COVID-19. բուժում
14-03-2021
2 րոպե

Ներկայում զարգացած երկրներում COVID-19-ի բուժման մեջ հաստատված դեղերը խիստ սահմանափակ կամ եզակի են:
Օրինակ, ԱՄՆ-ի FDA կազմակերպությունը հաստատել է միայն մեկ հակավիրուսային դեղամիջոց՝ Ռեմդեսիվիր (Վեկլուրի) որպես հիվանդանոցային բուժում ստացող չափահասների և 12 տարեկանը լրացած երեխաների COVID-19-ի բուժման միակ դեղամիջոց:
Հակաբիոտիկները վիրուսային վարակների, այդ թվում՝ COVID-19-ի նկատմամբ արդյունավետ չեն: Մինչ օրս հետազոտողները ստուգում են հնարավոր բուժումների բազմաթիվ տարբերակների օգտակարությունը:
Որոշ դեպքերի համար անհետաձգելի օգտագործման համար FDA-ն երաշխավորել է նաև ռևմատոիդ արթրիտի դեղերից Բարիցիտինիբի (Օլումիանտ) օգտագործումը: Վերջինս հաբ է, որը COVID-19-ի ժամանակ ցուցաբերում է հակաբորբոքային և հակավիրուսային ազդեցություն: Ռեմդեսիվիրի և Բարիցիտինիբի զուգակցում կարելի է շնչառական անբավարարությամբ ընթացող COVID-19-ով մարդկանց, ովքեր ստանում են հիվանդանոցային բուժում:
Որպես անհետաձգելի բուժօգնության միջոցներ FDA-ն երաշխավորել է նաև երեք մոնոկլոնային հակամարմինային դեղամիջոցներ (Բամլանիվիմաբ, Բամլանիվիմաբի և Էտեսեվիմաբի զուգակցում և Կազիրիվիմաբի և Իմդեվիմաբի զուգակցում): Մոնոկլոնային հակամարմինները լաբորատորիաներում ստեղծված սպիտակուցներ են, որոնք կարող են օգնել վիրուսների դեմ իմունային համակարգի պայքարին: Այս երեք դեղերն էլ կարող են նշանակվել թեթևից մինչև մինջին ծանրության COVID-19-ով այն մարդկանց բուժման մեջ, ովքեր ունեն ծանր հիվանդության կամ բարդության զարգացման բարձր ռիսկ: Բուժումը կազմված է մեկանգամյա ներերակային ներարկումից և առավել արդյունավետ է, եթե նշանակվում է COVID-19-ի ախտանիշների զարգացումից անմիջապես հետո՝ մինչև հոսպիտալացումը:
ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտները խորհուրդ են տվել Դեքսամեթազոն կորտիկոստերոիդը ծանր COVID-19-ով այն մարդկանց, ովքեր ստանում են հիվանդանոցային բուժում և ունեն լրացուցիչ թթվածնի կամ մեխանիկական գազափոխանակության կարիք: Այլ կորտիկոստերոիդները (օրինակ՝ Պրեդնիզոն, Մեթիլպրեդնիզոլոն կամ Հիդրոկորտիզոն) նույնպես կարող են նշանակվել, եթե Դեքսամեթազոնը մատչելի չէ:
FDA-ն նաև երաշխավորել էր COVID-19-ն բուժելիս առողջացած պլազմի փոխներարկումը: Այս պլազման ստացվում է COVID-19-ից առողջացած մարդու դոնորական արյունից և նշանակվում էր COVID-19-ի դեմ հիվանդանոցային բուժում ստացող մարդկանց:
COVID-19-ով բազմաթիվ մարդիկ, ում մոտ առկա են միայն թեթև ախտանիշներ, կարող են ստանալ օժանդակող միջոցներ։ Օժանդակող բուժման նպատակն ախտանիշները թեթևացնելն է։ Այն ներառում է՝
- սովորական ցավազրկողներ, օրինակ՝ Իբուպրոֆեն կամ Ացետամինոֆեն (Պարացետամոլ, Թայլենոլ)
- հազի օշարակ կամ դեղեր
- հանգիստ ռեժիմ
- հեղուկներ:
Դեռևս որևէ տվյալ չկա այն մասին, որ COVID-19-ի ժամանակ Իբուպրոֆենից կամ որևէ այլ ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղից (ՈՍՀԲԴ) պետք է հրաժարվել:
Եթե ձեզ մոտ COVID-19-ն ընթանում է թեթև, բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ մնաք տանը: Նա ձեզ կտա հատուկ հրահանգներ, թե ինչպես վերահսկել ախտանիշները և կանխարգելել հիվանդության տարածումն այլ մարդկանց: Օրինակ, բժիշկը կարող է հրահանգել, որ անմիջապես զանգեք նրան, եթե ունեք դժվաշնչառություն, խոսքի կամ շարժման ունակության կորուստ, շփոթվածություն կամ կրծքավանդակային ցավեր։
Խորհուրդ է տրվում նաև ախտորոշվելուց հետո և բուժման ողջ ընթացքում ինքնամեկուսանալ ձեր ննջարանում՝ հնարավորինս խուսափելով մարդկանց հետ շփվելուց կամ հազվադեպ շփելով միայն բժշկական դիմակով, ինչպես նաև խստիվ պահպանելով անձնական հիգիենայի կանոնները:
Կարանտինում գտնվելու ժամանակ մի' այցելեք աշխատանքի, դպրոց կամ հասարակական վայրեր։ Խնդրեք որևէ մեկին, որ ապահովի ձեզ սնունդով և առաջին անհրաժեշտության պարագաներով։
Բժիշկը նաև կարող է խորհուրդ տալ պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը հիվանդության ախտանիշները մեղմանալուց կամ անհետանալուց հետո որոշ ժամանակ ևս (ընդհանուր՝ 14 օր):
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022