Դեմենցիայի և դրա տեսակի ախտորոշումը կարող է դժվար լինել:
Դեմենցիայի պատճառն ախտորոշելու համար բժիշկը պետք է բացահայտի հմտությունների և գործառույթների կորստի օրինաչափությունը և որոշի, թե տվյալ մարդը դեռ ինչ կարող է անել: Բոլորովին վերջերս հասանելի են դարձել բիոմարկերները, որոնք կարող են օգնել Ալցհեյմերի հիվանդության ավելի ճշգրիտ ախտորոշմանը:
Ձեր բժիշկը կգնահատի ձեր հիվանդության պատմությունը և ախտանիշները և կանցկացնի բուժզննում: Նա, ամենայն հավանականությամբ, ձեր ախտանիշների մասին հարցեր կտա նաև ձեզ ուղեկցող ընտանիքի անդամին:
Ոչ մի հետազոտություն չի կարող ախտորոշել դեմենցիան, ուստի բժիշկները, ամենայն հավանականությամբ, կանցկացնեն մի շարք թեստեր, որոնք կօգնեն հստակեցնել խնդիրը:
Կոգնիտիվ և նյարդահոգեբանական թեստեր
Բժիշկները կգնահատեն ձեր մտածելու ունակությունը։ Մի շարք թեստեր չափում են մտածողության հմտությունները, ինչպիսիք են հիշողությունը, կողմնորոշումը, բանականությունը և դատողությունը, լեզվական հմտությունները և ուշադրությունը:
Նյարդաբանական գնահատում
Բժիշկները գնահատում են ձեր հիշողությունը, խոսքը, տեսողական ընկալումը, ուշադրությունը, խնդիրների լուծումը, շարժողականությունը, զգացողությունները, հավասարակշռությունը, ռեֆլեքսները և այլ ոլորտներ:
Գլխուղեղի պատկերային թեստեր
- Համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ) կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ). այս հետազոտությունները կարող են ստուգել ինսուլտի կամ արյունահոսության, ուռուցքի կամ հիդրոցեֆալիայի առկայությունը
- Պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիա (ՊԷՏ). այս հետազոտությունը կարող է ցույց տալ գլխուղեղի գործունեության առանձնահատկությունները և ուղեղանյութում ամիլոիդ կամ տաու սպիտակուցի կուտակման առկայությունը, որոնք Ալցհեյմերի հիվանդության բնորոշ նշաններն են:
Լաբորատոր թեստեր
Սովորական արյան թեստերը կարող են հայտնաբերել ֆիզիկական խնդիրներ, որոնք կարող են ազդել գլխուղեղի գործունեության վրա, ինչպիսիք են վիտամին B12-ի դեֆիցիտը կամ վահանաձև գեղձի անբավարարությունը: Երբեմն ողնուղեղային հեղուկը հետազոտվում է վարակի, բորբոքման կամ որոշ դեգեներատիվ հիվանդությունների մարկերների համար:
Հոգեբուժական գնահատում
Որոշ դեպքերում անհրաժեշտ է լինում ախտորոշման գործընթացում ներգրավել նաև հոգեբույժ, որ պարզվի, թե արդյոք ձեր ախտանիշների առաջնային պատճառը դեպրեսիան կամ որևէ այլ հոգեկան հիվանդությունն է:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-06-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024