Ասթմայի բուժման դեղամիջոցները կարելի է բաժանել երկու մեծ խմբի՝ արագ թեթևացնող և երկարաժամկետ հսկողության։
- Կանխարգելիչ կամ երկարաժամկետ հսկողության դեղամիջոցները (պրեվենտերներ) օգտագործվում են ամեն օր՝ ասթմայի նոպայի առկայությունից անկախ։ Դրանք նվազեցնում են ձեր բրոնխների բորբոքմանն ուղեկցող լորձաթաղանթի գերզգայունությունը և այտուցը՝ դրանով իսկ կանխարգելելով նոպայի առաջացումը (ասթմայի սրացումը): Կանխարգելիչ դեղերը նախատեսված են ոչ թե ասթմայի նոպայի արագ բուժման, այլ գանգատների սրացումը կանխարգելելու համար, և դրանց օգտագործումը նոպայի առկայության հետ որևէ կապ չունի։ Կանխարգելիչ դեղերը կարող են ունենալ որոշ կողմնակի ազդեցություններ, օրինակ՝ կոկորդի ցավ, ձայնի խռպոտացում կամ բերանի խոռոչի կաթնախտ (կանդիդոզ)։ Ասթմայի որոշ դեղեր հաբեր են, օրինակ՝ Պրեդնիզոնը, որը սովորաբար նշանակվում է ասթմայի չդադարող նոպան՝ ասթմատիկ վիճակը բուժելիս։
- Արագ թեթևացնող կամ կարճատև ազդեցության դեղամիջոցները (ռիլիվերներ) օգտագործվում են միայն այն ժամանակ, երբ պետք է մեղմացնել հիվանդության ախտանիշները՝ բուն նոպան հանելու համար։ Իրենց ազդեցությամբ դրանք բրոնխալայնիչներ են (բրոնխոդիլատատորներ կամ բրոնխոլիտիկներ), որոնք արագորեն բացում են նեղացած բրոնխները՝ հեշտացնելով ձեր շնչառությունը և մեղմացնելով ասթմայի նոպան՝ խզզոցներ, կրծքավանդակի լարվածություն, հազ և շնչարգելություն: Ազդելով մեկ-երկու րոպեի ընթացքում, բրոնխոլիտիկների ազդեցությունը շարունակվում է մինչև 4 ժամ։ Ռելիվերները նույնպես ունեն որոշ կողմնակի ազդեցություններ, օրինակ՝ սրտխփոցի զգացում, գլխի ցնցումանման շարժումներ կամ դող, անհանգստության զգացում և դյուրագրգռություն։
- Համակցված (կոմբինացված) դեղամիջոցները պարունակում են ինչպես երկարատև ազդեցության բրոխոդիլատատոր, այնպես էլ հակաբորբոքային ազդեցության կորտիկոստերոիդ և նշանակվում են միայն որոշ իրավիճակներում և ոչ բոլորին:
Դուք գուցե կարիք ունենաք ընդունելու ոչ թե մեկ, այլ մի քանի հակաասթմատիկ դեղեր։
Ինհալատորներ և սփեյսերներ
Ասթմայի բուժման մեջ ամենահաճախ նշանակվող դեղաձևը ինհալատորն է։ Ասթմայի ինհալատորը փոքր, ձեռքի մեջ տեղավորվող դեղ-«փչիկ» է, որը թույլ է տալիս ակտիվ դեղը ներշնչման փուլում փչել անմիջապես ձեր թոքերч առանց բերանի խոռոչի (լեզու, քիմք) կամ ըմպանի լորձաթաղանթի վրա «կորուստներ տալու»: Ձեր բժիշկը ձեզ կբացատրի ինհալատորների ճիշտ օգտագործման ձևը, որից կախված է նաև դրանց ազդեցության ուժը և արդյունավետությունը:
Հաճախ ինհալատորներն ավելի լավ են ազդում, երբ տրվում են այսպես կոչված «տարողությունների» (սփեյսեր) միջոցով: Դրանք մեծ պլաստիկ տարաներ են, որոնց մի ծայրին կա հատուկ հարմարեցված բացվածք, որը դուք բռնում եք ձեր շրթունքներով և ատամներով, իսկ մյուս ծայրին ամրացվում և փչվում է ինհալյատորը: Այս դեպքում դուք շնչում եք դեղի և սփեյսերի օդի խառնուրդը:
Նման «տարողությունները» կարող են օգտագործվել հետևյալ դեպքերում՝
- 4-5 տարեկանից ցածր տարիքի երեխաներ («տարողությանը» միացված հատուկ դիմակով)
- բոլոր չափահասները, ովքեր ստանում են ինհալատորային կորտիկոստերոիդային կանխարգելիչ դեղեր
- չափահասներ, ովքեր դժվարանում են իրականացնել ինհալյատորներից օգտվելու «սեղմիր և շնչիր» մեթոդը
- չափահասներ, ովքեր փորձում են բրոնխալայնիչ դեղերն օգտագործել ասթմայի նոպայի ժամանակ:
Ասթմայի արդյունավետ բուժումը նշանակում է, որ դուք կարող եք հսկել ձեր առողջական վիճակը՝ ապրելով լիարժեք կյանքով: Ճիշտ գիտելիքներով, հմտություններով և դեղերով դուք ի վիճակի եք հասնել նման ցանկալի վիճակին: Պարզապես պետք է խստորեն հետևել ձեր բուժմանը և բժշկի բոլոր խորհուրդներին:
Երկարատև ազդեցության ասթմայի վերահսկման դեղամիջոցներ (պրեվենտերներ)
Պրեվենտերները սովորաբար ընդունվում են ամեն օր և նվազեցնում են ասթմայի նոպա ունենալու հավանականությունը:
- Ինհալացիոն կորտիկոստերոիդներ. այս դեղամիջոցներից են՝ Ֆլուտիկազոնի պրոպիոնատ (Ֆլովենտ HFA, Ֆլովենտ Դիսկուս, Քսհանսե), Բուդեսոնիդ (Պուլմիկորտ Ֆլեքսհեյլեր, Պումիկորտ Ռեսպուլես, Ռինոկորտ), Ցիկլեզոնիդ (Ալվեսկո), Բեկլոմեթազոն (Քվար Դեռիհեյլեր), Մոմետազոն (Ասմանեքս HFA, Ասմանեքս Թվիստհեյլեր) և Ֆլուտիկասոն ֆուրոատ (Արնուիտի Էլլիպտա)։ Ձեզ կարող է անհրաժեշտ լինել օգտագործել այս դեղամիջոցները մի քանի օրից մինչև շաբաթներ՝ մինչև դրանք հասնեն իրենց առավելագույն բուժական ազդեցությանը: Ի տարբերություն բերանային (օրալ) կորտիկոստերոիդների, ինհալացիոն կորտիկոստերոիդներն ունեն լուրջ կողմնակի ազդեցությունների համեմատաբար ցածր ռիսկ:
- Լեյկոտրիենի ձևափոխիչներ (լեյկոտրիենի ընկալիչի անտագոնիստներ). այս բերանային (օրալ) դեղամիջոցները, ներառյալ Մոնտելուկաստը (Սինգուլաիր), Զաֆիրլուկաստը (Ակկոլատ) և Զիլեուտոնը (Զիֆլո) օգնում են ասթմայի ախտանիշների թեթևացմանը: Մոնտելուկաստը կապված է հոգեբանական ռեակցիաների հետ, ինչպիսիք են գրգռվածությունը (աժիտացիա), ագրեսիան, ցնորքները (հալյուցինացիաներ), դեպրեսիան և ինքնասպանության մտքերը: Անմիջապես դիմեք բժշկական խորհրդատվություն, եթե զգում եք այս ռեակցիաներից որևէ մեկը:
- Համակցված ինլալատորներ. այս դեղամիջոցները, ինչպիսիք են Ֆլուտիկազոն-Սալմետերոլը (Ադվաիր HFA, Աիրդուո Դիջիհեյլեր և այլն), Բուդեսոնիդ-Ֆորմոտերոլը (Սիմբիկորտ), Ֆորմոտերոլ-Մոմետազոնը (Դուլերա) և Ֆլուտիկազոն ֆուրոատ-Վիլանտերոլը (Բրեո Էլլիպտա) պարունակում են երկարատև գործող բետա-ագոնիստ և կորտիկոստերոիդ.
- Թեոֆիլին. Թեոֆիլինը (Թեո-24, Էլիքսոֆիլին, Թեոքրոն) ամենօրյա դեղահաբ է, որն օգնում է բաց պահել շնչուղիները՝ թուլացնելով շնչուղիների (բրոնխների) շուրջ մկանները: Այն չի օգտագործվում այնքան հաճախ, որքան ասթմայի այլ դեղամիջոցները և պահանջում է կանոնավոր արյան ստուգում:
Կարճաժամկետ ազդեցության դեղամիջոցներ (ռիլիվերներ)
Ռիլիվերներն օգտագործվում են ըստ անհրաժեշտության՝ ասթմայի նոպաները բուժելու համար: Ցանկալի է, որ ասթմա ունեցող յուրաքանչյուր մարդ իր մոտ պահի իր ռելիվերը, որը կարող է օգտագործել, եթե նկատում է ասթմայի գանգատների և ախտանիշների վատթարացում:
- Կարճատև ազդող բետա-ագոնիստներ. այս ներշնչվող, արագ թեթևացնող բրոնխալայինչները ազդում են րոպեների ընթացքում՝ արագորեն թեթևացնելու ախտանիշները ասթմայի նոպաների ժամանակ: Դրանք ներառում են Ալբուտերոլ (ՊրոԷըր HFA, Վենտոլին HFA և այլն) և Լեվալբուտերոլ (Քսօպենեքս, Քսօպենեքս HFA): Կարճատև գործող բետա ագոնիստները կարող են ընդունվել փոքր, ձեռքի ինհալատորի կամ նեբուլայզերի միջոցով՝ փոքր սարք, որը ասթմայի դեղամիջոցները վերածում է մանրդիրսպերսային մառախուղի: Դրանք ներշնչվում են դեմքի դիմակով կամ բերանով:
- Հակախոլիներգիկ նյութեր. ինչպես մյուս բրոնխալայնիրները, Իպրիատրոպիումը (Ատրովենտ HFA) և Տիոտրոպիումը (Սպիրիվա, Սպիրիվա Ռեսպիմատ) արագորեն թուլացնում են շնչուղիները (բրոնխները)՝ հեշտացնելով շնչելը: Դրանք հիմնականում օգտագործվում են էմֆիզեմայի և քրոնիկ բրոնխիտի դեպքում, թեև նաև կարող են օգտագործվել ասթմայի բուժման համար:
- Բերանային (օրալ) և ներերակային կորտիկոստերոիդներ. այս դեղամիջոցները, որոնք ներառում են Պրեդնիզոնը (Պրեդնիզոն Ինտենսոլ, Ռայոս) և Մեթիլպրեդնիզոլոն (Մեդրոլ, Դեպո-Մեդրոլ, Սոլու-Մեդրոլ), թեթևացնում են ծանր ասթմայով պայմանավորված շնչուղիների (բրոնխների) բորբոքումը: Երկարաժամկետ օգտագործման դեպքում դրանք կարող են առաջացնել լուրջ կողմնակի բարդություններ, ուստի այդ դեղերը օգտագործվում են միայն կարճաժամկետ՝ ասթմայի ծանր ախտանիշները բուժելու համար:
Եթե ունեք ասթմայի սրացում, արագ թեթևացնող ինհալատորը կարող է անմիջապես թեթևացնել ձեր ախտանիշները: Բայց դուք չպետք է շատ հաճախ օգտագործեք ձեր արագ օգնության ինհալատորը, եթե ձեր երկարաժամկետ հսկողության դեղերը ճիշտ են աշխատում:
Գրառում պահեք, թե շաբաթական քանի փչակ եք օգտագործում: Եթե Ձեզ անհրաժեշտ է ավելի հաճախակի օգտագործել ձեր արագ օգնության ինհալատորը, քան ձեր բժիշկը խորհուրդ է տալիս, դիմեք ձեր բժշկին: Դուք, հավանաբար, պետք է հարմարեցնեք ձեր երկարաժամկետ հսկողության դեղորայքը:
Ալերգիայի դեղամիջոցներ
Հակաալերգիկ դեղերը կարող են օգնել, եթե ձեր ասթման առաջացել կամ վատթարացել է ալերգիայի պատճառով:
- Ալերգիայի դեմ պատվաստումներ (իմունոթերապիա). ալերգիայի դեմ պատվաստումները ժամանակի ընթացքում աստիճանաբար նվազեցնում են ձեր իմունային համակարգի արձագանքը հատուկ ալերգենների նկատմամբ: Դուք սովորաբար ներարկում եք ստանում շաբաթական մեկ անգամ՝ մի քանի ամիս, այնուհետև ամիսը մեկ անգամ՝ երեքից հինգ տարի ժամկետով:
- Բիոլոջիկներ. այս դեղերը նշանակվում են ծանր ասթմայի ժամանակ: Օրինակներից են՝ Օմալիզումաբ (Քսոլաիր), Մեպոլիզումաբ (Նուկալա), Դուպիլումաբ (Դուպիքսենտ), Ռեսլիզումաբ (Սինքաիր) և Բենրալիզումաբ (Ֆասենրա)։
- Կենսաբանական թերապիա (բիոլոջիկներ). Այս դեղամիջոցները, որոնք ներառում են Օմալիզումաբը (Քսոլաիր), Մեպոլիզումաբը (Նուկալա), Դուպիլումաբը (Դուպիքսենտ), Ռեսլիզումաբը (Սինքաիր) և Բենրալիզումաբը (Ֆազենրա) սովորաբար նշանակվում են այն մարդկանց, ովքեր ունեն ծանր ասթմա:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024