Լյարդի ցիռոզ. բուժում
20-05-2021
2 րոպե

Ցիռոզը վերջնական բուժում չունի, սակայն հնարավոր է մեղմացնել հիվանդության ախտանիշները, դանդաղեցնել լյարդի սպիացման զարգացումը և կրճատել բարդությունների ռիսկը։
Ցիռոզի բուժումը կախված է պատճառից և լյարդի վնասման չափից:
Բուժման նպատակները լյարդում սպիական հյուսվածքի հարաճուն զարգացման դանդաղեցումն է և ցիռոզի ախտանիշների ու բարդությունների կանխարգելումը կամ բուժումը: Լյարդի ծանր ախտահարման դեպքում կարող է առաջանալ հիվանդանոցային բուժման կարիք:
Ցիռոզի պատճառների բուժում
Ցիռոզի վաղ փուլերում հիվանդության պատճառ դարձած հիվանդության բուժումը կարող է նվազեցնել լյարդի վնասման չափը: Ահա որոշ հնարավոր տարբերակներ:
- Ալկոհոլային կախվածության բուժում. եթե ցիռոզի պատճառը ալկոհոլի չարաշահումն է, պետք է փորձել դադարեցնել ալկոհոլի օգտագործումը: Եթե ալկոհոլից հրաժարվելը դժվար է, բժիշկը խորհուրդ կտա ալկոհոլային կախվածության որևէ բուժման ծրագիր: Ցիռոզի պայմաններում ալկոհոլից ընդհանրապես հրաժարվելն ունի վճռորոշ նշանակություն: Ալկոհոլի ցանկացած քանակություն թունավոր է լյարդի համար և խորացնում է ախտահարումը՝ անկախ ցիռոզի բուն պատճառից:
- Քաշի կարգավորում. եթե ցիռոզի պատճառը ոչ ալկոհոլային ճարպային լյարդի հիվանդությունն է, լյարդի առողջ վիճակի պահպանմանը կարող է օգնել ավելցուկային քաշից ազատվելը և արյան շաքարի մակարդակները վերահսկելը:
- Հեպատիտի հսկման դեղամիջոցներ. կան որոշ դեղամիջոցներ, որոնք կարող են սահմանափակել հեպատիտ B-ի կամ հեպատիտ C-ի վիրուսով պատճառված լյարդային բջիջների հետագա վնասումը:
- Ցիռոզի այլ պատճառների և ախտանիշների վերահսկման դեղամիջոցներ. դեղամիջոցները կարող են դանդաղեցնել լյարդի ցիռոզի որոշ տեսակների զարգացումը, օրինակ, վաղ ախտորոշված առաջնային բիլիար ցիռոզի դեպքում: Կան նաև ցիռոզի ախտանիշներից քորը, թուլությունը կամ ցավը մեղմացնող դեղամիջոցներ: Բժիշկը նաև կարող է խորհուրդ տալ սննդային հավելումներ՝ ուղղված ցիռոզի հետ կապված թերսնուցման մեղմացմանը և ոսկրերի թուլացման կանխարգելմանը (օստեոպորոզ):
Ցիռոզի բարդությունների բուժում
Բժիշկը կարող է անցկացնել որոշ միջոցառումներ, որոնց նպատակը ցիռոզի բարդությունների կանխարգելումը կամ բուժումն է:
- Ավելցուկային հեղուկներ. կերակրի աղի սահմանափակումը և դեղամիջոցները, որոնք կանխարգելում են օրգանիզմում հեղուկի կուտակումը, կարող են օգնել ասցիտի և ոտքերի այտուցների մեղմացմանը: Ավելի ծանր դեպքերում կարող է առաջանալ կուտակված հեղուկը դատարկելու կարիք (դրենավորում կամ վիրահատական միջամտություն):
- Պորտալ հիպերտենզիա. արյան ճնշման որոշ դեղամիջոցները կարող են վերահսկելի դարձնել լյարդին արյուն մատակարարող երակներում բարձրացած ճնշումը և կանխարգելել սուր արյունահոսությունը: Բժիշկը կարող է առաջարկել մարսողական խողովակի վերին հատվածների կանոնավոր էնդոսկոպիա, որ գնահատի կերակրափողի և ստանոքսի լայնացած երակների վիճակը, որոնք անտեսվելու դեպքում կարող են արյունահոսել: Վարիկոզ երակների դեպքում բժիշկը նաև կարող է առաջարկել արյունահոսության ռիսկը նվազեցնող դեղամիջոցներ: Նույն կերպ, արյունահոսող կամ արյունահոսության մեծ վտանգով երակների դեպքում անհետաձգելի միջամտությամբ կարող են կապվել այդ երակները, իսկ ծանր դեպքերում տեղադրվի ներլյարդային պորտոսիտեմիկ շունտ:
- Վարակներ. բակտերիալ վարակի առկայության դեպքում բժիշկը նշանակում է հակաբիոտիկներ: Հնարավոր վարակներից պաշտպանվելու համար կարող է առաջանալ գրիպի, թոքաբորբի և հեպատիտների դեմ պատվաստման կարիք: Աշխատեք հեռու մնալ վարակներից՝ պահպանելով անձնական հիգիենայի նորմերը։
- Լյարդի քաղցկեղի բարձրացած ռիսկ. բժիշկը խորհուրդ կտա, որ պարբերաբար հանձնեք արյան թեստեր և անցնեք գերձայնային հետազոտություն, որ հնարավորինս վաղ հայտնաբերվեն լյարդի քաղցկեղի նշանները:
- Լյարդային էնցեֆալոպաթիա. բժիշկը կարող է նշանակել դեղամիջոցներ, որոնք օգնում են լյարդի գործունեության խանգարման պատճառով արյան մեջ կուտակվող նյութափոխանակության թունավոր արգասիքների հեռացմանը:
Լյարդի փոխպատվաստման վիրահատություն
Ցիռոզի ծանր դեպքերում, երբ լյարդի գործունեությունը խոր խանգարված է և զարգացել է լյարդային անբավարարություն, որպես ծայրահեղ բուժում կարող է առաջարկվել լյարդի փոխպատվաստում:
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022