Բակտերիալ վագինոզը բուժելու համար ձեր բժիշկը կարող է նշանակել հետևյալ դեղամիջոցներից մեկնումեկը:
- Մետրոնիդազոլ (Ֆլագիլ, Մետրոգել-վագինալ և այլն). այս դեղը կարող է ընդունվել որպես հաբ (բերանով): Մետրոնիդազոլը հասանելի է նաև որպես տեղային գել, որը ներմուծում եք ձեր հեշտոցի մեջ: Ստամոքսի խանգարման, որովայնի ցավի կամ սրտխառնոցի ռիսկը նվազեցնելու համար այս դեղամիջոցն օգտագործելիս խուսափեք ալկոհոլից բուժման ընթացքում և բուժումն ավարտելուց հետո առնվազն մեկ օր: Ստուգեք ձեր գնած դեղաձևի ցուցումները:
- Կլինդամիցին (Կելոցին, Կլինդեսե և այլն). այս դեղը հասանելի է որպես նրբաքսուք (կրեմ), որը ներմուծում եք ձեր հեշտոցի մեջ: Կլինդամիցին նրբաքսուքը կարող է թուլացնել լատեքսային պահպանակները բուժման ընթացքում և նրբաքսուքի օգտագործումը դադարեցնելուց առնվազն երեք օր հետո:
- Տինիդազոլ (Տինդիմաքս). այս դեղը ընդունվում է բերանով: Տինիդազոլն ունի ստամոքսի խանգարման և սրտխառնոցի նույն հնարավորություն, ինչ որ բերանով ընդունվող Մետրոնիդազոլը, այնպես որ բուժման ընթացքում և բուժման ավարտից հետո առնվազն երեք օր խուսափեք ալկոհոլից:
- Սեկնիդազոլ (Սոլոսեկ). սա հակաբիոտիկ է, որը ընդունում եք բերանով՝ մեկ դեղաչափ: Դեղորայքը արտադրվում է որպես հատիկների փաթեթ, որը շաղ եք տալիս փափուկ սննդի վրա, օրինակ՝ խնձորի պյուրե, պուդինգ կամ յոգուրտ (մածուն): Խառնուրդն ուտում եք 30 րոպեի ընթացքում՝ զգույշ լինելով, որ հատիկները չկտրտեք կամ ծամեք:
Սովորաբար անհրաժեշտ չէ բուժել վարակված կնոջ տղամարդ սեռական զուգընկերոջը, սակայն բակտերիալ վագինոզը կարող է տարածվել կին սեռական զուգընկերների միջև: Իգական զուգընկերները պետք է հետազոտվեն և կարող են բուժման կարիք ունենալ: Հատկապես կարևոր է ախտանիշ ունեցող հղիների բուժումը՝ նվազեցնելու վաղաժամ ծննդաբերության կամ նորածնի ցածր քաշը վտանգը:
Ընդունեք ձեր դեղը կամ օգտագործեք քսուքը կամ գելը այնքան ժամանակ, որքան նշանակել է ձեր բժիշկը, նույնիսկ եթե ձեր ախտանիշները անհետանան: Բուժման վաղաժամկետ դադարեցումը կարող է մեծացնել կրկնության վտանգը:
Վարակի կրկնություն
Բակտերիալ վագինոզը հաճախ է կրկնվում երեքից 12 ամսվա ընթացքում՝ չնայած բուժմանը: Հետազոտողները ուսումնասիրում են կրկնվող բակտերիալ վագինոզի բուժումը: Եթե ձեր ախտանիշները կրկնվում են բուժումից անմիջապես հետո, խոսեք ձեր բժշկի հետ բուժման մասին: Տարբերակներից մեկը կարող է լինել Մետրոնիդազոլի երկարատև օգտագործման բուժումը:
Որպես ինքնօգնություն կարող եք դիմել լակտոբացիլային գաղութային բուժմանը, որի նպատակը հեշտոցի «լավ» բակտերիաների աճի խթանումն է և հավասարակշռված ֆլորայի վերականգնումը: Նման բուժման տարբերակներից է յոգուրտի որոշ տեսակների կամ լակտոբացիլ պարունակող իմթերքների օգտագործումը: Որոշակի օգուտ կարող է տալ նաև պրոբիոտիկներով բուժումը (հատկապես տեղային օգտագործման), որը սակայն ունի լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-05-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024