Գրադարան
ԹՔՕՀ. բուժում

4 րոպե
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ (ԹՔՕՀ) բազմաթիվ մարդիկ ունեն հիվանդության թեթև ձևեր, որոնց դեպքում ծխախոտի օգտագործումը դադարեցնելուց բացի քիչ բուժում է պահանջվում:
Նույնիսկ ԹՔՕՀ-ի ծանր դեպքերում հնարավոր է արդյունավետ բուժում, որը կարող է վերահսկել ախտանիշները, դանդաղեցնել հիվանդության հարաճուն զարգացումը, կրճատել բարդությունների և սրացումների ռիսկը, ինչպես նաև բարձրացնել կյանքի որակը:
Ծխախոտից ձերբազատում
ԹՔՕՀ-ի բուժման սկիզբն ու թերևս ամենակարևոր կետը բոլոր տեսակի ծխախոտի օգտագործումից հրաժարվելն է: Ծխելը դադարեցնելը կարող է կանխարգելել հիվանդության վատթարացումը և օգնել շնչառության բարելավմանը: Սակայն ոչ բոլոր ծխողներն են կարողանում հեշտությամբ ազատվել ծխախոտից, հատկապես, եթե նախորդ փորձերը եղել են անհաջող:
Զրուցեք ձեր բժշկի հետ նիկոտինին փոխարինող արտադրանքների և դեղերի մասին, որոնք կարող են օգնել ծխախոտի օգտագործումից ձերբազատվելուն: Միևնույն ժամանակ, թույլ մի տվեք, որ ձեր ներկայությամբ ծխեն և խուսափեք ծխով լի միջավայրերից:
Դեղամիջոցներ
Բժիշկը կարող է նշանակել դեղամիջոցների մի քանի տեսակներ, որոնք կօգնեն ԹՔՕՀ-ի ախտանիշների մեղմացմանը և բարդությունների բուժմանը: Բժիշկը ձեզ կառաջարկի, որ որոշ դեղեր ընդունեք կանոնավոր կերպով, այլ դեղեր՝ միայն անհրաժեշտության դեպքում:
Բրոխալայնիչներ (բրոնխոդիլատատորներ)
Այս դեղամիջոցները սովորաբար վաճառվում են որպես ինհալյատորներ: Դրանք թուլացնում են բրոնխների մկանները և լայնացնում այս օդատար խողովակները՝ հեշտացնելով շնչառությունը և մեղմացնելով հազը: Կախված ձեր հիվանդության ծանրության աստիճանից, բժիշկը կարող է նշանակել կարճաժամկետ ազդեցության բրոնխոդիլատատր, որի կարիքը գուցե զգաք ֆիզիկական ակտիվությունից առաջ կամ երկարատև ազդեցության բրոնխոդիլատատոր, որն ունի կանխարգելիչ նշանակություն և սովորաբար օգտագործվում է ամեն օր: Այլ դեպքերում ձեզ կարող է նշանակվել ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ ազդեցության դեղեր:
Կարճաժամկետ ազդեցության բրոնխոդիլատատորներից են՝
- Ալբուտերոլ (ՊրոԷըր HFA, Վենտոլին HFA և այլն)
- Իպրատրոպիում (Ատրովենտ HFA)
- Լևալբուտերոլ (Քսոպենեքս)։
Երկարաժամկետ ազդեցության բրոնխոդիլատատորներից են՝
- Ակլիդինիում (Դուդորզա Պրեսսէըր)
- Արֆորմոտերոլ (Բրովանա)
- Ֆորմոտերոլ (Պերֆորոմիստ)
- Ինդակատերոլ (Արկապտա Նեոինհեյլեր)
- Տիոտրոպիում (Սպիրիվա)
- Սալմետերոլ (Սերեվենտ)
- Ումեկլիդինիում (Ինկրուզ Էլլիպտա)։
Ինհալացիոն ստերոիդներ
Ինհալացիոն կորտիկոստերոիդային դեղամիջոցները կարող են մեղմացնել շնչուղիների բորբոքումը և օգնել սրացման կանխարգելմանը: Կողմնակի ազդեցություններից են արյունազեղումները, բերանի խոռոչի վարակները և ձայնի խռպոտությունը: Կորտիկոստերոիդներն առանձնահատուկ օգտակար են այն մարդկանց, ովքեր նշում են ԹՔՕՀ-ի հաճախակի սրացումներ:
Ինհալացիոն ստերոիդների օրինակներից են՝
- Ֆլուտիկազոն (Ֆլովենտ HFA)
- Բուդեսոնիդ (Պուլմիկորտ Ֆլեքսհեյլեր)
Համակցված (կոմբինացված) ինհալյատորներ
Որոշ դեղամիջոցներ պարունակում են բրոնխոդիլատատորներ և ինհալացիոն ստերոիդներ: Այսպիսի համակցված դեղամիջոցներից են՝
- Ֆլուտիկազոն և Վիլանտերոլ (Բրեո Էլլիպտա)
- Ֆլուտիկազոն, Ումեկլիդինիում և Վիլանտերոլ (Տրելեջի Էլլիպտա)
- Ֆորմոտերոլ և Բուդեսենիդ (Սիմբիկորտ)
- Սալմետերոլ և Ֆլուտիկազոն (Ադվէրը HFA, ԷըրԴուո Դիջիհեյլեր և այլն)։
Կան նաև մի քանի տեսակի բրոնխոդիլատատորներ պարունակող համակցված դեղամիջոցներ: Դրանց օրինակներից են՝
- Ակլիդինիում և Ֆորմոտերոլ (Դուակլիր Պրեսէըր)
- Ալբուտերոլ և Իպրատրոպիում (Կոմբիվենտ Ռեսպիմատ)
- Ֆորմոտերոլ և Գլիկոպիրրոլատ (Բեվեսպի Էիրոսֆեր)
- Գլիկոպիրրոլատ և Ինդակատերոլ (Ուտիբրոն)
- Օլօդատերոլ և Տիոտրոպիում (Ստիոլտո Ռեսպիմատ)
- Ումեկլիդինիում և Վիլանտերոլ (Անորո Էլլիպտա)։
Բերանային (օրալ) կորտիկոստերոիդներ
ԹՔՕՀ-ի ավելի ծանր ընթացքի շրջանում, երբ կան չափավոր կամ ծանր սրացումներ, կորտիկոստերոիդային դեղահաբերի կարճատև (օրինակ՝ հնգօրյա) բուժման կուրսը կարող է կանխարգելել ախտանիշների հետագա վատթարացումը: Այնուամենայնիվ, այս դեղերի երկարաժամկետ օգտագործումը կարող է առաջացնել ծանր կողմնակի ազդեցություններ, օրինակ՝ քաշի ավելացում, դիաբետ, օստեոպորոզ, կատարակտ և վարակների ռիսկի բարձրացում:
Ֆոսֆոդիէսթերազ-4 արգելակիչներ (ինհիբիտորներ)
ԹՔՕՀ-ի ծանր ձևերով և քրոնիկ բրոնխիտի ախտանիշների դրսևորումների ժամանակ հաստատված դեղերից է Ռոֆլումիլաստը (Դալիռեսպ), որը նվազեցնում է շնչուղիների բորբոքումը և թուլացնում-բացում այդ ուղիները: Տարածված կողմնակի ազդեցություններից են փորլուծությունը և քաշի կորուստը:
Թեոֆիլին
Երբ այլ բուժումներն արդյունավետ չեն կամ դրանց գինը կարևոր նշանակություն ունի, բժիշկը կարող է նշանակել Թեոֆիլին (Էլիքսոֆիլին, Թեո-24, Թեոքրոն)՝ ավելի էժան դեղամիջոց, որը կարող է բարելավել շնչառությունը և կանխարգելել ԹՔՕՀ-ի վատթարացման դրվագները: Կողմնակի ազդեցությունները դեղաչափակախյալ են և կարող են ներառել՝ սրտխառնոց, գլխացավ, արագացած սրտազարկ և դող (տրեմոր), ուստի բուժման ընթացքում կարող է առաջանալ արյան հետազոտությամբ Թեոֆիլինի մակարդակի ստուգման պարբերաբար թեստեր:
Հակաբիոտիկներ
Շնչառական վարակները, օրինակ՝ սուր բրոնխիտը, թոքաբորբը և գրիպը, կարող են սրացնել ԹՔՕՀ-ի ախտանիշները: Հակաբիոտիկները կարող են օգնել ԹՔՕՀ-ի սրացման դրվագների բուժմանը, սակայն խորհուրդ չի տրվում այս դեղամիջոցներն օգտագործել կանխարգելիչ նպատակով: Որոշ հետազոտություններ վկայում են, որ որոշ հակաբիոտիկներ, օրինակ՝ Ազիթրոմիցինը (Զիտրոմաքս), կարող են կանխարգելել ԹՔՕՀ-ի սրացման դրվագները, սակայն կողմնակի ազդեցությունները և հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը կարող են սահմանափակել դրանց օգտագործումը:
Թոքային թերապիաներ
Բժիշկները հաճախ օգտագործում են այս լրացուցիչ բուժումներն այն մարդկանց համար, ովքեր ունեն չափավոր կամ ծանր ԹՔՕՀ։
- Թթվածնային բուժում. եթե ձեր արյան մեջ թթվածնի պարունակությունը բավարար չէ, կարող եք ունենալ լրացուցիչ թթվածնային բուժման կարիք: Կան տարբեր տեսակի սարքեր, որոնք կարող են օգտագործվել թթվածնաբուժման համար: Զրուցեք այս թեմայի շուրջ ձեր բժշկի հետ:
- Թոքային վերականգնողական ծրագիր. այս ծրագրերը սովորաբար ներառում են կրթությունը, վարժանքները և խորհրդատվությունը: Ձեզ հետ կարող են աշխատել տարբեր մասնագետներ:
- Տանը օգտագործվող օդափոխության թերապիա. առկա տվյալները վկայում են, որ BiPAP սարքերի տնային պայմաններում օգտագործումը կարող է օգնել շնչառության բարելավմանը և նվազեցնել արյան մեջ ածխաթթու գազի կուտակումը (հիպերկապնիա), որոնց արդյունքում կրճատվում է հիվանդանոցային բուժման կարիքը:
Սրացումների բուժում
Նույնիսկ շարունակական բուժման պայմաններում ԹՔՕՀ-ը կարող է մի քանի օրով կամ շաբաթներով սրվել, երբ հիվանդության ախտանիշները որևէ պատճառով (շնչառական վարակներ և բորբոքման այլ խթանիչ գործոններ) կամ առանց որևէ պատճառի վատթարանում են (շնչառության վատթարացում, հազի սաստկացում, խորխի բնույթի փոփոխություններ և այլն): Նման իրավիճակներում անհետաձգելի բուժման բացակայության պայմաններում կարող է զարգանալ շնչառական անբավարարություն:
Երբ առկա է ԹՔՕՀ-ի սրացում, ձեր բուժմանը կարող են ավելացվել լրացուցիչ դեղամիջոցներ (օրինակ՝ հակաբիոտիկներ, ստերոիդներ կամ երկուսն էլ), օժանդակող թթվածնային բուժում կամ բուժում հիվանդանոցային պայմաններում:
Վիրահատական բուժում
Վիրահատական բուժում կարող է առաջարկվել որոշ դեպքերում, երբ առկա է ծանր էմֆիզեմա, որի բուժումը միայն դեղամիջոցներով բավարար արդյունավետ չէ: Կախված իրավիճակից, հիվանդության ծանրության աստիճանից և ձեր ընդհանուր առողջական վիճակից, բժիշկը կարող է ձեզ առաջարկել՝
- թոքի ծավալի կրճատման վիրահատություն
- թոքի փոխպատվաստում
- բուլէկտոմիա:
Հոդվածը տեղադրվել է՝ 17-04-2021 վերանայվել է՝ 28-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: