլի հետ միասին օգտագործվում են այլ հոգեներգործուն նյութեր, այդ թվում՝ թմրամիջոցներ:
Ալկոհոլային թունավորման ռիսկի վրա կարող են ազդել նաև ձեր մարմնի չափերը և կշիռը: Նույն կերպ, հնարավոր ազդեցություն կարող են ունենալ նաև հետևյալ գործոնները՝
- ե՞րբ եք վերջին անգամ սնունդ ընդունել
- արդյոք միաժամանակ օգտագործե՞լ եք թմրամիջոցներ
- ի՞նչ քանակի և ի՞նչ արագությամբ եք ալկոհոլ ընդունել:
Ալկոհոլային թունավորման անհետաձգելի բուժօգնությունը
Եթե կարծում եք, որ ինչ-որ մեկի մոտ զարգացել է ալկոհոլային թունավորում, ապա դուք կարող ենք նրան օգնել, եթե առանց հապաղելու ձեռնարկեք հետևյալ քայլերը՝
- առանց ուշացնելու զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն
- փորձեք նրան արթուն պահել և ըստ հնարավորության տալ նստած կամ կիսանստած դիրք
- եթե նրա գիտակցությունը պահպանված է, ապա փորձեք ջուր խմացնել
- ծածկեք նրան տաք սավանով կամ վերմակով
- եթե նրա գիտակցությունը բացակայում է, ապա պառկեցրեք նրան մի կողքի վրա, որպեսզի կանխարգելեք փսխման զանգվածներով ասպիրացիան (հոսելը դեպի շնչուղիներ):
Կան նաև մի շարք բաներ, որոնք խորհուրդ չի տրվում, որ անեք, քանի որ նման դեպքերում վնասը գերակշռում է օգուտին, օրինակ՝
- մի փորձեք մարդուն պահել սառը ցնցուղի տակ, որը կարող է առաջացնել սուր մրսածություն կամ մարմնի ջերմաստիճանի կտրուկ անկում
- մի փորձեք նրան տալ սնունդ, որը կարող է սաստկացնել փսխումը կամ փսխման զանգվածով շնչահեղձությունը
- մի փորձեք նրան ոտքի կանգնեցնել ու քայլեցնել, քանի որ մեծ է վայր ընկնելու և վնասվածքներ ստանալու վտանգը:
Ալկոհոլային թունավորման բուժումը
Եթե որևէ մեկն ընդունել է ալկոհոլի մեծ՝ կյանքին սպառնացող քանակներ, բժիշկները կարող են նախաձեռնել նրա ստամոքսի «դատարկման և լվացման» միջոցառումներ, որի նպատակը ստամոքսում առկա մնացորդային ալկոհոլի դեպի արյան հուն ներծծման կանխարգելումն է:
Հիվանդանոցային պայմաններում բժիշկները կարող են նաև՝
- նշանակել ներերակային հեղուկների ինֆուզիա
- տալ թթվածին և շնչառությանն օժանդակող այլ միջոցներ
- նախաձեռնել ապաթունավորման՝ արյան մեջից թույների (տոքսինների) հեռացման միջոցառումներ:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021