Սրտի իշեմիկ հիվանդություն

Սրտի իշեմիկ կամ պսակային հիվանդությունն սրտանոթային ամենատարածված հիվանդությունն է:
Այն նաև վաղ մահացության բարձր ռիսկով վիճակ է, որի հիմքում ընկած է սրտի պսակային զարկերակների աթերոսկլերոտիկ ախտահարումը:
Սրտի պսակային (իշեմիկ) հիվանդությունը հանդես է գալիս երկու հիմնական կլինիկական դրսևորումներով՝ սրտամկանի սուր ինֆարկտ (ՍՍԻ) (երբեմն նաև՝ սրտի նոպա կամ սրտային գրոհ) և կրծքային հեղձուկ (ստենոկարդիա): ՍԻՀ ունի բնորոշ (դասական) կամ երբեմն ոչ տիպիկ ախտանիշներ:
Սրտի պսակային (իշեմիկ) հիվանդության հիմքը, ինչպես հուշում է անվանումը, սրտի պսակային անոթներով սրտամկանի արյունամատակարարման նվազումը կամ դադարեցումն է՝ պատճառված այդ անոթների աթերոսկլերոզով: Աթերոսկլերոզի ենթարկված պսակային զարկերի ներքին պատը սկսում է նեղանալ խոլեսթերինի վրա հիմնված ճարպային կուտակումներով: Սա կոչվում է աթերոսկլերոզ, իսկ անոթի լուսանցքը նեղացնող ճարպային կուտակումը՝ աթերոմա:
Աթերոսկլերոզը զարգանում է ապրելակերպային և այլ գործոնների ազդեցությամբ, այդ թվում՝
- նստակյաց կենսակերպ
- մարմնի ավելցուկային քաշ և գիրություն (ճարպակալում)
- ոչ առողջ սննդակարգ
- ծխել
- արյան բարձր խոլեսթերին
- բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
- շաքարախտ (շաքարային դիաբետ):
Եթե ձեր բժիշկը կարծում է, որ ՍԻՀ նկատմամբ դուք ունեք բարձրացած ռիսկ, նա կարող է անցկացնել ձեր ռիսկերի գնահատում: ՍԻՀ նկատմամբ ռիսկի գնահատումը ներառում է ձեզ հետ մանրամասն հարցազրույցը (ընտանեկան պատմություն, ապրելակերպ և սովորույթներ) և որոշ հետազոտություններ, այդ թվում արյան անալիզ:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021