Գրադարան
ԹՔՕՀ. կանխարգելում

1 րոպե
Ի տարբերություն որոշ հիվանդությունների, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը (ԹՕՔՀ) ունի հստակ պատճառ և կանխարգելման կոնկրետ միջոցառումներ:
Ավելին, կան քայլեր, որոնք կարող են դանդաղեցնել ԹՕՔՀ-ի հարաճուն զարգացումը:
ԹՕՔՀ-ի պատճառների մեծ մասն ուղղակիորեն կապված է ծխախոտի օգտագործման հետ, ուստի այս հիվանդության կանխարգելման լավագույն տարբերակն ընդհանրապես չծխելն է կամ, եթե ծխող եք, ապա դրանից շուտափույթ և մեկընդմիշտ հրաժարվելը:
Եթե երկար տարիների ծխող եք, այս պարզ իրողությունը ձեզ կարող է թվալ ոչ հեշտ իրականանալի, հատկապես, եթե նախկինում մեկ, երկու կամ բազմաթիվ անգամ փորձել եք դադարեցնել ծխախոտի օգտագործումը: Սակայն, երբեք պետք չէ հուսահատվել և ծխախոտից հրաժարվելու ամեն մի չհաջողված փորձ մոտեցնում է վերջնական նպատակի՝ առողջության վերականգնման իրագործմանը: Եթե ինքնուրույն չի ստացվում, դիմեք ձեր ընտանիքի, ընկերների և, ի վերջո, ձեր բժշկի օգնությանը: Երբեք մի՛ մոռացեք, որ ծխախոտից հրաժարվելը՝ անկախ ծխելու ձեր «ստաժի», ամենաարդյունավետ քայլն է, որ կարող է նվազեցնել ձեր թոքերի հետագա վնասումը:
Աշխատավայրում տարբեր քիմիական գոլորշիների կամ փոշու ազդեցությանը ենթարկվելը ԹՔՕՀ մեկ այլ ռիսկի գործոն է: Եթե ստիպված եք ամեն օր գործ ունենալ ձեր թոքերը գրգռող նյութերի հետ, զրուցեք ձեր ղեկավարի հետ այն մասին, թե ինչպես նվազագույնի հասցնել ձեր և մյուս աշխատակիցների առողջությունը վնասող այդ ազդեցությունը (օրինակ՝ շնչառական պաշտպանության միջոցների օգտագործում, օդափոխության համակարգի արդիականացում և այլն):
ԹՔՕՀ-ի հետ կապված բարդությունների կանխարգելման համար դուք կարող եք՝
- ձերբազատվել ծխախոտից՝ օգնելու սրտային հիվանդության և թոքի քաղցկեղի ռիսկի կրճատմանը
- ստանալ գրիպի դեմ ամենամյա և պնևմոկոկային թոքաբորբի դեմ կանոնավոր պատվաստումներ՝ կանխարգելելու որոշ վարակների ռիսկը
- զրուցել ձեր բժշկի հետ, եթե զգում եք տխրություն, անօգնականություն կամ եթե կարծում եք, որ ունեք հոգեկան ընկճվածություն:
Հոդվածը տեղադրվել է՝ 16-04-2021 վերանայվել է՝ 28-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: