Ալերգիայի ախտանիշները, որոնք կախված են ներգրավված նյութից՝ ալերգենից և դրա ազդեցության տեսակից, կարող են ազդել ձեր շնչուղիների, քթային անցուղիների և հարքթային ծոցերի, մաշկի և մարսողական համակարգի վրա:
Ալերգիկ ռեակցիաները կարող են ընթանալ թեթևից մինչև ծանր ախտանիշներով: Որոշ ծանր դեպքերում սուր ալերգիան կարող է նպաստել կյանքին սպառնացող գերծանր ռեակցիայի զարգացմանը, որը հայտնի է որպես անաֆիլաքսիա:
Խոտային տենդը, որը նաև կոչվում է ալերգիկ ռինիտ (ալերգիկ հարբուխ), կարող է առաջացնել՝
- փռշտոց
- քթի, աչքերի կամ բերանի «առաստաղի» (կարծր քիմք) քորի զգացում
- քթահոսություն (հարբուխ) կամ լցվածության, փակվածության զգացում
- ջրակալած, կարմրած կամ այտուցված աչքեր (կոնյուկտիվիտ):
Սննդային ալերգիան կարող է առաջացնել՝
- բերանում ծակոցներ
- շրջունքների, լեզվի, դեմքի կամ ըմպան-կոկորդի այտուց
- եղնջացան
- անաֆիլաքսիա:
Միջատի խայթոցից ալերգիան կարող է առաջացնել՝
- խայթոցի տեղում այտուցված մեծ դաշտ
- ամբողջ մարմնով տարածվող քոր կամ եղնջացան
- հազ, կրծքավանդակի լարվածություն, շնչելիս՝ խզզոցներ կամ շնչարգելություն (հևոց)
- անաֆիլաքսիա:
Դեղորայքային ալերգիան կարող է առաջացնել՝
- եղնջացան
- մաշկի քոր
- մաշկի ցանավորում
- դեմքի այտուցվածություն
- շնչառական խզզոցներ
- անաֆիլաքսիա:
Ատոպիկ դերմատիտը, որը մաշկի ալերգիկ հիվանդություն է և նաև կոչվում է նաև էկզեմա, կարող է առաջացնել՝
- քոր
- մաշկի վրա կարմիրից մինչև շագանակագույն-մոխրագույն օջախներ
- հաստացած, կոպտացած և ճաքճքած ալրանման թեփոտ մաշկ
Անաֆիլաքսիա
Ալերգիայի որոշ տեսակներ, այդ թվում՝ սննդային և միջատի խայթոցից ալերգիաները կարող են խթանել գերսուր ալերգիկ ռեակցիա, որը հայտնի է որպես անաֆիլաքսիա: Անաֆիլաքսիան կյանքին սպառնացող վիճակ է, որը կարող է առաջացնել անհետաձգելի բուժօգնություն պահանջող շոկ:
Անաֆիլաքսիայի ախտանիշներից են՝
- գիտակցության կորուստ
- արյան ճնշման կտրուկ անկում (հիպոտենզիա կամ կոլապս)
- սուր շնչարգելություն և հևոց
- մաշկի ցան
- գլխապտույտ կամ ուշագնացության զգացում
- հաճախացած և թույլ սրտազարկ (տախիկարդիա)
- սրտխառնոց և փսխում:
Ե՞րբ դիմել բժշկին
Դուք կարող եք այցելել բժշկին, եթե ունեք ախտանիշներ, որոնք ըստ ձեզ կապված են ալերգիայի հետ և սովորական հակաալերգիկ դեղերով բավարար չեն մեղմանում: Եթե նոր դեղեր ընդունելուց հետո ունեք գանգատներ, տեղեկացրեք այդ մասին դրանք նշանակած բժշկին:
Եթե ձեզ մոտ կամ ձեր շրջապատում մեկնումեկի մոտ առկա է անաֆիլաքսիայի հասցնող սուր ալերգիկ ռեակցիա, առանց հապաղելու զանգահարեք 1-03 և կանչեք շտապ օգնություն:
Եթե ձեզ մոտ պահում եք Էպինեֆրինի ինքնաներարկիչ (Աուվի-Q, ԷլիՓեն և այլն), անմիջապես ներարկեք ինքներդ ձեզ:
Նույնիսկ եթե Էպինեֆրինի ներարկումից հետո ձեր ախտանիշները մեղմանում են, զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն կամ խնդրեք մեկնումեկին, որ ձեզ հասցնի մոտակա հիվանդանոց:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-05-2020
Վերջին վերանայում՝ 04-04-2024