Skip to main content

Բրուցելոզի բուժումը նպատակ ունի մեղմել ախտանիշները, կանխել հիվանդության կրկնությունը և խուսափել բարդություններից:

Դուք պետք է հակաբիոտիկներ ընդունեք առնվազն վեց շաբաթ, և ձեր ախտանիշները կարող են ամբողջությամբ չանհետանալ մի քանի ամիս: Հիվանդությունը կարող է նաև վերադառնալ և դառնալ քրոնիկ։

Դեղորայքային բուժում

Հակաբիոտիկներ

Բրուցելոզի բուժման համար արդյունավետ են միայն սահմանափակ թվով հակաբիոտիկներ: Ըստ կլինիկական ակտիվության և հիվանդության վերսկսումը կամ սրացումը կանխարգելող ազդեցության, բրուցելոզի բուժման մեջ օգտագործվող հակաբիոտիկներն ըստ առավելագույնից մինչև ամենանվազ արդյունավետներն են՝

  • Դոքսիցիկլին
  • Գենտամիցին
  • Ստրեպտոմիցին
  • Ռիֆամպին (Ռիֆամպիցին)
  • Տրիմեթոպրիմ-սուլֆամեթոքսազոլ:

Բրուցելոզի բուժման լավագույն հակաբիոտիկային բուժումը որոշակի չափով հետազոտված է, սակայն խորհուրդ տրվող ռեժիմները կարող են տարբերվել:

Սովորական վարակների ժամանակ Դոքսիցիկլինը (100 մգ խմելու ձևով օրական երկու անգամ, 6 շաբաթվա ընթացքում) կարող է դառնալ ամենահարմար միայն մեկ դեղով բուժումը (մոնոթերապիա): Սակայն մոնոթերապիայի դեպքում հիվանդության սրացման հավանականությունը կարող է հասնել 40%-ի, ուստի, որպես կանոն, այս բուժմանն ավելացվում է Ռիֆամպին (600-900 մգ/օր): Ֆտորխինոլները (օրինակ՝ Ցիպրոֆլոքսացին) կարող են ավելացվել Դոքսիցիկլինին, եթե առկա է Ռիֆամպինի նկատմամբ բարձր կայունություն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս 8 տարեկանից սկսած մինչև չափահասների մոտ սուր բրուցելոզի բուժման հետևյալ երեք սխեմաները՝

  • Դոքսիցիկլին 100 մգ խմելու ձևով օրական երկու անգամ և Ռիֆամպին 600-900 մգ/օր խմելու ձևով, երկու դեղերն էլ 6 շաբաթվա ընթացքում. այս ռեժիմն ամենահարմարն է, սակայն հնարավոր է, որ բարձրացնում է հիվանդության վերսկսման (սրացման) ռիսկը:
  • Դոքսիցիկլին 100 մգ խմելու ձևով օրական երկու անգամ՝ 6 շաբաթվա ընթացքում և Ստրեպտոմիցին՝ 1 գ/օր միջմկանային՝ 2-3 շաբաթվա ընթացքում. այս ռեժիմն ըստ ընդունված կարծիքի և 2012թ. կոկրենյան հետազոտության տվյալների ավելի արդյունավետ է քան առաջին տարբերակը, հատկապես հիվանդության վերսկսումը (սրացումը) կանխարգելելու առումով: Եթե Ստերպտոմիցինի նշանակումը ցանկալի կամ հնարավոր չէ, որպես այլընտրանք կարելի է փոխարինել 7 օրվա ընթացքում Գենտամիցինի 5 մգ/կգ դեղաչափով օրական մեկ անգամ միջմկանային ներարկմամբ:
  • Ցիպրոֆլոքսացին-հիմնված ռեժիմները ցուցաբերում են Դոքսիցիկլին-հիմնված ռեժիմներին հավասարազոր արդյունավետություն:

Մինչև 8 տարեկան երեխաների համար Ռիֆամպինի և Տրիմեթոպրիմ-սուլֆամեթոքսազոլի 6-շաբաթյա զուգակցված նշանակումը համարվում է ընտրության բուժում: Հիվանդության վերսկսման (սրացման) հավանականությունն այս ռեժիմով շուրջ 5% կամ ավելի ցածր է:

Հղիների մոտ բրուցելոզի բուժումը դժվարին խնդիր է, իսկ առկա տվյալները՝ սահմանափակ: Նման իրավիճակում խորհուրդ է տրվում նշանակել Ռիֆամպին՝ որպես մոնոթերապիա կամ Տրիմեթոպրիմ-սուլֆամեթոքսազոլի հետ զուգակցված: Սակայն պետք է հաշվի առնել, որ վերջին դեղը կարող է հղիության վերջին շաբաթներին առաջացնել կերնիկտերուս:

Նեյրոբրուցելոզի՝ բրուցելոզի կենտրոնական նյարդային համակարգի վրա թողած բարդության բուժման համար հաջողությամբ կիրառվում է երեք հակամանրէային դեղերով համալիր բուժում (Դոքսիցիկլին, Ռիֆամպին և Կոտրիմոքսազոլ): Դոքսիցիկլինը կարող է անցնել արյուն-գլխուղեղ պատնեշով, սակայն մյուս երկու դեղերը նշանակվում են հիվանդության սրացումը կանխարգելելու համար:

Կորտիկոստերոիդներ և այլ դեղեր

Կորտիկոստերոիդներ կարող են նշանակվել, եթե առկա է բրուցելոզային մենինգիտ: Բրուցելոզի ժամանակ այլ խմբի դեղեր կարող են նշանակվել խիստ անհանգստացնող գանգատների դեպքում: Այս նպատակով, օրինակ, կարող են նշանակվել ցավազրկող կամ ջերմիջեցնող դեղեր:

Սննդակարգ և ակտիվություն

Բրուցելոզի բուժման ընթացքում որևէ առանձնահատուկ սննդակարգ խորհուրդ չի տրվում: Հիվանդության սուր փուլում անկողնային ռեժիմը և տեղաշարժման ժամանակավոր սահմանափակումները կարող են օգնել ախտանիշների մեղմացմանը և բուժման արդյունքների կայունացմանը:

Հոդվածը հրապարակվել է՝ 09-04-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024