Դեմենցիայի ախտանիշները և վարքաբանական խնդիրները ժամանակի ընթացքում հարաճուն խորանում են:
Խնամակալները և խնամք տարամադրող անձինք կարող են փորձել հետևյալ առաջարկները:
- Ընդլայնեք հաղորդակցությունը. ձեր սիրելի մարդու հետ զրուցելիս պահպանեք աչքերի շփումը։ Խոսեք դանդաղ և պարզ նախադասություններով, և մի՛ շտապեք պատասխանել: Մեկ խոսքով ներկայացրեք միայն մեկ միտք կամ հրահանգ: Օգտագործեք ժեստեր և ազդանշաններ, օրինակ՝ մատնացույց անելով առարկաները:
- Խրախուսեք վարժանքները. դեմենցիա ունեցող մարդկանց ֆիզիկական վարժանքների հիմնական օգուտները ներառում են ուժի, հավասարակշռության և սրտանոթային առողջության բարելավումը: Վարժանքները նաև կարող են օգնել այնպիսի ախտանիշների դեպքում, ինչպիսին է անհանգստությունը: Աճող ապացույցներ կան, որ վարժանքները նաև գլխուղեղը պաշտպանում են դեմենցիայից, հատկապես, երբ զուգակցվում են առողջ սննդակարգի և սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնների բուժման հետ: Որոշ հետազոտություններ նաև ցույց են տալիս, որ ֆիզիկական ակտիվությունը կարող է դանդաղեցնել Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ խանգարված մտածողության զարգացումը և կարող է մեղմացնել դեպրեսիայի ախտանիշները:
- Ներգրավեք որևէ գործի մեջ. պլանավորեք այն զբաղմունքը, որը դուր է գալիս և կարող է անել դեմենսիա ունեցող անձը: Պարը, նկարելը, այգեգործությունը, խոհարարությունը, երգելը և այլ զբաղմունքները կարող են զվարճալի լինել, օգնել ձեզ, որ կապ հաստատեք ձեր սիրելիի հետ և նաև կարող են օգնել նրան, որ կենտրոնանա այն ամենի վրա, ինչ նա դեռ կարող է անել:
- Ստեղծեք գիշերային ծես. գիշերները վարքագծերը հաճախ վատանում են: Փորձեք սահմանել քնելու ծեսեր, որոնք հանգստացնող են և հեռու հեռուստացույցի աղմուկից, ճաշի մաքրումից և ընտանիքի ակտիվ անդամներից: Ննջասենյակում, միջանցներում և զուգարանում վառ թողեք գիշերային լույսերը՝ ապակողմնորոշումը կանխելու համար: Կոֆեինի սահմանափակումը, ցերեկային ժամերի ննջելը այլ զբաղմունքներով փոխարիները և օրվա ընթացքում վարժանքների հնարավորություն տալը կարող է թեթևացնել գիշերային անհանգստությունը:
- Պահեք օրագիր. օրագիրը կարող է օգնել ձեր սիրելիին, որ հիշի գալիք իրադարձությունները, ամենօրյա գործերը և դեղորայքի ժամանակացույցը: Մտածեք օրագիրը ձեր սիրելիի հետ քննարկելու մասին:
- Պլանավորեք ապագան. մշակեք ծրագիր ձեր սիրելիի հետ, քանի դեռ նա կարող է մասնակցել, որը սահմանում է ապագա խնամքի նպատակները: Աջակցող խմբերը, իրավախորհրդատուները, ընտանիքի անդամները և այլ մարդիկ կարող են օգնել: Դուք պետք է հաշվի առնեք ֆինանսական և իրավական խնդիրները, անվտանգության և առօրյա կյանքի խնդիրները և երկարաժամկետ խնամքի տարբերակները:
Այլընտրանքային բժշկություն
Մի քանի սննդային հավելումներ, բուսական միջոցներ և թերապիաներ ուսումնասիրվել են դեմենցիա ունեցող մարդկանց համար: Բայց դրանցից որևէ մեկի համար համոզիչ ապացույց չկա:
Զգույշ եղեք, երբ մտածում եք սննդային հավելումներ, վիտամիններ կամ բուսական միջոցներ ընդունելու մասին, հատկապես, եթե այլ դեղամիջոցներ եք ընդունում: Այս միջոցները կանոնակարգված չեն, և դրանց օգուտների մասին պնդումները միշտ չէ, որ հիմնված են գիտական հետազոտությունների վրա:
Թեև որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ վիտամին E-ի հավելումները կարող են օգտակար լինել Ալցհեյմերի հիվանդության դեպքում, արդյունքները տարբեր են: Բացի այդ, վիտամին E-ի բարձր չափաբաժինները կարող են վտանգներ ներկայացնել: Վիտամին E-ի հավելումներ ընդունելը սովորաբար խորհուրդ չի տրվում, սակայն կարող եք ձեր սննդակարգում ներառել վիտամին E-ով հարուստ մթերքներ, օրինակ՝ ընկույզ:
Այլ թերապիաներ
Հետևյալ մեթոդները կարող են դեմենցիայով տառապող մարդկանց մոտ օգնել գրգռվածության (աժիտացիա) նվազեցմանը և նպաստել ռելաքսացիային (թուլացում):
- երաժշտաբուժություն, որը ներառում է հանգստացնող երաժշտություն լսելը
- թեթև վարժանքներ
- ընտանիքի անդամների մասին տեսանյութերի դիտում
- կենդանիների թերապիա, որը ներառում է կենդանիների օգտագործումը դեմենցիա ունեցող մարդկանց տրամադրության և վարքագծի բարելավման համար
- արոմաթերապիա, որն օգտագործում է բուրավետ բուսական յուղեր
- մերսման թերապիա
- Արտ-թերապիա, որը ներառում է արվեստով զբաղվածություն՝ կենտրոնանալով բուն գործընթացի վրա, այլ ոչ թե արդյունքի վրա:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-02-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024