Գրիպ. ախտանիշներ
27-05-2021
2 րոպե

Գրիպի սկիզբը կարող է նմանվել մրսածությանը (սուր շնչառական վիրուսային վարակ) և ընթանալ քթահոսությամբ, փոշտոցներով և ըմպանացավով:
Սակայն մրսածությունը սովորաբար զարգանում է դանդաղ, մինչդեռ գրիպը հաճախ սկսվում է սուր և հանկարծակի: Երկու հիվանդությունն էլ ընթանում են ինքնազգացողության վատացմամբ, սակայն գրիպի ժամանակ գանգատներն ավելի արտահայտված են:
Գրիպի տարածված ախտանիշները սկսվում են գրիպի վիրուսի ազդեցությանը ենթարկվելուց մի քանի ժամից մինչև 1-2 օրվա ընթացում (կոչվում է ինկուբացիոն շրջան) է ներառում են՝
- ջերմաստիճանի բարձրացում
- մկանահոդացավեր (մարմնի ջարդվածության զգացում)
- դող, սարսուռ և առատ քրտնարտադրություն
- գլխացավ
- չոր և կայուն հազ
- դժվարաշնչություն
- հոգնածություն և ընդհանուր թուլություն
- քթահոսություն կամ լցված (կանգային) քիթ
- ըմպանացավ և կոկորդում քերոցի զգացում
- ակնագնդերի ցավ, լուսավախություն և արցունքահոսություն
- երեխաների մոտ՝ փսխում և փորլուծություն:
Ե՞րբ դիմել բժշկին
Գրիպով վարակված մարդկանց մեծ մասը կարող է լավանալ տնային ինքնաբուժմամբ և բժշկին դիմելու կարիք չի զգում:
Այնուամենայնիվ, եթե ունեք գրիպի ախտանիշներ և պատկանում եք բարդությունների ռիսկի խմբին, անմիջապես կապ հաստատեք բժշկի հետ: Հակավիրուսային դեղամիջոցները կարող են կրճատել հիվանդության տևողությունը և օգնել ավելի ծանր խնդիրների կանխարգելմանը:
Ե՞րբ դիմել անհետաձգելի բուժօգնության
Եթե ունեք գրիպի ծանր ախտանիշներ, առանց ուշացնելու դիմեք բուժօգնության:
Չափահաս մարդկանց համար անհետաձգելի իրավիճակ է համարվում հետևյալ ախտանիշների զարգացումը՝
- շնչարգելություն և հևոց
- ետկրծոսկրային շրջանում ծանրության զգացում կամ ցավ
- կայուն շարունակվող գլխապտույտ
- ցնցումներ
- առկա առողջական խնդիրների սրացում
- ծայրահեղ թուլություն կամ ուժեղ մկանացավեր:
Երեխաների համար անհետաձգելի բուժօգնություն պահանջող ախտանիշներից են՝
- շնչարգելություն և հևոց
- կապտավուն շրթունքներ
- ետկրծոսկրային ցավեր
- ջրազրկում
- ուժեղ մկանացավեր
- ցնցումներ
- առկա առողջական խնդիրների սրացում:
Հոդվածը վերանայվել է՝ 27-05-2021