Կան քաղցկեղի բազմաթիվ բուժումներ, որոնք տարիների ընթացքում ավելի ու ավելի են կատարելագործվում:
Ձեր բուժման տարբերակները կախված կլինեն մի քանի գործոններից, ինչպիսիք են ձեր քաղցկեղի տեսակը և փուլը, ձեր ընդհանուր առողջական վիճակը և ձեր նախասիրությունները: Դուք և ձեր բժիշկը միասին կարող եք գնահատել քաղցկեղի յուրաքանչյուր բուժման օգուտներն ու ռիսկերը՝ որոշելու, թե որն է լավագույնը ձեզ համար:
Քաղցկեղի բուժման նպատակները
Քաղցկեղի բուժումներն ունեն տարբեր նպատակներ:
- Առողջացում. բուժման նպատակն է հասնել ձեր քաղցկեղի բուժմանը, որը թույլ կտա ձեզ ապրել նորմալ կյանքով: Դա կարող է հնարավոր լինել կամ հնարավոր չլինել՝ կախված ձեր կոնկրետ իրավիճակից:
- Առաջնային բուժում. առաջնային բուժման նպատակն է ամբողջությամբ հեռացնել քաղցկեղը ձեր մարմնից կամ ոչնչացնել քաղցկեղային բջիջները: Քաղցկեղի ցանկացած բուժում կարող է օգտագործվել որպես առաջնային բուժում, սակայն ամենատարածված քաղցկեղի առաջնային բուժումը վիրահատությունն է: Եթե ձեր քաղցկեղը հատկապես զգայուն է ճառագայթային բուժման կամ քիմիոթերապիայի նկատմամբ, դուք կարող եք ստանալ այդ բուժումներից մեկնումեկը որպես ձեր առաջնային բուժում:
- Օժանդակ (ադյուվանտային) բուժում. օժանդակ բուժման նպատակն է ոչնչացնել ցանկացած քաղցկեղային բջիջ, որը կարող է մնալ առաջնային բուժումից հետո, որ նվազեցնի քաղցկեղի կրկնվելու հավանականությունը: Քաղցկեղի ցանկացած բուժում կարող է օգտագործվել որպես օժանդակ բուժում: Տարածված օժանդակ բուժումներից են՝ քիմիոթերապիա, ճառագայթային բուժում և հորմոնային բուժում:
- Պալիատիվ բուժում. պալիատիվ բուժումը կարող է օգնել թեթևացնեու բուժման կողմնակի ազդեցությունները կամ հենց քաղցկեղի հետևանքով առաջացած գանգատներն ու ախտանիշները: Վիրաբուժությունը, ճառագայթումը, քիմիոթերապիան և հորմոնաային բուժումը կարող են օգտագործվել ախտանիշները թեթևացնելու և քաղցկեղի տարածումը վերահսկելու համար, երբ վերջնական բուժումը՝ առողջացումը հնարավոր չէ: Դեղորայքը կարող է թեթևացնել այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են ցավը և հևոցը: Պալիատիվ բուժումը կարող է օգտագործվել ձեր քաղցկեղը բուժելու համար նախատեսված այլ բուժումների հետ միաժամանակ:
Քաղցկեղի բուժումներ
Բժիշկները բազմաթիվ գործիքներ ունեն, երբ խոսքը վերաբերում է քաղցկեղի բուժմանը: Քաղցկեղի բուժման տարբերակները ներառում են հետևյալը:
- Վիրահատություն. վիրահատության նպատակն է հեռացնել քաղցկեղը կամ որքան հնարավոր է շատ քաղցկեղային հյուսվածքներ: Շատ դեպքերում քաղցկեղից բացի հեռացվում են նաև հարակից ավշային գեղձերը:
- Քիմիոթերապիա. քիմիաթերապիան օգտագործում է դեղամիջոցներ՝ քաղցկեղի բջիջները ոչնչացնելու համար: Այնուամենայնիվ, այս դեղամիջոցները քաղցկեղային բջիջներից բացի կարող են վնասել առողջ բջիջները:
- ճառագայթային թերապիա (ռադիոթերապիա). ճառագայթային թերապիան օգտագործում է կառավարելի հզոր էներգիայի ճառագայթներ, ինչպիսիք են ռենտգենյան ճառագայթները և պրոտոնները՝ քաղցկեղի բջիջները ոչնչացնելու համար: Ճառագայթային թերապիան կարող է տրվել ձեր մարմնից դուրս գտնվող սարքից (արտաքին ճառագայթում), կամ այն կարող է տեղադրվել ձեր մարմնի ներսում (բրախիթերապիա): Ճառագայթումը կարող է վնասել քաղցկեղին հարակից առողջ հյուսվածքները:
- Ոսկրածուծի փոխպատվաստում. ոսկրածուծի փոխպատվաստումը հայտնի է նաև որպես ցողունային բջիջների փոխպատվաստում: Ձեր ոսկրածուծը ձեր ոսկորների ներսում գտնվող նյութ է, որը ստեղծում է արյան բջիջներ: Ոսկրածուծի փոխպատվաստումը կարող է օգտագործել ձեր սեփական բջիջները կամ դոնորի բջիջները: Ոսկրածուծի փոխպատվաստումը թույլ է տալիս ձեր բժշկին օգտագործել քիմիաթերապիայի ավելի մեծ դեղաչափեր՝ ձեր քաղցկեղը բուժելու համար: Այն կարող է օգտագործվել նաև հիվանդ ոսկրածուծի փոխարինման համար:
- Իմունոթերապիա. իմունոթերապիան, որը նաև հայտնի է որպես կենսաբանական թերապիա, օգտագործում է ձեր օրգանիզմի իմունային համակարգը քաղցկեղի դեմ պայքարելու համար: Քաղցկեղը կարող է դառնալ ձեր իմունային համակարգի հսկողությունից դուրս, քանի որ վերջինս չի ճանաչում քաղցկեղը որպես օտար կամ վնասակար բան: Իմունոթերապիան կարող է օգնել ձեր իմունային համակարգին, որ «տեսնի» քաղցկեղը և սկսի պայքարել դրա դեմ:
- Հորմոնային թերապիա. քաղցկեղի որոշ տեսակներ սնուցվում են ձեր օրգանիզմի հորմոններով: Օրինակները ներառում են կրծքագեղձի և շագանակագեղձի քաղցկեղները: Այդ հորմոններն օրգանիզմից հեռացնելը կամ դրանց ազդեցության արգելափակումը կարող է հանգեցնել քաղցկեղի բջիջների աճի դադարեցմանը:
- Թիրախային դեղորայքային թերապիա. թիրախային դեղորայքային թերապիան կենտրոնանում է քաղցկեղի բջիջների որոշակի թույլ կողմերի կամ առանձնահատկությունների վրա, որոնք թույլ են տալիս նրանց գոյատևել: Թիրախային դեղամիջոցները հնարավորինս չեն վնասվում առողջ բջիջները:
- Կլինիկական փորձարկումներ. կլինիկական փորձարկումները քաղցկեղի բուժման նոր ուղիների ուսումնասիրություն են: Քաղցկեղի հազարավոր կլինիկական փորձարկումներ են ընթանում:
Կան նաև քաղցկեղի այլ բուժումներ, որոնք կախված են ձեր քաղցկեղի տեսակից:
Լավագույն դեպքում քաղցկեղի բուժումը կազմակերպվում է տարբեր մասնագետների համատեղ ջանքերով՝ ուռուցքաբան, ճառագայթաբան, վիրաբույժ, ախտորոշիչ ծառայության մասնագետներ, բուժքույրեր, ինչպես նաև՝ ընտանեկան բժիշկ:
Հոդվածը հրապարակվել է՝ 31-05-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024