Քաղցկեղի վաղ ախտորոշումը թույլ է տալիս փրկել կյանքեր, քանի որ այն օգնում է բուժման արդյունքների բարելավմանը, իսկ շատ դեպքերում՝ նաև թույլ է տալիս կատարել արմատական վիրահատություն:
Քաղցկեղի սքրինինգ
Քաղցկեղի վաղ փուլերում ախտորոշումը հաճախ բուժման լավագույն հնարավորությունն է տալիս: Սա նկատի ունենալով, խոսեք ձեր բժշկի հետ այն մասին, թե քաղցկեղի հետազոտության որ տեսակները կարող են ցուցված լինել ձեզ համար:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քաղցկեղի մի քանի տեսակների դեպքում սքրինինգային թեստերը կարող են կյանքեր փրկել՝ քաղցկեղը վաղ ախտորոշելու շնորհիվ: Քաղցկեղի այլ տեսակների դեպքում սքրինինգային թեստերը խորհուրդ են տրվում միայն բարձր ռիսկ ունեցող մարդկանց համար:
Քաղցկեղի ախտորոշում
Ձեր բժիշկը քաղցկեղը ախտորոշելու համար կարող է օգտագործել մեկ կամ մի քանի մոտեցում:
- Արտաքին զննում. ձեր բժիշկը կարող է շոշափել ձեր մարմնի այն շրջանները, որտեղ առկա են գոյացություններ: Դրանք կարող են վկայել քաղցկեղի մասին: Բուժզննման ընթացքում ձեր բժիշկը կարող է փնտրել նորմայից շեղումներ, ինչպիսիք են մաշկի գույնի փոփոխությունը կամ որևէ օրգանի մեծացումը, որոնք կարող են հուշել քաղցկեղի առկայության մասին:
- Լաբորատոր թեստեր. լաբորատոր թեստերը, ինչպիսիք են մեզի և արյան անալիզները, կարող են օգնել ձեր բժշկին գտնելու քաղցկեղի պատճառով առաջացած շեղումները: Օրինակ, լեյկոզով հիվանդ մարդկանց մոտ արյան ընդհանուր հետազոտությունը կարող է բացահայտել արյան սպիտակ բջիջների (լեյկոցիտների) անսովոր քանակություն կամ տեսակ:
- Պատկերային հետազոտություններ. պատկերային հետազոտությունները թույլ են տալիս ձեր բժշկին հետազոտել ձեր ոսկորները և ներքին օրգանները ոչ ինվազիվ եղանակով: Քաղցկեղի ախտորոշման համար օգտագործվող պատկերային հետազոտությունները կարող են ներառել՝ համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ), ոսկորների սքանավորում, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ), պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիա (ՊԷՏ), ուլտրաձայնային (սոնոգրաֆիա), ռենտգեն և այլն:
- Բիոպսիա. բիոպսիայի ընթացքում ձեր բժիշկը հավաքում է բջիջների նմուշ լաբորատորիայում հետազոտելու համար: Նմուշ վերցնելու մի քանի եղանակ կա: Այն, թե որ բիոպսիոն միջամտությունը ձեզ կառաջարկվի, կախված է ձեր քաղցկեղի տեսակից և տեղակայումից: Շատ իրավիճակներում բիոպսիան քաղցկեղը վերջնականապես ախտորոշելու միակ միջոցն է:Լաբորատորիայում բժիշկները մանրադիտակի տակ դիտում են բջիջների նմուշները: Նորմալ բջիջները միատեսակ տեսք ունեն՝ նման չափսերով և կանոնավոր կազմակերպվածությամբ: Քաղցկեղի բջիջները ավելի քիչ կարգավորված տեսք ունեն՝ տարբեր չափերով և առանց ակնհայտ կազմակերպման:
Քաղցկեղի փուլերը
Քաղցկեղի ախտորոշումից հետո ձեր բժիշկը կաշխատի որոշելու ձեր քաղցկեղի աստիճանը (փուլը): Նա օգտագործում է ձեր քաղցկեղի փուլը՝ որոշելու ձեր բուժման տարբերակները և բուժման ձեր հնարավորությունները:
Փուլի որոշման հետազոտություններն ու միջոցառումները կարող են ներառել պատկերային հետազոտություններ, ինչպիսիք են ոսկորների սքանավորումը կամ ռենտգենյան ճառագայթները՝ տեսնելու, թե արդյոք քաղցկեղը տարածվել է օրգանիզմի այլ շրջաններում:
Քաղցկեղի փուլերը նշվում են 0-ից 4 թվերով, որոնք հաճախ գրվում են հռոմեական 0-ից IV թվերով: Ավելի բարձր թվերը վկայում են ավելի զարգացած քաղցկեղի մասին: Քաղցկեղի որոշ տեսակների դեպքում քաղցկեղի փուլը նշվում է տառերով կամ բառերով:
Հոդվածը հրապարակվել է՝ 31-05-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024