Դաստակային կամ կարպալ թունելի համախտանիշն ախտորոշելիս բժիշկը ձեզ հարցեր կտա և կարող է առաջարկել որոշակի հետազոտություններ:
- Ախտանիշների պատմություն (հիվանդության անամնեզ). բժիշկը կգնահատի ձեր ախտանիշների բնույթը և զարգացման օրինաչափությունը: Օրինակ, միջնակ նյարդը փոքր (ճկույթ) մատին զգացողություն չի հաղորդում, ուստի այդ մատի ախտանշանները կարող են վկայել այլ խնդրի առկայության մասին: Կարպալ թունելի համախտանիշի ախտանշանները սովորաբար ի հայտ են գալիս բջջային հեռախոսը կամ թերթը ձեռքով բռնելիս կամ ղեկը ձեռքով պահելիս: Դրանք նաև հակված են առաջանալ գիշերները և ձեզ արթնացնել գիշերվա ընթացքում, կամ առավոտյան արթնանալիս կարող եք զգալ մատների թմրածություն:
- Ֆիզիկական քննություն (բուժզննում). բժիշկը կանցկացնի ձեր դաստակի բուժզննում՝ ստուգելով ձեր մատների զգացողությունը և դաստակային մկանների ուժը: Դաստակի ծալումը, նյարդի (կարպալ թունելի) վրա սեղմումը բազմաթիվ մարդկանց մոտ կարող են առաջացնել ախտանիշներ: Սրանք կոչվում են հրահրիչ (պրովոկացիոն) թեստեր:
- Ռենտգեն հետազոտություն. որոշ իրավիճակներում բժիշկը կարող է խորհուրդ տալ ախտահարված դաստակի ռենտգեն հետազոտություն՝ բացառելու դաստակի ցավի այլ պատճառները, ինչպիսիք են արթրիտը կամ կոտրվածքը: Այնուամենայնիվ, ռենտգենը չի կարող ախտորոշել կարպալ թունելի համախտանիշը:
- Գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա). բժիշկը նաև կարող է առաջարկել ձեր դաստակի գերձայնային հետազոտություն՝ ոսկորների և նյարդերի պատկերներ ստանալու համար: Սա կարող է օգնել որոշելու, թե արդյոք նյարդը սեղմվում կամ ջմլվում է:
- Էլեկտրոմիոգրաֆիա (ԷՄԳ). այս հետազոտությունը չափում է մկաններում արտադրվող թույլ էլեկտրական լիցքերը: Հետազոտության ընթացքում ձեր բժիշկը բարակ ասեղային էլեկտրոդ է մտցնում որոշակի մկանների մեջ՝ գնահատելու էլեկտրական ակտիվությունը, երբ դրանք կծկվում և թուլանում են: Այս հետազոտությունը կարող է բացահայտել միջնակ նյարդի կողմից վերահսկվող մկանների վնասումը, ինչպես նաև բացառել այլ հիվանդություններն ու վիճակները:
- Նյարդային հաղորդականության հետազոտություն. էլեկտրոմիոգրաֆիայի մի տարբերակում (էլեկտրոնեյրոմիոգրաֆիա) մաշկին ամրացվում է երկու էլեկտրոդ: Միջնակ նյարդով տրվում է թույլ էլեկտրական ազդակ՝ ստուգելու, թե արդյոք ազդանշանները դանդաղում են կարպալ թունելով անցնելիս: Այս հետազոտությունը կարող է օգտագործվել հիվանդության ախտորոշման և այլ վիճակները բացառելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024