Ջրծաղիկի (վարիցելլա) պատվաստանյութն այս վարակը կանխարգելելու լավագույն ուղին է:
Ըստ հավաստի տվյալների ջրծաղիկի դեմ պատվաստումն ապահովում է վարակից լիարժեք պաշտպանություն երկու դեղաչափերը ստացած մարդկանց մոտ 98%-ի շրջանում: Հակառակ դեպքում, երբ լիարժեք իմունիտետ չի զարգանում, պատվաստումը թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել ցանավորումը և թեթևացնել հիվանդության ընթացքը:
Ջրծաղիկի դեմ պատվաստանյութը (Վարիվաքս) խորհուրդ է տրվում հետևյալ խմբերին՝
- մանհակասակ երեխաներ. առաջին դեղաչափը ներակվում է 12-15 ամսականում և երկրորդը՝ 4-6 տարեկանում, ընդ որում, ջրծաղիկի պատվաստանյութը կարելի է զուգակցել կարմրուկի, քութեշի և կարմրախտի պատվաստանյութերի հետ
- ավելի մեծ տարիքի չպատվաստված երեխաներ. 7-12 տարեկան չպատվաստված երեխաներին խորհուրդ է տրվում երկու դեղաչափերը ներարկել 3 ամսյա ընդմիջումով, իսկ 13 տարեկանից հետո՝ երկու դեղաչափերը 4 ամսյա ընդմիջումով
- չպատվաստված չափահասներ, ովքեր երբեք չեն հիվանդացել ջրծաղիկով և բարձր ռիսկի խմբում են. այս խումբը ներառում է՝ բուժաշխատողներ, ուսուցիչներ, մսուր-մանկապարտեզի աշխատողներ, բանակ զորակոչվածներ, վերարտադրողական տարիքի կանայք և այլ մարդիկ, որոնց խորհուրդ է տրվում երկու դեղաչափերը առնվազն 4 շաբաթյա ընդմիջումով:
Եթե չեք հիշում կամ չգիտեք, թե արդյոք ստացել եք պատվաստանյութ, բժիշկը կարող է նշանակել արյան թեստ, որ որոշի ջրծաղիկի դեմ իմունիտետի առկայությունը կամ բացակայությունը:
Ջրծաղիկի պատվաստանյութը չի հաստատվել հետևյալ խմբերի համար՝
- հղի կանայք
- թուլացած իմունային համակարգով մարդիկ, օրինակ՝ ՄԻԱՎ վարակվածներ կամ իմունային համակարգն ընկճող դեղամիջոցներ ստացողներ
- ժելատինի կամ Նեոմիցին հակաբիոտիկի նկատմամբ ալերգիկ մարդիկ:
Զրուցեք բժշկի հետ, եթե համոզված չեք, որ ունեք ջրծաղիկի դեմ պատվաստման կարիք: Եթե պատրաստվում եք հղիանալ, խորհրդակցեք բժշկի հետ, եթե պատվաստումների հետ կապված անձնական տվյալների վերաբերյալ վստահ չեք:
Արդյոք պատվաստումն անվտանգ և արդյունավետ է
Ծնողները սովորաբար մտածում են՝ արդյոք պատվաստանյութերն անվտանգ են: Երբ ջրծաղիկի դեմ պատվաստանյութը հասանելի է դարձել, հետազոտությունները շարունակվել են մինչ օրս և մշտապես պարզել են, որ այն անվտանգ և արդյունավետ է: Կողմնակի ազդեցությունները սովորաբար մեղմ են և ներառում են կարմրություն, ցավ, այտուց և հազվադեպ՝ փոքրիկ այտուցներ պատվաստանյութի ներարկման տեղում:
Ոչ սպեցիֆիկ կանխարգելում
Ջրծաղիկը խիստ վարակիչ է, ուստի ջրծաղիկով հիվանդը ենթակա է մեկուսացման մինչև մաշկային ցանի կեղևների վերջնական մաքրվելը, որը լինում է միջին հաշվով ցանավորման 9-րդ օրը։ Մինչև 7 տարեկան կոնտակտավորների նկատմամբ սահմանվում է 21 օրյա կարանտին։
Հոդվածը հրապարակվել է՝ 18-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024