Մի՛ օգտագործեք ալկոհոլ. անկախ նրանից, թե ցիռոզը պատճառվել է ալկոհոլի չարաշարումից կամ այլ հիվնադությունից, մեկընդմիշտ հրաժարվե՛ք ալկոհոլից: Ալկոհոլի նույնիսկ փոքր քանակները կարող են ավելի խորացնել լյարդի վնասումը:
Քչացրե՛ք կերակրի աղը. կերակրի աղի ավելցուկը կարող է նպաստել օրգանիզմում ջրի պահպանմանը և խորացնել որովայնի և ոտքերի այտուցները: Աղի փոխարեն սնունդը համեմեք կանաչեղենով: Եթե օգտագործում եք պատրաստի սնունդ, պատվիրեք քիչ քանակով աղ պարունակող տեսականի:
Դարձրե՛ք սննդակարգն առողջ. ցիռոզը կարող է բերել թերսնուցման: Հաղթահարեք այս վիճակը գլխավորապես բուսական ծագման սննդակարգով, որը ներառում է տարբեր տեսակի թարմ մրգեր և բանջարեղեններ: Ընտրեք անճարպ սպիտակուց, օրինակ՝ հատիկաընդերավորներ, թռչնամիս կամ ձկնեղեն: Խուսափեք հում ծովամթերքից:
Խուսափե՛ք վարակներից. ցիռոզը դժվարացնում է վարակների դեմ օրգանիզմի պայքարը: Պաշտպանեք ձեզ՝ սահմանափակելով վատառողջ մարդկանց հետ ուղղակի շփումները և հաճախակի լվանալով ձեռքերը: Պատվաստվեք հեպատիտ A-ի, B-ի, գրիպի և թոքաբորբի դեմ:
Զգուշությամբ օգտագործեք դեղատոմս չպահանջող դեղամիջոցները. ցիռոզը դժվարացնում է լյարդում դեղերի քայքայումը, ուստի որևէ դեղամիջոց ընդունելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ: Խուսափեք այնպիսի դեղամիջոցներից, ինչպիսին է Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն)։ Եթե ունեք լյարդի ախտահարում, բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ նաև խուսափեք Ացետամինոֆենից (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) կամ ծայրահեղ դեպքում որպես ցավազրկող ընդունեք միայն ցածր դեղաչափեր:
Այլընտրանքային միջոցներ
Կան բազմաթիվ այլընտրանքային դեղամիջոցներ, որոնք օգտագործվել են լյարդային հիվանդությունների բուժման մեջ: Սիլիմարինն ամենալայն կիրառվող և ամենաշատ ուսումնասիրվածն է:
Ցիռոզի բուժման մեջ դեղաբույսերի հնարավոր օգտակարության կամ վնասների մասին տվյալներն անբավարար են:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։