Գրադարան
Աթերոսկլերոզ․ բարդություններ

2 րոպե
Աթերոսկլերոզի բարդությունները կախված են այն հանգամանքից, թե որ զարկերակներն են նեղացել կամ խցանվել:
Ահա աթերոսկլերոզի բարդությունների ոչ լրիվ շարքը:
- Սրտի իշեմիկ հիվանդություն (ՍԻՀ). երբ աթերոսկլերոզը նեղացնում է սրտին մոտ գտնվող (սիրտը սնուցող) զարկերակները, կարող է զարգանալ ՍԻՀ (պսակային զարկերակային հիվանդություն): Արդյունքում, կարող է զարգանալ կրծքահեղձուկ (ստենոկարդիա), սրտամկանի ինֆարկտ կամ սրտային անբավարարություն:
- Քնային զարկերակի հիվանդություն (ՔԶՀ). երբ աթերոսկլերոզը նեղացնում է գլխուղեղին մոտ գտնվող (ուղեղը սնուցող) զարկերակները, կարող է զարգանալ ՔԶՀ: Արդյունքում, կարող է զարգանալ տրանզիտոր իշեմիկ գրոհ կամ իշեմիկ ինսուլտ:
- Ծայրամասային զարկերակների հիվանդություն (ԾԶՀ). երբ աթերոսկլերոզը նեղացնում է ոտքերի կամ ձեռքերի զարկերակները, կարող է զարգանալ վերջույթների արյան հոսքի խնդիրներ, որը կոչվում է ԾԶՀ: Սա կարող է առաջացնել տաքի և սառի նկատմամբ զգայունության թուլացման, հետևաբար՝ այրվածքների կամ ցրտահարման ռիսկի բարձրացման: Խիստ հազվադեպ վերջույթների արյան հոսքի կտրուկ կրճատումը կարող է հանգեցնել հյուսվածքների մեռուկացման (գանգրենա):
- Անևրիզմաներ. աթերոսկլերոզը նաև կարող է հանգեցնել անևրիզմայի՝ զարկերակի պարկանման արտափքման: Սա ծանր բարդություն, որը կարող է առաջանալ օրգանիզմի ցանկացած շրջանում: Առավել հայտնի է ուղեղային զարկերակների անևրիզման, որը կարող է դառնալ կյանքին սպառնացող հեմոռագիկ (արյունահոսող) ինսուլտի պատճառ: Անևրիզմա ունեցող մարդկանց մեծամասնությունը որևէ գանգատ չի նշում և ախտորոշվում է պատահականորեն՝ այլ հիվանդության ախտորոշման ընթացքում: Անևրիզմայի շրջանում ցավը և պուլսացիան կարող է վկայել անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակի մասին: Երբ անևրիզման պատռվում է, կարող է զարգանալ կյանքին սպառնացող ներքին արյունահոսություն:
- Քրոնիկ երիկամային հիվանդություն (ՔԵՀ). աթերոսկլերոզը կարող է նեղացնել երիկամները սնուցող զարկերակները, որի պատճառով խաթարվում է թթվածնով հարուստ արյան մուտքն այս օրգաններ, մինչդեռ երիկամները պահանջում են բավարար արյուն, որ արյունը զտեն և մեզով հեռացնեն նյութափոխանակության արգասիքները: Ժամանակի ընթացքում երիկամներում զարգանում են անդառնալի փոփոխություններ, որոնք ի վերջո հանգեցնում են երիկամների գործունեության կայուն ընկճման և քրոնիկ անբավարարության:
Հոդվածը տեղադրվել է՝ 20-04-2019 վերանայվել է՝ 10-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: