Թեթև աթերոսկլերոզը սովորաբար որևէ ախտանիշ չունի:
Աթերոսկլերոզի ախտանիշները սովորաբար չեն դրսևորվում, քանի դեռ զարկերակը խիստ նեղացած կամ խցանված չէ և չի կարող օրգաններին և հյուսվածքներին մատակարարել բարարար արյուն: Երբեմն արյան մակարդուկն ամբողջապես շրջափակում է արյան հոսքը: Մակարդուկը կարող է պատռվել և բերել սրտամկանի ինֆարկտի (եթե խցանվել են սրտի պսակային զարկերակները) կամ ինսուլտի (եթե խցանվել են քնային կամ ներուղեղային զարկերակները):
Չափավորից մինչև ծանր աթերոսկլերոզի ախտանիշները կախված են այն բանից, թե որ զարկերակներն են ախտահարվել:
- Եթե ունեք սրտի զարկերակների աթերոսկլերոզ, ձեզ մոտ կարող է առաջանալ ետկրծոսկային ցավ կամ ճնշման-սեղմման զգացում (կրծքահեղձուկ):
- Եթե ունեք գլխուղեղը սնուցող զարկերակների աթերոսկլերոզ, ձեզ մոտ կարող են զարգանալ ձեռքերի կամ ոտքերի հանկարծակի թմրածություն կամ թուլություն, խոսքի խանգարում կամ աղավաղված խոսք, մի աչքում տեսողության ժամանակավոր կորուստ կամ դեմքի մկանների կախվածություն: Դրանք ազդարարում են տրանզիտոր իշեմիկ գրոհի մասին, որը չբուժվելու դեպքում կարող է բերել ինսուլտի:
- Եթե ունեք ձեռքերի և ոտքերի զարկերակների աթերոսկլերոզ, ձեզ մոտ կարող են զարգանալ ծայրամասային զարկերակի հիվանդության ախտանիշներ, օրինակ՝ «ընդմիջվող կաղություն» (քայլելիս ոտքերի ցավ) կամ ախտահարված վերջույթում արյան ճնշման նվազում:
- Եթե ունեք երիկամները սնուցող զարկերակների աթերոսկլերոզ, ձեզ մոտ կարող են զարգանալ բարձր արյան ճնշում (հիպերտենզիա) կամ երիկամային անբավարարություն:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե կարծում եք, որ ունեք աթերոսկլերոզ, զրուցեք ձեր բժշկի հետ: Նաև ուշադրություն դարձրեք արյան հոսքի քչացմամբ պայմանավորված վաղ ախտանիշներին, ինչպիսիք են կրծքավանդակային ցավը (կրծքահեղձուկ), ոտքերի ցավը կամ թմրածությունը:
Վաղ ախտորոշումը և բուժումը կարող են արգելակել աթերոսկլերոզի վատթարացումը և կանխարգելել սրտամկանի ինֆարկտը, ինսուլտը կամ անհետաձգելի բուժօգնություն պահանջող այլ խնդիրները:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-04-2019
Վերջին վերանայում՝ 04-04-2024