Գրադարան
ՔԵՀ. բուժում

3 րոպե
Կախված պատճառներից, երիկամային հիվանդության որոշ տեսակներ կարող են բուժվել:
Սակայն հաճախ քրոնիկ երիկամային հիվանդությունը (ՔԵՀ) բուժում չունի։
Բուժումը սովորաբար բաղկացած է միջոցառումներից, որոնք կօգնեն վերահսկել գանգատներն ու ախտանիշները, նվազեցնել բարդությունները և դանդաղեցնել հիվանդության հարաճուն զարգացումը: Եթե ձեր երիկամները լուրջ վնասված են, ձեզ կարող է անհրաժեշտ լինել բուժում երիկամային հիվանդության վերջնական փուլի համար:
Պատճառի բուժում
Ձեր բժիշկը կաշխատի դանդաղեցնել կամ վերահսկել ձեր երիկամային հիվանդության պատճառը: Բուժման տարբերակները տարբեր են՝ կախված պատճառից: Սակայն երիկամների վնասը կարող է շարունակել վատթարանալ նույնիսկ այն դեպքում, երբ հիմքում ընկած վիճակը, ինչպիսիք են դիաբետը կամ բարձր արյան ճնշումը, վերահսկվում են:
Բարդությունների բուժում
Երիկամային հիվանդության բարդությունները կարելի է վերահսկել՝ ձեզ կյանքն ավելի հարմարավետ դարձնելու համար: Բուժումները կարող են ներառել հետևյալը:
- Բարձր արյան ճնշման դեղամիջոցներ. երիկամային հիվանդությամբ տառապող մարդկանց վիճակը կարող է վատթարանալ բարձր արյան ճնշման պատճառով: Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ արյան ճնշումն իջեցնող և երիկամների գործառույթը պահպանելուն օգնող դեղամիջոցներ, սովորաբար անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի (ԱՓՖ) արգելակիչներ կամ անգիոտենզին II ընկալիչների պաշարիչներ, և երիկամների գործառույթը պահպանելու համար: Այս դեղամիջոցները սկզբում կարող են նվազեցնել երիկամների գործունեությունը և փոխել էլեկտրոլիտների մակարդակը, ուստի ձեզ կարող է անհրաժեշտ լինել հաճախակի արյան թեստեր՝ ձեր վիճակը վերահսկելու համար: Ձեր բժիշկը կարող է նաև խորհուրդ տալ միզամուղ և ցածր աղի սննդակարգ:
- Այտուցը մեղմացնող դեղամիջոցներ. ՔԵՀ ունեցող մարդկանց օրգանիզմում հաճախ հեղուկ է կուտակվում: Սա կարող է հանգեցնել ոտքերի այտուցի, ինչպես նաև բարձր արյան ճնշման: Միզամուղ կոչվող դեղամիջոցները կարող են օգնել պահպանելու ձեր օրգանիզմում հեղուկի հավասարակշռությունը:
- Անեմիայի (սակավարյունության) բուժման դեղամիջոցներ. էրիթրոպոետին հորմոնի հավելումները, երբեմն երկաթի ավելացումով, օգնում են ավելի շատ կարմիր արյան բջիջներ արտադրությանը: Սա կարող է թեթևացնել անեմիայի հետ կապված հոգնածությունն ու թուլությունը:
- Խոլեսթերինի մակարդակը նվազեցնող դեղամիջոցներ. ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ դեղամիջոցներ, որոնք կոչվում են ստատիններ՝ ձեր խոլեսթերինը նվազեցնելու համար: ՔԵՀ–ով մարդիկ հաճախ ունենում են վատ խոլեսթերինի բարձր մակարդակ, ինչը կարող է մեծացնել սրտային հիվանդության ռիսկը:
- Ձեր ոսկորները պաշտպանող դեղամիջոցներ. կալցիումի և վիտամին D-ի հավելումները կարող են օգնել կանխելու ոսկրանյութի հյուծմանը և նվազեցնելու կոտրվածքների ռիսկը: Դուք կարող եք նաև ընդունել դեղամիջոց, որը հայտնի է որպես ֆոսֆատ կապող՝ ձեր արյան մեջ ֆոսֆատի քանակությունը նվազեցնելու և ձեր արյունատար անոթները կալցիումի նստվածքների վնասումից (կալցիֆիկացումից) պաշտպանելու համար:
- Ավելի ցածր սպիտակուցային սննդակարգ՝ ձեր արյան մեջ թափոնային նյութերը նվազագույնի հասցնելու համար. ձեր օրգանիզմը վերամշակում է սննդամթերքով ստացված սպիտակուցը, ուստի այն առաջացնում է թափոնային նյութեր, որոնք ձեր երիկամները պետք է զտեն ձեր արյունից: Երիկամների աշխատանքի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ավելի քիչ սպիտակուց ուտել: Դիետոլոգը կարող է առաջարկել ձեր սպիտակուցի ընդունումը նվազեցնելու ուղիներ՝ զուգակցված առողջ սննդակարգով:
Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ կանոնավոր հետևողական թեստավորում՝ տեսնելու, թե արդյոք ձեր երիկամների հիվանդությունը մնում է կայուն, թե զարգանում է:
Երիկամային հիվանդության վերջնական փուլի բուժում
Եթե ձեր երիկամները չեն կարողանում ինքնուրույն հետևել թափոնային նյութերի և հեղուկների զտմանը, և ձեզ մոտ զարգանում է երիկամների ամբողջական կամ գրեթե ամբողջական անբավարարություն, նշանակում է, որ դուք ունեք երիկամային հիվանդության վերջնական փուլ: Այդ պահին ձեզ անհրաժեշտ է դիալիզ կամ երիկամի փոխպատվաստում:
- Դիալիզ. դիալիզը արհեստականորեն հեռացնում է թափոնային նյութերը և ավելորդ հեղուկը ձեր արյունից, երբ ձեր երիկամներն այլևս չեն կարող դա անել: Հեմոդիալիզի ժամանակ մեքենան ձեր արյունից զտում և հեռացնում է թափոնային նյութերը և ավելորդ հեղուկները: Պերիտոնալ դիալիզի ժամանակ որովայնի մեջ տեղադրված բարակ խողովակը որովայնի խոռոչը լցնում է դիալիզի լուծույթով, որը կլանում է թափոնային նյութերը և ավելորդ հեղուկը: Որոշ ժամանակ անց դիալիզի լուծույթը արտահոսում է ձեր մարմնից՝ իր հետ տանելով թափոնները:
- Երիկամների փոխպատվաստում. երիկամների փոխպատվաստումը ներառում է դոնորից առողջ երիկամի վիրահատական տեղադրումը ձեր մարմնում: Փոխպատվաստված երիկամները կարող են լինել մահացած կամ կենդանի դոնորներից: Փոխպատվաստումից հետո դուք պետք է ամբողջ կյանքում դեղեր ընդունեք, որ ձեր մարմինը չմերժի նոր օրգանը: Երիկամների փոխպատվաստման համար անհրաժեշտ չէ դիալիզի ենթարկվել:
Ոմանց համար, ովքեր նախընտրում են դիալիզ կամ երիկամի փոխպատվաստում չանել, երրորդ տարբերակը ձեր երիկամային անբավարարությունը պահպանողական միջոցներով բուժելն է: Պահպանողական միջոցառումները, ամենայն հավանականությամբ, կներառեն ախտանիշների կառավարումը, խնամքի նախնական պլանավորումը և խնամքը, որ ձեզ ավելի հարմարավետ զգաք (պալիատիվ խնամք):
Հոդվածը տեղադրվել է՝ 12-03-2023 վերանայվել է՝ 12-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: