Ջրծաղիկ. բարդություններ
18-06-2021
2 րոպե

Ջրծաղիկը սովորաբար թեթև ընթացքով հիվանդություն է:
Այնուամենայնիվ, որոշ դեպքերում ջրծաղիկը կարող է ստանալ ծանր ընթացք և բերել մի շարք բարդությունների, այդ թվում՝
- մաշկի, փափուկ հյուսվածքների, ոսկրերի, հոդերի կամ արյան բակտերիալ վարակներ (սեպսիս)
- ջրազրկում
- թոքաբորբ (պնևմոնիա)
- ուղեղի բորբոքում (էնցեֆալիտ)
- տոքսիկ շոկային համախտանիշ
- Ռեյի համախտանիշ (եթե ջրծաղիկի ընթացքում երեխաներին և անչափահասներին տրվել է Ասպիրին)
- մահ:
Ովքե՞ր են բարդությունների ռիսկի խմբերում
Ջրծաղիկի բարդությունների ռիսկն ավելի բարձր է հետևյալ խմբերում՝
- նորածիններ, ում մայրերը երբեք չեն վարակվել կամ չեն պատվաստվել ջրծաղիկի դեմ
- անչափահասներ և չափահասներ
- երբևէ ջրծաղիկ չտարած հղի կանայք
- ծխող մարդիկ
- թուլացած իմունային համակարգով մարդիկ (օրինակ՝ քիմիոթերապիա ստացողներ, քաղցկեղ կամ ՄԻԱՎ ունեցողներ)
- մեկ այլ հիվանդության, օրինակ՝ ասթմայի կապակցությամբ ստերոիդ դեղամիջոցներ ընդունող մարդիկ:
Ջրծաղիկ և հղիություն
Նորածնի ցածր քաշը և վերջույթների արատներն ավելի տարածված են այն նորածինների շրջանում, ովքեր ծնվել են հղիության վաղ փուլերում ջրծաղիկով վարակված կանանցից: Երբ կինը ջրծաղիկով վարակվում է ծննդաբերությունից մեկ շաբաթ առաջ կամ ծննդաբերությունից հետո մի քանի օրվա ընթացքում, նորածնի մոտ նաև բարձրանում է ծանր և կյանքին սպառնացող վարակի զարգացման ռիսկը:
Եթե հղի եք և չունեք ջրծաղիկի նկատմամբ իմունիտետ, զրուցեք բժշկի հետ ձեզ մոտ կամ չծնված երեխայի մոտ հնարավոր վտանգների մասին:
Ջրծաղիկ և գոտևորող հերպես (որքին)
Եթե ունեցել եք ջրծաղիկ, բարձրանում է գոտևորող որքին (գոտևորող հերպես) կոչվող բադրության ռիսկը: Մաշկային վարակը լավանալուց հետո Varicella-zoster վիրուսը մնում է նյարդային բջիջներում և տարիներ անց վերաակտիվանում և ի հայտ է գալիս որպես գոտևորող հերպես՝ նյարդերի ուղղությամբ կարճ կյանք ունեցող, սակայն ցավ պատճառող բշտիկների խմբեր: Ավելի հավանական է, որ վիրուսը կրկին հայտնվի մեծ տարիքով չափահասների և թուլացած իմունային համակարգով մարդկանց մոտ:
Գոտևորող հերպեսին ուղեկցող ցավերը բշտիկային ցանի անհետացումից հետո կարող են պահպանվել երկար ժամանակ: Սա կոչվում է հետհերպեսային նևրալգիա և կարող է ստանալ ծանր ընթացք:
Գոտևորող հերպեսի պատվաստանյութը (Շինգրիքս) խորհուրդ է տրվում այն չափահասներին, ովքեր տարել են ջրծաղիկ: Այն խորհուրդ է տրվում 50 տարեկան և ավելի մեծ տարիքի մարդկանց, ներառյալ նրանց, ովքեր նախկինում ստացել են գոտևորող հերպեսի պատվաստում (Զոստավաքս): Զոստավաքսը խորհուրդ չի տրվում մինչև 60 տարեկան անձանց և ԱՄՆ-ում վաճառքից հանված է:
Հոդվածը վերանայվել է՝ 18-06-2021