ՍԻՀ վաղ շրջանում ախտանիշները կարող են մնալ աննկատ կամ ի հայտ գալ սրտի ծանրաբեռնված աշխատանքի ընթացքում, օրինակ՝ ֆիզիկական վարժանք կատարելիս:
Երբ պսակային զարկերակների նեղացումը շարունակվում է, սրտամկանը ստանում է ավելի ու ավելի քիչ արյուն, և արդյունքում ախտանիշները դառնում են ավելի անհանգստացնող կամ ավելի հաճախակի:
ՍԻՀ ախտանիշները կարող են ներառել հետևյալը:
- Ետկրծոսկրային ցավ (կրծքահեղձուկ կամ ստենոկարդիա). դուք կարող եք զգալ սրտի շրջանում սեղմող, ճնշող ցավեր (կարող է ներկայացվել՝ կարծես ինչ-որ մեկը կանգնած է կրծքավանդակին): Ցավը հաճախ տեղակայված է կրծոսկրի շրջանում կամ կրծքավանդակի ձախ կեսում և կոչվում է կրծքահեղձուկ (ստենոկարդիա): Ֆիզիկական ակտիվությունը կամ հուզական լարվածությունը կարող են նպաստել կրծքահեղձուկի դրսևորմանը: Ցավը սովորաբար անհետանում է, երբ դրա առաջացմանը նպաստող գործոնը վերանում է (օրինակ՝ ֆիզիկական աշխատանքը դադարեցնելիս և հանգստանալիս): Որոշ մարդկանց, հատկապես կանանց մոտ ցավը կարող է լինել կարճատև կամ սուր և զգացվել պարանոցի, ձեռքի կամ թիկունքի շրջանում:
- Օդի պակասի (հևոց). դուք կարող եք զգալ շնչարգելություն՝ կարծես «շունչը չի հերիքում»:
- Ընդհանուր թուլություն. եթե սիրտը չի կարողանում արտամղել օրգանիզմի պահանջներին համարժեք բավարար արյուն, կարող է զարգանալ անսովոր հոգնածության զգացում:
- Սրտամկանի ինֆարկտ. պսակային զարկերակի լրիվ խցանումն առաջացնում է սրտամկանի ինֆարկտ: Կրծքավանդակի շրջանի անհարմարավետության զգացումը (դիսկոմֆորտ) կամ ցավը նմանվում են կրծքահեղձուկին, սակայն հաճախ դրանք ավելի ուժեղ են կամ ավելի երկար են տևում: Որոշ դեպքերում ցավն ուղեկցվում է օդի սուր անբավարարությամբ և սառը կպչուն քրտնարտադրությամբ: Կանանց մոտ ինֆարկտը կարող է ընթանալ ոչ տիպիկ գանգատներով, օրինակ՝ պարանոցի կամ ստորին ծնոտի ցավերով, սրտխառնոցով (նմանվել «ստամոքսի խանգարմանը») և ընդհանուր թուլությամբ: Երբեմն սրտամկանի ինֆարկտը կարող է ուշադրության արժանի որևէ ախտանիշ չառաջացնել («համր ինֆարկտ»):
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե կարծում եք, որ ձեզ մոտ առկա է սրտամկանի ինֆարկտ, անհապաղ զանգահարեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն։
Եթե ունեք ՍԻՀ ռիսկի գործոններ, օրինակ՝ բարձր արյան ճնշում (հիպերտենզիա), բարձր խոլեստերին, ծխախոտի օգտագործում, դիաբետ, գիրություն կամ սրտային հիվանդության ընտանեկան պատմություն, զրուցեք բժշկի հետ:
Որոշ մարդկանց մոտ ետկրծոսկրային ցավերը ուժեղ չեն, իսկ երբեմն ցավերը կարող են ընդհանրապես բացակայել։ Այլ մարդկանց մոտ կարող են ի հայտ գալ սրտխփոց և օդի պակասի տարօրինակ զգացում։ Շատ հազվադեպ, սակայն լինում են դեպքեր, երբ սրտի իշեմիկ հիվանդությունը (ՍԻՀ) ստանում է «համր» ընթացք և ախտորոշվում բավականին ուշ։
Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2018
Վերջին վերանայում՝ 02-06-2024