Առողջական խնդիրներ

Ցելյուլիտ

Ցելյուլիտ

Time Read 2 րոպե

Ցելյուլիտը մաշկի և անմիջապես դրա տակ ընկած հյուսվածքների տարածվող վարակային բորբոքումն է։

Այն սովորաբար պատճառվում է բակտերիալ վարակով և ստանում է ծանր ընթացք, եթե չի բուժվում հակաբիոտիկներով։

Եթե կարծում եք, որ ձեզ կամ ձեր ընտանքի անդամներից մեկնումեկի մոտ զարգացել է այս հիվանդությունը, ապա կարևոր է, որ առանց ուշացնելու դիմեք բժշկին։

Ցելյուլիտի հիմնական նշաններն են մաշկի կարմրությունը, ցավոտությունը, այտուցը, լարվածությունը և հպվելիս տեղային տաքությունը։ Ցելյուլիտի ծանր ընթացքի ժամանակ տեղային նշաններին կարող են գումարվել ջերմության բարձրացումը, դողը և սարսուռը, քրտնարտադրությունը, սրտխառնոցը և ինքնազգացողության վատացումը։

Ցելյուլիտը սովորաբար ախտահարում է ոտքերի ստորին շրջանները՝ սրունքները, սակայն կարող է հանդիպել նաև մարմնի ցանկացած այլ շրջանում, այդ թվում՝ դեմքին։ Բակտերիալ վարակը մաշկի մեջ ներթափանցում է վերքերից և խոցերից, քերծվածքներից կամ միջատների խայթոցից, թեև որոշ դեպքերում մաշկի ամբողջականության որևէ խախտում չի գրանցվում։

Երբեմն բակտերիաներն ախտահարված մաշկից կարող են մուտք գործել արյուն և պատճառել սեպսիս, որը համարվում է անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակ։

Ցելյուլիտով անձանց մոտ ինքնազգացողությունը կարող է արագորեն վատանալ, իսկ նրանց փոքր մասի մոտ կարող են նաև զարգանալ լուրջ բարդություններ։

Ցելյուլիտի բուժման հիմնական մեթոդը հակաբիոտիկներն են, սովորաբար՝ տնային պայմաններում հաբերի ընդունմամբ։ Որոշ դեպքերում կարիք է զգացվում կազմակերպել հիվանդանոցային բուժում։ Հանգիստը և ոտնաթաթի բարձր դիրքը կարող են նպաստել գանգատների մեղմացմանը։ Բժիշկը կարող է նշանակել նաև ախտահարված սրունքի կոմպրեսիոն բուժում (ճնշող գուլպաներ)։

Ցելյուլիտ և կարմիր քամի

Որոշ բժիշկներ ցելյուլիտը և կարմիր քամին (Erysipelas) օգտագործում են որպես միմյանց փոխարինող անվանումներ, սակայն դրանք ավելի շուտ միմյանցից տարբերվող վիճակներ են։

Ի տարբերություն ցելյուլիտի, կարմիր քամին պատճառվում է միայն A խմբի բետա-հեմոլիտիկ ստրեպտոկոկով, իսկ ախտահարումն ընդգրկում է մաշկի ավելի մակերեսային շերտերը։

Հոդվածը տեղադրվել է՝ 19-05-2018 վերանայվել է՝ 22-04-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով