Ասթմայի գանգատներն ու ախտանիշները գլխավորապես շնչառական բնույթի են։
Ասթմայի ախտանիշները տարբերվում են անձից անձից: Դուք կարող եք ունենալ ասթմայի ոչ հաճախակի նոպաներ, ախտանիշներ կարող են առաջանալ միայն որոշակի ժամանակներում, օրինակ՝ մարզվելիս, կամ ախտանիշները լինեն միշտ:
Ասթմայի գանգատներն ու ախտանիշները ներառում են՝
- շնչարգելություն և հևոց
- կրծքավանդակի սեղմում (կարծես ինչ-որ բանով փաթաթել են ձեր կրծքավանդակը, որը թույլ չի տալիս, որ ազատ շնչեք) կամ ցավ
- արտաշնչելիս խզզոցներ, որը երեխաների մոտ ասթմայի տարածված նշան է
- քնի հետ կապված խնդիրներ, որոնք առաջանում են շնչարգելության, հազի կամ խզզեցների պատճառով
- հազի կամ խզզոցների նոպաներ, որոնք վատթարանում են շնչառական վիրուսներով, ինչպիսիք են մրսածությունը կամ գրիպը:
Նշանները, որ ձեր ասթման հավանաբար վատթարանում է, ներառում են`
- ասթմայի գանգատներ և ախտանիշներ, որոնք ավելի հաճախակի են և ավելի անհանգստացնող
- աճող դժվարաշնչություն, որը չափվում է սարքի միջոցով, որն օգտագործվում է ստուգելու, թե որքան լավ են գործում ձեր թոքերը (պիկ հոսքաչափ)
- արագ թեթևացնող (ազդող) ինհալատորի ավելի հաճախակի օգտագործման կարիք:
Որոշ մարդկանց մոտ ասթմայի գանգատներն ու ախտանիշները սրանում են որոշակի իրավիճակներում:
- Վարժանքով պայմանավորված ասթմա, որը կարող է ավելի վատանալ, երբ օդը սառն է և չոր:
- Մասնագիտական ասթմա, որն առաջանում է աշխատավայրի գրգռիչներից, ինչպիսիք են քիմիական գոլորշիները, գազերը կամ փոշին:
- Ալերգիկ ասթմա, որն հրահրվում է օդածին նյութերից, ինչպիսիք են ծաղկափոշին, բորբոսի սպորները, ուտիճների արտաթորանքները կամ տնային կենդանիների մաշկի և չորացած թքի մասնիկները (տնային կենդանիների թեփ):
Ե՞րբ դիմել բժշկին
Դիմեք անհետաձգելի բուժօգնության
Ասթմայի ծանր նոպաները կարող են կյանքին վտանգ ներկայացնել: Աշխատեք ձեր բժշկի հետ՝ որոշելու, թե ինչ անել, երբ ձեր գանգատներն ու ախտանշանները վատթարանում են, և երբ շտապ բուժօգնության կարիք ունեք: Անհետաձգելի բուժօգնություն պահանջող ասթմայի նշանները ներառում են՝
- շնչարգելության (հևոցի) կամ խզզոցների արագ վատթարացում
- ոչ մի բարելավում նույնիսկ արագ թեթևացնող (ազդող) ինհալատոր օգտագործելուց հետո
- շնչարգելություն (հևոց), երբ դուք նվազագույն ֆիզիկական ակտիվություն եք ցուցաբերում:
Կապ հաստատեք ձեր բժշկի հետ
Արտահերթ այցելեք ձեր բժշկին հետևյալ դեպքերում:
- Եթե կարծում եք, որ ասթմա ունեք. եթե ունեք հաճախակի հազ կամ խզզոցներ, որոնք տևում են ավելի քան մի քանի օր կամ ասթմայի այլ գանգատներ կամ ախտանիշներ, դիմեք ձեր բժշկին: Ասթմայի վաղ բուժումը կարող է կանխել թոքերի երկարատև վնասը և թույլ չտալ, որ ժամանակի ընթացքում վիճակը վատթարանա:
- Ախտորոշումից հետո ձեր ասթման վերահսկելու համար. եթե գիտեք, որ ունեք ասթմա, աշխատեք ձեր բժշկի հետ՝ այն վերահսկողության տակ պահելու համար: Պատշաճ երկարաժամկետ վերահսկողությունը օգնում է ձեզ օրեցօր ավելի լավ զգալ և կարող է կանխել կյանքին սպառնացող ասթմայի նոպան:
- Եթե ձեր ասթմայի ախտանիշները վատթարանում են. անմիջապես դիմեք ձեր բժշկին, եթե կարծում եք, որ ձեր դեղորայքը չի թեթևացնում ձեր ախտանիշները կամ եթե դուք ստիպված եք ավելի հաճախ օգտագործել ձեր արագ ազդող ինհալատորը: Մի՛ ընդունեք ավելի շատ դեղորայք, քան նախատեսված է առանց նախապես ձեր բժշկի հետ խորհրդակցելու: Ասթմայի դեղամիջոցների չափից ավելի օգտագործումը կարող է առաջացնել կողմնակի ազդեցություններ և կարող է վատթարացնել ձեր ասթման:
- Ձեր բուժումը վերանայելու համար. ասթման հաճախ փոխվում է ժամանակի ընթացքում: Պարբերաբար հանդիպեք ձեր բժշկին՝ ձեր ախտանիշները քննարկելու և բուժման ցանկացած անհրաժեշտ փոփոխություն կատարելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024