Սսթմա ունեցող բազմաթիվ մարդիկ ապավինում են դեղամիջոցներին՝ կանխելու և թեթևացնելու ախտանիշները, սակայն դուք կարող եք ինքնուրույն մի քանի բան անել՝ ձեր առողջությունը պահպանելու և ասթմայի նոպաների հավանականությունը նվազեցնելու համար:
Ինքնօգնությունը ներառում է ձեր իսկ առողջության և նորմալ ինքնազգացության նկատմամբ պատասխանատվության զգացումը, որին կարող են մասնակից դառնալ նաև այլ մարդիկ՝ հարազատներ, ընկերներ և բուժանձնակազմ։ Ինքնախնամքն այն է, ինչ դուք ամեն օր անում եք, որ պահպանեք ձեր ֆիզիկական և հոգեկան առողջությունը։
Ասթման հսկողության տակ պահելու հիմքում ընկած են այնպիսի կանխարգելիչ միջոցառումներ, որոնք նախականխում են հիվանդության ախտանիշների սրացմանը նպաստող գործոնները (հրահիչներ կամ տրիգերներ)։ Սա նաև ձեր երկարաժամկետ ազդեցության կանխարգելիչ դեղերի (պրեվենտերների) ամենօրյա ընդունումն է այնպես, ինչպես նշանակել է ձեր բժիշկը։
Խուսափեք ասթմայի տրիգերներից
Ասթմայի հրահիչների (տրիգերների) ազդեցությունը նվազեցնելուն ուղղված քայլեր ձեռնարկելը ասթմայի վերահսկման կարևոր մասն է: Ձեր վրա տրիգերների ազդեցությունը նվազեցնելու համար դուք կարող եք ձեռնարկել հետևյալ քայլերը:
- Մի՛ ծխեք և թույլ մի՛ տվեք, որ ձեր ներկայությամբ կամ ձեր տանը ծխեն. եթե ծխող եք, առանց ձգձգելու ձերբազատվեք ծխախոտից։ Միայն այս քայլը առանձին վերցրած կարող է զգալիորեն կրճատել ձեր ասթմայի ախտանիշները։ Ծխախոտի ծուխը ոչ միայն գրգռում է շնչուղիները, այլև նվազեցնում ասթմայի բուժման մեջ օգտագործվող դեղերի արդյունավետությունը։ Եթե չեք կարողանում ինքնուրույն ձերբազատվել ծխախոտից, հարցրեք ձեր բժշկին արդյունավետ մոտեցումների մասին:
- Օգտագործեք բարձրորակ օդորակիչ. օդորակումը նվազեցնում է ծառերի, խոտերի և մոլախոտերի օդածին փոշու քանակը, որը հայտնվում է տան ներսում: Օդորակումը նաև նվազեցնում է օդի խոնավությունը և կարող է նվազեցնել փոշու տիզերի ազդեցությունը: Եթե օդորակիչ չունեք, աշխատեք փակ պահել պատուհանները ծաղկափոշու սեզոնի ընթացքում, ինչպես նաև քամոտ կամ փոշոտ օրերին:
- Փոշեզերծեք ձեր տան գույքը. նվազագույնի հասցրեք փոշին, որը կարող է վատթարացնել գիշերային ախտանշանները՝ փոխարինելով ձեր ննջասենյակի որոշ իրեր: Օրինակ՝ բարձերը, ներքնակները (ներքնակ) և անկողնային պարագաները պահպանեք փոշուց պաշտպանված ծածկոցներում: Խուսափեք բմբուլով կամ բրդով լցված բարձերից և վերմակներից: Հեռացրեք տան բոլոր գորգերը և տեղադրեք կոշտ փայտից կամ լինոլեումի հատակ: Օգտագործեք լվացվող վարագույրներ և շերտավարագույրներ: Հաճախակի փոշեծծեք տան փափուկ գույքը:
- Պահապանեք օպտիմալ խոնավություն. եթե ապրում եք խոնավ կլիմայական պայմաններում, զրուցեք ձեր բժշկի հետ օդը չորացնող սարքեր օգտագործելու մասին։
- Կանխարգելեք բորբոսասնկիկների սպորները. մաքրեք և չորացրեք խոնավ տարածքները լոգարանում, խոհանոցում և տան շրջակայքում, որ բորբոսի սպորներ չզարգանան: Ազատվեք բակում բորբոսնած տերևներից կամ խոնավ կամ փտած վառելափայտից։
- Նվազեցրեք տնային կենդանիների թեփը. եթե ալերգիկ եք թեփից, խուսափեք մորթուց կամ փետուրներով տնային կենդանիներից: Տնային կենդանիներին պարբերաբար լողացնելը կամ խնամված լինելը կարող է նաև նվազեցնել ձեր շրջապատում թեփի քանակը:
- Մաքուր պահեք ձեր տունը. մաքրեք ձեր տունը առնվազն շաբաթը մեկ անգամ, իսկ ննջարանը՝ ավելի հաճախակի: Եթե դուք, ամենայն հավանականությամբ, սենյակները մաքրելիս փոշի եք բարձրացնելու, կրեք դիմակ կամ խնդրեք մեկ ուրիշին մաքրել: Հաճախակի լվացեք ձեր անկողնային պարագաները:
- Ծածկեք ձեր քիթը և բերանը, եթե դրսում ցուրտ է. եթե ձեր ասթման վատթարանում է սառը կամ չոր օդից, դեմքի դիմակ կրելը կարող է օգնել:
Մնացեք առողջ
Ինքներդ ձեր մասին հոգ տանելը կարող է օգնել ձեր ախտանշանները վերահսկողության տակ պահելուն:
- Մնացեք ֆիզիկապես ակտիվ. ասթմա ունենալը չի նշանակում, որ դուք պետք է ավելի քիչ ակտիվ լինեք: Բուժումը կարող է կանխել ասթմայի նոպաները և վերահսկել ախտանիշները ֆիզիկական գործունեության ընթացքում: Կանոնավոր վարժանքները կարող են ամրացնել ձեր սիրտն ու թոքերը, ինչն օգնում է, որ թեթևացնեք ձեր ասթմայի ախտանիշները: Եթե վարժանքներ եք անում ցուրտ եղանակին, կրեք դեմքի դիմակ՝ ձեր շնչած օդը տաքացնելու համար:
- Պահպանեք առողջ քաշը. ավելորդ քաշը կարող է վատթարացնել ասթմայի ախտանիշները, և դա ձեզ դնում է առողջական այլ խնդիրների բարձր ռիսկի տակ:
- Վերահսկեք այրոցքը և գաստրո-էզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությունը (ԳԷՌՀ). հնարավոր է, որ թթվային ռեֆլյուքսը, որն առաջացնում է այրոցք, կարող է վնասել թոքերի շնչուղիները և վատթարացնել ասթմայի ախտանիշները: Եթե հաճախակի կամ մշտական այրոցք եք ունենում, խոսեք ձեր բժշկի հետ բուժման տարբերակների մասին: Ձեզ կարող է անհրաժեշտ լինել ԳԷՌՀ-ի բուժում՝ նախքան ասթմայի ախտանիշների բարելավումը:
Այլընտրանքային բժշկություն
Որոշ այլընտրանքային բուժումներ կարող են օգնել ասթմայի ախտանիշներին: Այնուամենայնիվ, հիշեք, որ այս բուժումները չեն փոխարինում դեղորայքային բուժմանը, հատկապես, եթե դուք ունեք ծանր ասթմա: Խոտաբույսեր կամ հավելումներ ընդունելուց առաջ խոսեք ձեր բժշկի հետ, քանի որ որոշները կարող են փոխազդել ձեր ընդունած դեղամիջոցների հետ:
Բազմաթիվ դեպքերում ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ՝ տեսնելու, թե որքան լավ են ազդում այլընտրանքային միջոցները և գնահատելու հնարավոր կողմնակի ազդեցությունների չափը: Ասթմայի այլընտրանքային բուժումը ներառում է հետևյալը:
- Շնչառական վարժանքներ. այս վարժանքները կարող են նվազեցնել դեղորայքի քանակը, որն անհրաժեշտ է ձեր ասթմայի ախտանիշները վերահսկողության տակ պահելու համար:
- Բուսական և բնական միջոցներ. մի քանի բուսական և բնական միջոցներ, որոնք կարող են օգնել բարելավել ասթմայի ախտանիշները, ներառում են սև սերմը (սոնիճի սերմեր, чернушка, чернуха), կոֆեինը, խոլինը և Պիկնոգենոլը:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-04-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024