Որպես քրոնիկ երիկամային հիվանդության (ՔԵՀ) բուժման մաս՝ ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ հատուկ սննդակարգ, որը կարող է օգնել ձեր երիկամների գործառույթին և մեղմացնել նրանց ծանրաբեռնվածությունը:
Խնդրեք ձեր բժշկին, որ ձեզ ուղեգրի դիետոլոգի (սննդաբանի) խորհրդատվության: Դիետոլոգը կարող է վերլուծել ձեր սովորական սննդակարգը և առաջարկել հատուկ սննդակարգ, որը հեշտացնում է ձեր երիկամների աշխատանքը:
Կախված ձեր իրավիճակից, երիկամների գործունեությունից և ընդհանուր առողջական վիճակից, սննդակարգի առաջարկությունները կարող են ներառել հետևյալը:
- Խուսափեք ավելացված աղով մթերքներից. նվազեցրեք ամեն օր սննդով ստացվող նատրիումի քանակը՝ խուսափելով ավելացված աղ պարունակող մթերքներից, ինչպիսիք են կիսամշակված կամ վերամշակված մթերքները, օրինակ՝ սառեցված ընթրիքները, պահածոյացված ապուրները և արագ սնունդը: Ավելացված աղ պարունակող այլ մթերքներից են աղի խորտիկները, պահածոյացված բանջարեղենը և վերամշակված միսն ու պանիրը:
- Ընտրեք կալիումի ցածր պարունակությամբ մթերքներ. կալիումի բարձր պարունակությամբ մթերքներից են բանանը, նարինջը, կարտոֆիլը, սպանախը և լոլիկը: Ցածր կալիում պարունակող մթերքների օրինակներից են՝ խնձոր, կաղամբ, գազար, կանաչ լոբի, խաղող և ելակ: Ուշադիր եղեք, քանի որ աղի շատ փոխարինիչներ պարունակում են կալիում, ուստի, ընդհանուր առմամբ, պետք է խուսափել նաև դրանցից, եթե ունեք երիկամային անբավարարություն:
- Սահմանափակեք ձեր կերած սպիտակուցի քանակը. ձեր դիետոլոգը կգնահատի, թե օրական քանի գրամ սպիտակուց է ձեզ անհրաժեշտ և այդ քանակի հիման վրա կանի համապատասխան առաջարկություններ: Սպիտակուցների մեծ քանակներ պարունակող մթերքներից են անյուղ միսը, ձուն, կաթը, պանիրը և լոբին: Ցածր սպիտակուցային մթերքներից են բանջարեղենը, մրգերը, հացը և հացահատիկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-03-2023
Վերջին վերանայում՝ 28-05-2024