Բժիշկը կզննի ձեզ և ձեր անձնական և ընտանեկան առողջության պատմության հետ կապված հարցեր կտա:
Զննելիս բժիշկը կփորձի գտնել նեղացած, լայնացած կամ պնդացած զարկերակներին բնորոշ նշաններ, օրինակ՝ նեղացած զարկերակից ներքև ընկած շրջանում թուլացած կամ չշոշափվող անոթազարկ (պուլս), ախտահարված վերջույթի վրա արյան ճնշման նվազում կամ ախտահարված զարկերակը սթետոսկոպով լսելիս արտասովոր աղմուկներ:
Ձեզ կարող են ուղեգրել սրտային հիվանդությունների ոլորտի բժիշկ-մասնագետի` սրտաբանի խորհրդատվության:
Կախված բժշկական զննման արդյունքներից, բժիշկը կարող է առաջարկել մեկ կամ մի քանի թեստեր:
- Արյան թեստեր. արյան թեստերը սովորաբար նշանակվում են արյան շաքարի և խոլեստերինի մակարդակները ստուգելու համար: Դրանց բարձր մակարդակները կարող են վկայել աթերոսկլերոզի բարձր ռիսկի մասին: C-ռեակտիվ սպիտակուցի թեստը (CRP) նույնպես կարող է նշանակվել՝ ստուգելու զարկերակների բորբոքման հետ կապված սպիտակուցը:
- Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ). սա արագ և անցավ թեստ է, որը չափում է սրտի էլեկտրական ակտիվությունը: ԷՍԳ-ն կարող է օգնել հայտնաբերելու սրտամկանի արյան հոսքի թուլացումը: Որոշ դեպքերում բժիշկը կարող է առաջարկել, որ ձեր ԷՍԳ-ն կատարվի տրեդմիլ-հետազոտության ժամանակ (կոչվում է նաև «սթրես-ԷՍԳ»):
- Սթրես-թեստ. եթե ձեր գանգատները սովորաբար զարգանում են ֆիզիկական գործ անելիս, բժիշկը հավանաբար կառաջարկի այս թեստը: Սթրես-թեստը թույլ է տալիս գնահատել, թե ինչպես է ձեր սիրտն աշխատում ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում, ինչը թույլ է տալիս հայտնաբերել սրտամկանի «թաքնված» իշեմիան: Սթրես-թեստի ժամանակ սրտի աշխատանքը գնահատվում է ԷՍԳ-ով կամ էխոսրտագրությամբ:
- Էխոսրտագրություն. սա օգտագործում է գերձայն, որ ռեալ ժամանակի մեջ պատկերվի արյան հոսքը սրտի խոռոչներով: Երբեմն էխոսրտագրությունն անցկացվում է սթրես-թեստի ընթացքում:
- Դոպլեր գերձայն. դոպլեր (դուպլեքս) սոնոգրաֆիան թույլ է տալիս տարբեր կետերում չափել արյան ճնշումը ձեռքերի կամ ոտքերի երկայնքով: Այս չափումները կարող են ներկայացնել զարկերակներով արյան հոսքի արագությունը, իսկ եթե կան հոսքի խոչընդոտներ՝ դրանց տեղակայումը և բնույթը:
- Կոճ-բազկային գործակից (ԿԲԳ). այս թեստը համեմատում է արյան ճնշումը ձեր ձեռքերում (բազուկ) և ոտքերում (սրունքի վերկոճային շրջան): Թեստը նշանակվում է՝ ստուգելու վերջույթների զարկերակներում աթերոսկլերոզի առկայությունը: Ձեռքերի և ոտքերի ճնշումների միջև տարբերության հայտնաբերումը կարող է վկայել ծայրամասային զարկերակների հիվանդության առկայության մասին, որը սովորաբար ունի աթերոսկլերոզային ծագում:
- Սրտի կաթետերիզացիա և անգիոգրաֆիա. այս հետազոտությունը կարող է հաստատել, թե արդյոք ձեր սրտի պսակային զարկերակները նեղացած կամ խցանված են: Հետազոտության ընթացքում երկար, բարակ և ճկուն խողովակը (կաթետեր) ձեր ոտքի կամ մեկ այլ զարկերակից ներմուծում-հասցնում են մինչև սրտի զարկերակներ, որից հետո նույն կաթետերով ներարկում են կոնտրաստային նյութ և ռենտգեն պատկերման միջոցով դիտում և գնահատում են պսակային զարկերակների վիճակը:
- Պսակային կալցիում սքանավորում. սա նաև կոչվում է սրտի սքանավորում և օգտագործում է համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ): Հետազոտությունը կարող է հայտնաբերել զարկերակների պատի կալցիումական կուտակումները, որը բարձրացնում է սրտային հիվանդության ռիսկը:
- Այլ պատկերային հետազոտություններ. մագնիսա-ռեզոնանսային անգիոգրաֆիան (ՄՌՏ-անգիոգրաֆիա) կամ պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիան (ՊԷՏ) նույնպես կարող են օգտագործվել՝ հետազոտելու անոթները: Դրանք կարող են հայտնաբերել խոշոր անթների պնդացումը և նեղացումը, ինչպես նաև անևրիզմաները:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-04-2019
Վերջին վերանայում՝ 02-06-2024