Լյարդի ցիռոզը կարող է բարդանալ տարբեր ծանր առողջական խնդիրներով, որոնց մի մասը պահանջում է անհետաձգելի բուժօգնություն:
- Լյարդը սնուցող երակներում բարձր արյան ճնշում. այս վիճակը հայտնի է որպես պորտալ հիպերտենզիա: Ցիռոզը դանդաղեցնում է արյան կանոնավոր հոսքը լյարդով: Սա մեծացնում է ճնշումն այն երակում, որը արյուն է բերում լյարդ (դռներակ կամ պորտալ երակ):
- Ոտքերի և որովայնի այտուցվածություն. դռներակում ավելացած ճնշումը կարող է հանգեցնել հեղուկի կուտակմանը ոտքերում, որը կոչվում է օդեմա, իսկ որովայնի խոռոչում՝ ասցիտ: Օդեմա և ասցիտ նաև կարող են առաջանալ, եթե լյարդը չի կարողանում բավարար քանակությամբ արյան որոշակի սպիտակուցներ արտադրել, ինչպիսին է ալբումինը:
- Փայծաղի մեծացում. պորտալ հիպերտենզիան կարող է հանգեցնել փայծաղում արյան սպիտակ բջիջների (լեյկոցիտների) և թիթեղիկների (թրոմբոցիտներ) թակարդում և պահում: Սա հանգեցնում է փայծաղի այտուցման, որը հայտնի է որպես սպլենոմեգալիա: Ձեր արյան մեջ լեյկոցիտների և թրոմբոցիտների քչացումը կարող է լինել ցիռոզի առաջին նշանը:
- Արյունահոսություն. պորտալ հիպերտոնիան կարող է հանգեցնել արյան վերաուղղման դեպի փոքր երակներ: Լրացուցիչ ճնշումից լարված այս փոքր երակները կարող են պատռվել՝ առաջացնելով ծանր արյունահոսություն: Պորտալ հիպերտենզիան նաև կարող է առաջացնել լայնացած կերակրափողի կամ ստամոքսի երակներ, որոնք կոչվում են վարիկոզներ: Այս վարկիոզները նույնպես կարող են հանգեցնել կյանքին սպառնացող արյունահոսության: Եթե լյարդը չի կարող արտադրել բավարար մակարդման գործոններ, դա նույնպես կարող է նպաստել արյունահոսության շարունակմանը:
- Վարակներ. եթե ցիռոզ ունեք, ձեր օրգանիզմը կարող է դժվարությամբ պայքարել վարակների դեմ: Ասցիտը կարող է հանգեցնել բակտերիալ պերիտոնիտի՝ ծանր վարակի:
- Թերսնուցում. ցիռոզը կարող է դժվարացնել ձեր մարմնի համար սննդանյութերի յուրացումը, ինչը հանգեցնում է թուլության և քաշի կորստի:
- Գլխուղեղում թույների (տոքսինների) կուտակում. ցիրոզից վնասված լյարդը չի կարող արյունից մաքրել թույները, ինչպես առողջ լյարդը: Այդ թույներն այնուհետև կարող են կուտակվել գլխուղեղում և առաջացնել շփոթվածություն և կենտրոնանալու դժվարություն: Սա հայտնի է որպես լյարդային էնցեֆալոպաթիա: Ժամանակի ընթացքում լյարդային էնցեֆալոպաթիան կարող է անցնել գիտակցության կորստի կամ կոմայի:
- Դեղնուկ. դեղնուկը զարգանում է այն ժամանակ, երբ հիվանդ լյարդը ձեր արյունից չի հեռացնում բավականաչափ բիլիռուբին` արյան թափոնային նյութ: Դեղնուկն առաջացնում է մաշկի և աչքերի սպիտակենու դեղնացում և մեզի մգացում։
- Ոսկրային հիվանդություն. ցիռոզով հիվանդ որոշ մարդիկ կորցնում են ոսկորների ամրությունը և կոտրվածքների ավելի մեծ ռիսկի տակ են:
- Լյարդի քաղցկեղի ռիսկի բարձրացում. մարդկանց մեծ մասը, ում մոտ առաջանում է լյարդի քաղցկեղ, նախկինում ունեցել է ցիռոզ:
- Սուր-քրոնիկ ցիռոզ. որոշ մարդիկ մահանում են բազմաօրգանական անբավարարությունից: Այժմ հետազոտողները կարծում են, որ սա բարդություն է որոշ մարդկանց մոտ, ովքեր ունեն ցիռոզ: Այնուամենայնիվ, նրանք լիովին չեն հասկանում, թե ինչն է դա առաջացնում:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-05-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024