Քաղցկեղը և դրա բուժումը կարող են առաջացնել մի շարք բարդություններ:
- Ցավ. ցավը կարող է առաջանալ քաղցկեղի կամ քաղցկեղի բուժման արդյունքում, թեև ոչ բոլոր քաղցկեղներն են ցավոտ: Դեղորայքը և այլ մոտեցումները կարող են արդյունավետ կերպով բուժել քաղցկեղի հետ կապված ցավը:
- Հոգնածություն. քաղցկեղով հիվանդ մարդկանց հոգնածությունն ունի բազմաթիվ պատճառներ, սակայն այն հաճախ կարելի է կառավարել: Քիմիոթերապիայի կամ ճառագայթային բուժման հետ կապված հոգնածությունը տարածված է, բայց դա սովորաբար ժամանակավոր է:
- Դժվարացած շնչառություն կամ հևոց.քաղցկեղի, այդ թվում՝ ոչ թոքային տեղակայման կամ քաղցկեղի բուժումը կարող է առաջացնել օդի պակասի զգացում և հևոց: Բուժումը կարող է թեթևացում բերել:
- Սրտխառնոց. քաղցկեղի որոշ տեսակներ և քաղցկեղի բուժումը կարող են առաջացնել սրտխառնոց: Ձեր բժիշկը երբեմն կարող է կանխատեսել, թե արդյոք ձեր բուժումը կարող է սրտխառնոց առաջացնել: Դեղորայքը և բուժման այլ միջոցները կարող են օգնել ձեզ, որ կանխեք կամ նվազեցնեք սրտխառնոցը:
- Փորլուծություն կամ փորկապություն. քաղցկեղը և քաղցկեղի բուժումը կարող են ազդել ձեր աղիների վրա և առաջացնել փորլուծություն կամ փորկապություն:
- Քաշի կորուստ (նիհարում կամ հյուծում). քաղցկեղը և քաղցկեղի բուժումը կարող են հանգեցնել քաշի կորստի: Քաղցկեղը նորմալ բջիջներից սնունդ է <գողանում» և զրկում նրանց սննդանյութերից: Սա հաճախ կապված չէ այն բանից, թե քանի կալորիա կամ ինչ տեսակի սնունդ եք ընդունում և դժվար է բուժվում: Շատ դեպքերում, ստամոքսային զոնդով կամ երակով արհեստական սնուցման օգտագործումը չեն օգնում քաշի կորստի մեղմացմանը:
- Օրգանիզմում քիմիական փոփոխություններ. քաղցկեղը կարող է խախտել ձեր օրգանիզմի բնականոն քիմիական հավասարակշռությունը և մեծացնել լուրջ բարդությունների ռիսկը: Քիմիական անհավասարակշռության նշաններն ու ախտանիշները կարող են ներառել ուժեղացած ծարավը, հաճախակի միզելը, փորկապությունը և շփոթվածությունը:
- Գլխուղեղի և նյարդային համակարգի խնդիրներ. քաղցկեղը կարող է ճնշում գործադրել մոտակա նյարդերի վրա և առաջացնել ցավ և մարմնի մի մասի գործունեության կորուստ: Գլխուղեղը ներառող քաղցկեղը կարող է առաջացնել գլխացավեր և ինսուլտի նման գանգատներ և ախտանիշներ, ինչպիսին է ձեր մարմնի մի կողմում թուլությունը:
- Քաղցկեղի նկատմամբ իմունային համակարգի անսովոր ռեակցիաներ. որոշ դեպքերում օրգանիզմի իմունային համակարգը կարող է արձագանքել քաղցկեղի առկայությանը` հարձակվելով առողջ բջիջների վրա: Սրանք շատ հազվադեպ հանդիպող ռեակցիաներ են, որոնք կոչվում են պարանեոպլաստիկ համախտանիշներ և կարող են հանգեցնել տարբեր գանգատների և ախտանիշների, ինչպիսիք են՝ դժվարությամբ քայլելը և ցնցումները:
- Քաղցկեղ, որը տարածվում է. զարգացող քաղցկեղը կարող է տարածվել (մետաստազներ առաջացնել) մարմնի այլ մասերում: Քաղցկեղի տարածման վայրը կախված է քաղցկեղի տեսակից:
- Քաղցկեղ, որը վերադառնում է. նույնիսկ բուժվելուց հետո քաղցկեղի կրկնության վտանգ կա: Որոշ քաղցկեղներ ավելի հավանական է, որ կրկնվեն, քան մյուսները: Հարցրեք ձեր բժշկին, թե ինչ կարող եք անել՝ նվազեցնելու քաղցկեղի կրկնության ռիսկը: Բուժումից հետո ձեր բժիշկը կարող է ձեզ համար մշակել հետագա բուժման և խնամքի ծրագիր: Այս ծրագիրը կարող է ներառել ձեր բուժումից հետո ամիսների և տարիների ընթացքում պարբերական պատկերային և այլ հետազոտություններ՝ քաղցկեղի կրկնության հայտնաբերման նպատակով:
Հոդվածը հրապարակվել է՝ 31-05-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024