Գրադարան
ԹՔՕՀ. ախտորոշում

1 րոպե
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության (ԹՔՕՀ) սխալ ախտորոշումը տարածված երևույթ է:
ԹՔՕՀ-ով բազմաթիվ մարդիկ կարող են մնալ չախտորոշված, քանի դեռ հիվանդությունը չի ծանրացել:
Հիվանդությունն ախտորոշելիս բժիշկը կգնահատի ձեր ախտանիշները, կքննարկի ընտանեկան և հիվանդության պատմությունը, ինչպես նաև կհետաքրքրվի, թե արդյոք ենթարկվում եք թոքերի գրգռիչների, այդ թվում՝ ծխախոտի ծխի ազդեցությանը: Այնուհետև բժիշկը կզննի ձեզ և սթետոսկոպով կլսի ձեր թոքերը:
Բժիշկը նաև կառաջարկի որոշ հետազոտություններ, որոնք կօգնեն ԹՔՕՀ ախտորոշման հաստատմանը:
- Թոքային ֆունկցիոնալ թեստեր. այս թեստերը չափում են, թե ինչ ծավալի օդ կարող եք ներշնչել և արտաշնչել, ինչպես նաև ինչ քանակության թթվածին կարող են թոքերը տալ արյանը: Բժիշկը կարող է առաջարկել սպիրոմետրիա, որը գնահատում է ձեր բրոնխների նեղացման չափը (դուք խորը ներշնչում եք, պահում շունչը, որից հետո բերանը միանգամյա օգտագործման օդափողին պահելով, թոքերում կուտակված օդը հավասարաչափ արտաշնչում): Այլ թեստերից են թոքային ծավալների և թոքերի դիֆուզիոն ունակությանը չափումը, 6 րոպեանոց քայլքի թեեստը և պուլս օքսիմետրիան:
- Կրծքավանդակի ռենտգեն. կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը կարող է հայտնաբերել էմֆիզեման՝ ԹՔՕՀ-ի գլխավոր պատճառներից մեկը: Ռենտգեն հետազոտությունը նաև կարող է ժխել թոքային այլ հիվանդությունների կամ սրտային անբավարարության առկայությունը:
- Համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ). թոքերի ԿՏ հետազոտությունը կարող է օգնել էմֆիզեմայի հայտնաբերմանը և ԹՔՕՀ-ի վիրահատական բուժման օգուտների գնահատմանը: ԿՏ-ն նաև կարող է նշանակվել՝ հայտնաբերելու կամ բացառելու թոքի քաղցկեղը:
- Զարկերակային արյան գազերի հետազոտություն. սա արյան թեստ է, որն օգնում է գնահատելու, թե թոքերն ինչքան թթվածին են տալիս արյանը և ինչքան ածխաթթու գազ են հեռացնում արյունից:
- Լաբորատոր թեստեր. բժիշկը կարող է նշանակել լաբորատոր թեստեր ոչ թե ԹՔՕՀ ախտորոշելու, այլ ձեր ախտանիշների պատճառները որոշելու կամ այլ հիվանդությունները ժխտելու համար: Օրինակ, լաբորատոր թեստը կարող է օգնել որոշելուն, թե արդյոք ունեք ալֆա-1-անտիտրիպսինի դեֆիցիտի ժառանգական խանգարում, որը կարող է որոշ դեպքերում դառնալ ԹՔՕՀ-ի զարգացման պատճառ:
Հոդվածը տեղադրվել է՝ 16-04-2021 վերանայվել է՝ 28-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: