ԱՄՆ Սննդի և դեղերի գործակալությունը (FDA) անհետաձգելի օգտագործման թույլատվություն է տվել COVID-19-ի երեք պատվաստանյութերի:
Դրանք են՝
- Pfizer-BioNTech COVID-19 պատվաստանյութ (Comirnaty)` 12 տարեկան և ավելի բարձր տարիքի մարդկանց համար
- Pfizer-BioNTech COVID-19 պատվաստանյութ՝ 6 ամսականից մինչև 11 տարեկան տարիքի համար:
FDA-ն հաստատել է նաև հետևյալ պատվաստանյութերը՝ COVID-19-ը կանխարգելելու համար՝
- Moderna COVID-19 պատվաստանյութ (Spikevax)՝ 18 և ավելի բարձր տարիքի մարդկանց համար
- Moderna COVID-19 պատվաստանյութ՝ 6 ամսականից մինչև 17 տարեկան երեխաների համար
- Novavax COVID-19 օժանդակ պատվաստանյութ՝ 12 և ավելի բարձր տարիքի մարդկանց համար:
Կյանքի համար հնարավոր վտանգ ներկայացնող արյան մակարդման խնդրի ռիսկի պատճառով FDA-ն սահմանափակել է Janssen/Johnson & Johnson պատվաստանյութի օգտագործումը 18 և ավելի բարձր տարիքի որոշ մարդկանց համար: Օրինակները ներառում են մարդիկ, ովքեր սուր ալերգիկ ռեակցիա են ունեցել mRNA COVID-19 պատվաստանյութ ստանալուց հետո և մարդիկ, ովքեր չեն կարող ստանալ mRNA COVID-19 պատվաստանյութ սահմանափակ հասանելիության կամ անձնական մտահոգությունների կամ կրոնական համոզմունքների պատճառով: Եթե դուք ստանում եք այս պատվաստանյութը, համոզվեք, որ հասկացել եք արյան մակարդման խնդրի ռիսկերն ու ախտանիշները:
Ռուսաստանի Դաշնությունը ևս հայտարարագրել է COVID-19-ի պատվաստանյութ, որը «Спутник V» անվան ներքո հաջողությամբ ներդրվել է այդ և մի շարք այլ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:
Պատվաստանյութը կարող է կանխարգելել COVID-19-ով վարակումը կամ կանխել հիվանդության ծանր ընթացքը, եթե, այնուամենայնիվ, վարակվեք վիրուսով: Բացի այդ, COVID-19-ի դեմ պատվաստումը կարող է ավելի լավ պաշտպանություն առաջարկել, քան COVID-19-ով հիվանդանալը։ Վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ չպատվաստված մարդիկ, ովքեր արդեն ունեցել են COVID-19, ավելի քան երկու անգամ ավելի հավանական է, որ նորից վարակվեն COVID-19-ով, քան ամբողջությամբ պատվաստված մարդիկ:
COVID-19-ի կանխարգելման ընդհանուր կանոններ
Դուք կարող եք ձեռնարկել լրացուցիչ քայլեր՝ կրճատելու COVID-19-ով վարակվելու ռիսկը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (WHO) և ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման կենտրոնը (CDC) խորհուրդ են տալիս հետևյալ նախազգուշական միջոցառումները:
- Խուսափեք սերտ շփումից (մինչև 2 մետր) որևէ մեկի հետ, ով վատառողջ է կամ ունի COVID-19-իախտանիշներ:
- Ձեր և մյուս մարդկանց միջև պահեք տարածություն (մինչև 2 մետր): Սա առանձնահատուկ կարևոր է, եթե ունեք ծանր հիվանդության բարձրացած ռիսկ: Հիշեք, որ որոշ մարդիկ կարող են վարակված լինել COVID-19-ով և տարածել այն մյուսներին՝ նույնիսկ եթե չունեն որևէ ախտանիշ կամ չգիտեն, որ վարակված են COVID-19-ով:
- Խուսափեք մարդաշատ միջավայրերից և վատ օդափոխվող սենյակներից:
- Հաճախակի լվացեք ձեր ձեռքերն օճառով առնվազն 20 վայրկյան կամ օգտագործե՛ք ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանման միջոցներից, որոնք պարունակում են նվազագույնը 60% ալկոհոլ:
- Հանրային վայրերում, օրինակ՝ խանութներում, որտեղ դժվար է խուսափել այլ մարդկանց հետ սերտ կոնտակտից, ծածկեք ձեր դեմքը կտորե դիմակով: Առկայության դեպքում կարող են օգտագործել բժշկական (վիրաբուժական) դիմակներ: Բուժաշխատողները պետք է պաշտպանվեն N95 ռեսպիրատորներով (շնչադիմակ):
- Հազալիս կամ փռշտալիս ծածկեք ձեր բերանը և քիթը արմունկով կամ անձեռոցիկով: Աղբաման նետեք օգտագործած անձեռոցիկը և անմիջապես լվացեք ձեր ձեռքերը:
- Խուսափեք ձեր աչքերին, քթին կամ բերանին ձեռքով դիպչելուց:
- Խուսափ՛ք ձեր ափսեները, բաժակները, սրբիչները, անկողնային սպիտակեղենը կամ կենցաղային այլ իրերը մյուսների հետ համատեղ օգտագործելուց, եթե վատառողջ եք:
- Ամեն օր մաքրեք և ախտահանեք շատ շփվող մակերեսները, օրինակ՝ դռան բռնակներ, լույսի անջատիչներ, էլեկտրոնիկա և հաշվիչներ:
- Եթե վատառողջ եք, մնացեք տանը և դուրս մի՛ եկեք աշխատանքի, դպրոց կամ հանրային վայրեր, քանի դեռ չեք ստացել բժշկական օգնություն կամ խորհրդատվություն: Եթե վատառողջ եք, խուսափեք հանրային տրանսպորտից, տաքսիներից և համատեղ ուղևորություններից:
Եթե ունեք որևէ քրոնիկ առողջական խնդիր և կարող եք հայտնվել ծանր հիվանդության ռիսկի խմբում, քննարկեք բժշկի հետ ձեզ պաշտպանելու անհատական լրացուցիչ ուղիները:
Անհրաժեշտություն կա՞, որ ես մեկուսանամ մյուսներից
Որոշ իրավիճակներում, նույնիսկ եթե որևէ գանգատ չի զարգացել, ձեր ընտանիքի մյուս անդամներից և, ընդհանուր առմամբ, այլ մարդկանցից ժամանակավորապես մեկուսանալը խիստ ցանկալի է: Օրինակ, եթե դուք սերտ շփման մեջ եք գտնվել հաստատված COVID-19-ով վարակված մարդու հետ, ապա խորհուրդ է տրվում առնվազն 14 օրվա ընթացքում կտրուկ սահմանափակել որևէ «արտաքին շփումը»:
Նման դեպքերում խնդրում ենք ձեր տարածքային կամ մարզային առողջապահական կազմակերպությունից տեղեկանալ ժամանակավոր ինքնամեկուսացման լավագույն մեթոդների և հմտությունների մասին:
Իհարկե, ըստ անհրաժեշտության դուք կարող եք և պետք է տնից դուրս գաք և այցելեք ձեր բժշկին կամ որևէ բուժհիմնարկ, սակայն ցանկալի է, որ մինչև ձեր այցը տեղեկացնեք նրան հավանական վարակման պատմության մասին:
Ի՞նչ է նշանակում տանը մեկուսանալը
Covid-19-ին բնորոշ գանգատներ զարգանալիս կամ այս վիրուսով վարակման փաստը հաստատվելիս դուք պետք է՝
- առնվազն 14 օր մնաք տանը (բացառությամբ` ձեր բժշկին կամ բուժհիմնարկ այցելելը) և չհաճախեք դպրոց, աշխատավայր, որևէ հանրային տարածք, չօգտվեք հանրային տրանսպորտից կամ այլ փոխադրամիջոցից
- մինչև ձեր բժշկին կամ որևէ բուժհիմնարկ այցելելը նախապես տեղեկացնեք ձեր վերջին ուղևորությունների, Covid-19 կորոնավիրուսով վարակված մարդու հետ շփման կամ ձեր հավանական վարակված լինելու մասին
- չշփվեք ընտանիքի մյուս անդամների հետ, առանձնանաք սենյակներից որևէ մեկում, ըստ հնարավորության՝ օգտվեք միայն առանձին սանհանգույցից և բաղնիքից
- առավելագույնս խուսափեք տարեց, քրոնիկ առողջական խնդիրներով մարդկանց հետ ուղղակի շփումներից (սրտային, թոքային, երիկամային և այլ քրոնիկ հիվանդություններ, դիաբետ և այլն)
- սահմանափակեք ձեր տուն կամ բնակարան այլ մարդկանց և հյուրերի այցերը
- համոզվեք, որ տան ընդհանուր օգտագործման տարածքները լավ օդափոխվում են (օդորակիչ, եթե եղանակային պայմանները թույլ են տալիս՝ բաց պատուհան և այլն)
- այլ մարդկանց (այդ թվում՝ ձեր բժշկի) հետ շփվելիս կրեք վիրաբուժական դիմակ
- հազալիս կամ փռշտալիս ծածկեք ձեր բերանը և քիթը արմունկով կամ միանգամյա օգտագործման անձեռոցիկով, որն օգտագործելուց հետո պետք է անմիջապես նետել փակ աղբարկղ և առնվազն 20 վրկ. լվանալ ձեռքերը օճառաջրով
- հաճախակի և լիարժեք առնվազն 20 վրկ. տևողությամբ օճառաջրով լվանաք ձեր ձեռքերը կամ, եթե դա անհնար կամ անհարմար է, օգտագործեք առնվազն 60% ալկոհոլ պարունակող ախտահանիչներ, որոնք նույնպես օգտագործելուց հետո պետք է անմիջապես նետեք փակ աղբարկղը և առնվազն 20 վրկ. լվանաք ձեր ձեռքերը օճառաջրով
- խուսափեք ձեր աչքերին, քթին կամ բերանին չլվացած ձեռքերով դիպչելուց
- օգտագործեք հատուկ ձեզ համար առանձնացված սպասք, սրբիչներ, սպիտակեղեն և այլ կենցաղային կամ անձնական օգտագործման իրեր, որոնք օգտագործելուց հետո պետք է օճառաջրով լավ լվանալ
- անհապաղ դիմեք բուժօգնության, եթե ի հայտ են գալիս գանգատներ կամ առկա գանգատները վատթարանում են:
Ինչպե՞ս վարվել, եթե ինքս խնամում եմ տանը մեկուսացած անձին
Եթե դուք խնամում եք COVID-19-ով ենթադրյալ կամ հաստատված վարակված մարդու, ապա պետք է հետևել այս կանոններին՝
- կրել միանգամյա օգտագործման բժշկական դիմակ, ձեռնոց կամ անձեռոցիկ, հատկապես, երբ հպվում եք խնամվող անձի արյան, քրտինքի, թքի, փսխման զանգվածների, մեզի, կղանքի կամ այլ արտաթորանքների հետ
- դիմակները, ձեռնոցները կամ անձեռոցիկներն օգտագործել միայն մեկ անգամ և օգտագործելուց հետո անմիջապես նետել փակ աղբարկղը
- անմիջապես լվալ ձեռքերը օգտագործված դիմակը, ձեռնոցները կամ անձեռոցիկները փակ աղբարկղ նետելուց հետո
- ամեն օր լավ մաքրել հաճախակի հպվող մակերեսները, օրինակ՝ սեղաններ, դռների և պատուհանների բռնակներ, հեռախոսներ, համակարգչային պարագաներ (մկնիկ, ստեղնաշար), սանհանգույցի և բաղնիքի իրեր և պարագաներ, կողապահարաններ և այլն
- լավ մաքրել արյունով, արտազատուկով կամ օրգանիզմի որևէ այլ կենսահեղուկով աղտոտված մակերեսները
- լիարժեք լվանալ օգտագործված հագուստը և այլ փափուկ իրերը (սրբիչ և այլն):
Կարո՞ղ է երեխաս հաճախել մանկապարտեզ կամ դպրոց
Դուք պետք է խուսափեք երեխաներին մանկապարտեզ, դպրոց կամ մեկ այլ վայր ուղարկելուց, եթե նրանք շփում են ունեցել COVID-19-ով հաստատված վարակված անձի հետ (նման իրավիճակում երեխաներին պետք է տանը մեկուսացնել առնվազն 14 օրվա ընթացքում):
Խնդրում ենք ձեր տարածքային կամ մարզային առողջապահական կազմակերպությունից ստանալ դպրոց կամ այլ վայր երեխաների հաճախելու վերաբերյալ լրացուցիչ խորհուրդներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-03-2021
Վերջին վերանայում՝ 04-04-2024