Կանխարգելումը և երկարաժամկետ վերահսկումը առանցքային են ասթմայի նոպաները դադարեցնելու համար՝ նախքան դրանց սկսվելը:
Բուժումը սովորաբար ներառում է սովորել, թե ինչպես ճանաչել ձեր հրահրիչները (տրիգերներ), քայլեր ձեռնարկել՝ խուսափելու հրահրիչ գործոններից և հետևել ձեր շնչառությունը, որ համոզվեք, որ ձեր դեղերը վերահսկում են ախտանիշները: Ասթմայի սրացման դեպքում ձեզ կարող է անհրաժեշտ լինել արագ հանգստացնող ինհալատոր օգտագործել:
Դեղորայքային բուժում
Ձեզ համար ճիշտ դեղամիջոցները կախված են մի շարք գործոններից՝ ձեր տարիքից, ախտանիշներից, ասթմայի հրահրիչ գործոններից և այն ամենից, թե ինչն է լավագույնս ազդում՝ ձեր ասթման վերահսկողության տակ պահելու համար:
Կանխարգելիչ (պրեվենտիվ), երկարաժամկետ հսկողության դեղամիջոցները նվազեցնում են ձեր շնչուղիների այտուցը (բորբոքումը), որը հանգեցնում է ախտանիշների: Արագ ազդող ինհալատորները (բրոնխոդիլատորներ) արագորեն բացում են այտուցված շնչուղիները, որոնք սահմանափակում են շնչառությունը: Որոշ դեպքերում անհրաժեշտ են ալերգիայի դեմ դեղամիջոցներ։
Ասթմայի վերահսկման երկարաժամկետ դեղամիջոցները, որոնք սովորաբար ընդունվում են ամեն օր, ասթմայի բուժման հիմնաքարն են: Այս դեղերը ամեն օր պահում են ասթման հսկողության տակ և նվազեցնում են ասթմայի նոպա ունենալու հավանականությունը: Երկարատև հսկողության դեղերի տեսակները ներառում են՝
- ինհալացիոն կորտիկոստերոիդներ
- լեյկոտրիենի ձևափոխիչներ
- համակցված ինհալյատորներ
- Թեոֆիլին:
Արագ օգնող (ազդող) դեղամիջոցներն օգտագործվում են ըստ անհրաժեշտության՝ ասթմայի նոպաների ժամանակ ախտանիշների արագ, կարճաժամկետ թեթևացման համար: Դրանք կարող են օգտագործվել նաև ֆիզիկական վարժանքներից առաջ, եթե ձեր բժիշկը դա խորհուրդ է տալիս: Արագ օգնության դեղերի տեսակները ներառում են՝
- կարճատև ազդեցության բետա-ագոնիստներ
- հակախոլիներգիկ միջոցներ
- բերանային (օրալ) և ներարկային կորտիկոստերոիդներ:
Հակաալեգիկ դեղերը կարող են օգնել, եթե ասթման հրահրվում կամ վատթարանում է ալերգիայի պատճառով: Դրանցից են՝
- իմունաբուժման դեղեր
- կենսաբանական դեղեր:
Բրոնխիալ թերմոպլաստիկա
Այս բուժումն օգտագործվում է ծանր ասթմայի դեպքում, որը չի բարելավվում ինհալացիոն կորտիկոստերոիդներով կամ ասթմայի այլ երկարաժամկետ դեղամիջոցներով: Այն լայնորեն հասանելի չէ և ոչ բոլորի համար ճիշտ է:
Բրոնխիալ թերմոպլաստիկայի ժամանակ բժիշկը էլեկտրոդով տաքացնում է թոքերի շնչուղիների՝ բրոնխնտերի ներսը: Ջերմությունը նվազեցնում է բրոնխների ներսում հարթ մկանները, որի հետևանքով սահմանափակվում է շնչուղիների կծկվելու ունակությունը՝ հեշտացնելով շնչառությունը և, հնարավոր է, նվազեցնելով ասթմայի նոպաները: Թերապիան սովորաբար կատարվում է երեք ամբուլատոր այցի ընթացքում:
Քայլ առ քայլ մոտեցում
Ավելի լավ վերահսկման համար ձեր բուժումը պետք է լինի ըստ ծանրության աստիճանի: Սա նշանակում է, որ Ձեր բուժումը պետք է լինի ճկուն և հիմնված լինի ձեր ախտանիշների փոփոխության վրա: Ձեր բժիշկը պետք է հարցնի ձեր ախտանիշների մասին ձեր յուրաքանչյուր այցելության ժամանակ, և, ելնելով ձեր գանգատներից և ախտանիշներից՝ նա կարող է համապատասխանաբար հարմարեցնել ձեր բուժումը:
Օրինակ, եթե ձեր ասթման լավ վերահսկվում է, ձեր բժիշկը կարող է ավելի քիչ դեղորայք նշանակել: Եթե ձեր ասթման լավ չի վերահսկվում կամ վատթարանում է, նա կարող է ավելացնել ձեր դեղորայքը և խորհուրդ տալ, որ ավելի հաճախ այցելեք:
Ասթմայի գործողությունների ծրագիր
Աշխատեք ձեր բժշկի հետ՝ ասթմայի գործողությունների ծրագիր կազմելու համար, որը գրավոր թվարկում է, թե երբ պետք է ընդունել որոշակի դեղամիջոցներ կամ երբ պետք է ավելացնել կամ նվազեցնել ձեր դեղերի դեղաչափերը՝ ելնելով ձեր ախտանիշներից: Ներառեք նաև ձեր հրահրիչների (տրիգերների) ցանկը և այն քայլերը, որոնք դուք պետք է ձեռնարկեք դրանցից խուսափելու համար:
Ձեր բժիշկը կարող է նաև խորհուրդ տալ հետևել ձեր ասթմայի ախտանիշներին կամ կանոնավոր կերպով օգտագործել պիկային հոսքաչափ՝ մշտադիտարկելու, թե ձեր բուժումը որքանով է վերահսկում ձեր ասթման:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024