Skip to main content

Ախտորոշում - Ամենորեա

Ձեր այցի ընթացքում ձեր բժիշկը կկատարի գինեկոլոգիական ներզննում՝ ստուգելու ձեր վերարտադրողական օրգանների հետ կապված որևէ խնդրի առկայությունը:

Եթե դուք երբեք դաշտան չեք ունեցել, ձեր բժիշկը կարող է զննել ձեր կուրծքը և սեռական օրգանները՝ պարզելու, թե արդյոք դուք ունեք սեռահասունացման նորմալ փոփոխություններ:

Ամենորեան կարող է լինել բարդ հորմոնային խնդիրների նշան: Հիմքում ընկած պատճառի հայտնաբերումը կարող է ժամանակ պահանջել և ձեր բժիշկը կարող է պահանջել մի քանի հետազոտություններ:

Թեստեր

Ձեզ կարող են անհրաժեշտ լինել մի շարք արյան թեստեր։

  • Հղիության թեստ. սա, հավանաբար, կլինի ձեր բժշկի առաջարկած առաջին թեստը՝ հնարավոր հղիությունը բացառելու կամ հաստատելու համար:
  • Վահանաձև գեղձի գործունեության թեստ. ձեր արյան մեջ թիրեոտրոպ հորմոնի (TSH) քանակի չափումը կարող է որոշել, թե արդյոք ձեր վահանաձև գեղձը նորմալ է գործում:
  • Ձվարանների գործունեության թեստ. արյան մեջ ֆոլիկուլախթանիչ հորմոնի (FSH) քանակի չափումը կարող է որոշել, թե արդյոք ձեր ձվարանները նորմալ են գործում:
  • Պրոլակտինի թեստ. պրոլակտին հորմոնի ցածր մակարդակը կարող է լինել մակուղեղի (հիպոֆիզի) ուռուցքի նշան:
  • Արական հորմոնի թեստ. եթե ունեք վիրիլիզացիայի նշաններ (դեմքի մազակալում, ձայնի տեմբրի իջեցում և այլն), բժիշկը կարող է ստուգել ձեր արյան մեջ արական հորմոնների մակարդակը:

Հորմոնային փորձարկման թեստ

Այս թեստի համար դուք ընդունում եք հորմոնային դեղամիջոց յոթից տաս օր՝ դաշտանային արյունահոսություն առաջացնելու համար: Այս թեստի արդյունքները կարող են հուշել ձեր բժշկին, թե արդյոք ձեր դաշտանները դադարեցվել են էստրոգենի պակասի պատճառով:

Պատկերային հետազոտություններ

Կախված ձեր գանգատներից և ախտանիշներից, և ձեր անցած ցանկացած արյան թեստերի արդյունքից, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ մեկ կամ մի քանի պատկերային թեստեր:

  • Գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա). այս հետազոտությունն օգտագործում է ձայնային ալիքներ՝ ներքին օրգանների պատկերներ ստանալու համար: Եթե դուք երբևէ դաշտան չեք ունեցել, ձեր բժիշկը կարող է առաջարկել գերձայնային հետազոտություն՝ ստուգելու ձեր վերարտադրողական օրգանների անատոմիական կամ կառուցվածքային շեղումները:
  • Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ). ՄՌՏ-ն օգտագործում է ուժեղ մագնիսական դաշտով ռադիոալիքներ՝ ձեր մարմնի ներսում գտնվող փափուկ հյուսվածքների խիստ մանրամասն պատկերներ ստանալու համար: Ձեր բժիշկը կարող է պատվիրել ՄՌՏ մակուղեղի ուռուցքը ստուգելու համար:

Էնդոսկոպիկ հետազոտություններ

Եթե այլ հետազոտությունները չեն բացահայտում կոնկրետ պատճառ, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ հիստերոսկոպիա՝ հետազոտություն, որի ժամանակ բարակ, լուսավորված տեսախցիկը անցնում է ձեր հեշտոցով և արգանդի վզիկի միջով՝ ձեր արգանդի ներսը դիտելու համար:

Հոդվածը հրապարակվել է՝ 06-04-2021
Վերջին վերանայում՝ 03-05-2024