Գրադարան
ԹՔՕՀ. ինքնօգնություն

2 րոպե
Եթե ունեք թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ), կարող եք ձեռնարկել քայլեր, որոնք բարելավում են ձեր ինքնազգացողությունը և դանդաղեցնում թոքերի վնասումը:
- Վերահսկեք ձեր շնչառությունը. զրուցեք ձեր բժշկի կամ շնչառական թերապևտի հետ, թե ինչպիսի մեթոդներով կարող եք ձեր թոքերի օդափոխությունը դարձնել ավելի արդյունավետ: Ուշադրություն դարձրեք նաև շնչառության դիրքի, էներգիայի խնայողության և թուլացման մեթոդներին առնչվող հարցերին, որոնք կարող եք օգտագործել շնչարգելություն կամ հևոց ունենալիս:
- Մաքրեք ձեր շնչուղիները. ԹՔՕՀ-ի ժամանակ բրոնխներում կարող է կուտակվել լորձ (խորխ), որը ժամանակի ընթացքում թանձրանում է և դժվարությամբ հեռացվում: Վերահսկվող հազը, շատ ջուր խմելը և օդի խոնավացուցիչ օգտագործելը կարող են օգնել շնչուղիներից խորխի հեշտ դուրս բերմանը:
- Զբաղվեք կանոնավոր վարժանքներով. թվում է, թե դժվար կամ անհնար է որևէ ֆիզկական ակտիվություն դրսևորել, երբ ունեք շնչառության հետ կապված խնդիր, սակայն կանոնավոր վարժանքները կարող են բարելավել ձեր ընդհանուր ուժը և դիմադրողականությունը, ինչպես նաև ամրապնդել շնչառական մկանները: Զրուցեք ձեր բժշկի հետ, թե ձեր իրավիճակում ինչ վարժանքներից կարելի է սկսել և ծանրաբեռնվածության ինչ մակարդակի հասնել:
- Դարձրեք ձեր սնունդն առողջարար. առողջ սննդակարգը կարող է օգնել ձեր ուժերի պահպանմանը և ընդհանուր առողջական վիճակի բարելավմանը: Եթե ունեք պակասորդային քաշ, բժիշկը կարող է առաջարկել սննդային հավելումներ: Ավելորդ քաշի կարգավորումն իր հերթին կարող է զգալիորեն օգնել շնչառությանը, առավել ևս, որ գիրությունն ինքնին դժվարացնում է շնչառությունը:
- Խուսափեք ծխից և աղտոտված օդից. ձեր առողջությանը մեծ օգուտ կարող է տալ ինչպես ծխախոտից հրաժարվելը, այնպես էլ ծխոտ միջավայրերից խուսափելը: Հիշեք, որ երկրորդային ծուխը նույնպես կարող է վնասել ձեր թոքերը: Ուշադրություն դարձրեք և խուսափեք նաև բոլոր այն իրավիճակներից կամ միջավայրերից, որտեղ առկա է թոքերի գրգռիչներով աղտոտված օդի վտանգ:
- Պարբերաբար այցելեք ձեր բժշկին. նույնիսկ եթե ձեզ լավ եք զգում, անպայման հետևեք բժշկական այցերի ձեր անհատական գրաֆիկին: Խիստ կարևոր է պարբերաբար ստուգել ձեր թոքերի գործունեությունը, ինչպես նաև գրիպի և այլ վարակների դեմ պատվաստումների ժամանակին ստանալը: Այցերի ընթացքում տեղեկացրեք բժշկին, եթե ունեցել եք ախտանիշների սրացում, նոր ախտանիշների ավելացում, խորխի բնույթի փոփոխություն, ջերմության բարձրացում և այլն:
ԹՔՕՀ-ով ապրելը որոշ մարդկանց համար կարող է դառնալ մեծ փորձություն, հատկապես, եթե ունեք կայունացած շնչառական խնդիրներ: Նման դեպքերում դուք ստիպված եք հրաժարվել ձեր սիրելի որոշ զբաղմունքներից, մշտապես հետևել ձեր ինքնազգացողությանը և նշանակումներին: Այնուամենայնիվ, հիշեք, որ դուք միայնակ չեք և ունեք ընտանիք, ընկերներ և գործընկերներ, որոնց հետ կարող եք զրուցել այն թեմաներով, թե ինչպես կարող են նրանք օժանդակել ձեր հիվանդության դիմակայմանը: Եթե զգում եք խոր ընկճվածություն, ձեր բժշկի խորհրդով դիմեք հոգեբանի:
Հոդվածը տեղադրվել է՝ 16-04-2021 վերանայվել է՝ 28-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: