Ջրծաղիկի ամենաբնորոշ նշանը քոր հարուցող բշտիկային ցանավորումն է, որն ի հայտ է գալիս վարակվելուց 10-21 օր անց և սովորաբար տևում է 5-10 օր:
Ջրծաղիկի ցանը կարող է հայտնվել մարմնի տարբեր մասերում՝ դեմքին, կրծքավանդակին, ազդրերին և որովայնին, սակայն խիստ բնորոշ է այն, որ ցանավորումը, որպես կանոն, լինում է նաև գլխի մազածածկ մասում։
Այլ ախտանիշները կարող են ի հայտ գալ ցանավորումից 1-2 օր առաջ՝
- ջերմություն
- ախորժակի կորուստ
- գլխացավ
- հոգնածություն և ընդհանուր ինքնազգացողության վատացում:
Հայտնվելուց հետո ջրծաղիկի ցանն անցնում է հետևյալ երեք փուլերը՝
- մաշկից բարձրացած վարդագույն կամ կարմիր հանգույցիկներ (պապուլաներ), որոնք բռնկվում են մի քանի օրվա ընթացքում
- հեղուկով լցված փոքր բշտիկներ (վեզիկուլաներ), որոնք ձևավորվում են մոտ մեկ օրվա ընթացքում, որից հետո պատռվում և դատարկվում
- գորշագույն կեղևներ, որոնք առաջանում են պատռված և արագ չորացած բշտերի տեղում և շերտազատվում ու անհետևանք մաքրվում ևս մի քանի օրից մինչև է 1-3 շաբաթվա ընթացքում (եթե երկրորդային բակտերիալ վարակ չի միացել):
Նոր հանգույցիկները շարունակվում են ի հայտ գալ մի քանի օրվա ընթացքում, ուստի կարող եք միաժամանակ տեսնել ցանի բոլոր երեք տեսակները՝ հանգույցիկներ, բշտիկներ և կեղևներ: Ցանային նման ալիքները միջին հաշվով լինում են 3-4 անգամ։
Ջրծաղիկով հիվանդը կարող է այլ մարդկանց վիրուս փոխանցել մինչև ցանավորումումը 48 ժամ առաջ և մնալ վարակիչ մինչև բոլոր պատռված բշտերի կեղևակալումը:
Առողջ երեխաների շրջանում հիվանդությունն ունի թեթև ընթացք: Ծանր դեպքերում ցանավորումը պատում է ամբողջ մարմինը և կարող է ի հայտ գալ նաև ըմպանում, աչքերում և միզուկի, հետանցքի կամ հեշտոցի լորձաթաղանթներում:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե կարծում եք, որ դուք կամ երեխան ունեք ջրծաղիկ, կապ հաստատեք ձեր բժշկի հետ: Ջրծաղիկի ախտորոշումը սովորաբար մեծ դժվարություն չի ներկայացնում, սակայն բժիշկը նաև կարող է խորհուրդ տալ դեղամիջոցներ, որոնք մեղմացնում են հիվանդության ընթացքը և անհրաժեշտության դեպքում բուժում բարդությունները: Այլ մարդկանց չվարակելու համար խիստ կարևոր է մեկուսացումը մինչև մաշկային ցանի կեղևների վերջնական անհետացումը:
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե՝
- առաջացել է ցան մեկ կամ երկու աչքերում
- ցանը խիստ կարմրած, տաք կամ լարված է, որը կարող է վկայել երկրորդային վարակի մասին
- ցանավորումն ուղեկցվում է գլխապտույտով, ապակողմնորոշմամբ, արագացած սրտխփոցով, շնչարգելությամբ, դողով, մկանային կորդինացիայի կորստով, վատթարացող հազով, փսխումներով, պարանոցի կարկամությամբ կամ 38.9 °C գերազանցող տենդով
- ընտանիքում ունեք իմունային համակարգի խնդիրներով անձ կամ 6 ամսականից փոքր երեխա:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024