Ներկայում շաքարային դիաբետի բուժման մեջ նշանակվում են տարբեր խմբերի և ազդեցության դեղեր։
Այն, թե բժիշկը ձեզ ինչ դեղ կնշանակի, կախված է ինչպես ձեր դիաբետի տեսակից, այնպես էլ հիվանդության ընթացքից, ծանրության աստիճանից, առողջական ընդհանուր վիճակից և ձեր ապրելակերպից։ Դիաբետի դեղերի նպատակն է ձեր արյան շաքարի մակարդակը նորմալ՝ առողջ միջակայքում կայուն կերպով երկարատև պահպանելը և հնարավոր բարդությունների կանխարգելումը։
2-րդ տիպի դիաբետով մարդկանց մեծ մասը հիվանդության սկզբնական փուլում կարող է հիվանդության ընթացքը վերահսկելի դարձնել սննդակարգն առողջացնելու, կանոնավոր ֆիզիկական ակտիվության և մարմնի քաշը կարգավորելու միջոցով։ Այնուամենայնիվ, հիվանդության զարգացումը կարող է հանգեցնել նրան, որ արյան շաքարի մակարդակի կարգավորման և բարդությունները կանխելու համար կարիք առաջանա ընդունելու որոշ դեղամիջոցներ։
Գոյություն ունեն դիաբետի դեմ (հակադիաբետային) դեղամիջոցների տարբեր տեսակներ, որոնք ազդում են տարբեր մեխանիզմներով, ունեն տարբեր օգուտներ և կողմնակի ազդեցություններ։
- Ինսուլին. ինսուլինը հորմոն է, որն օգնում է արյունից դեպի բջիջներ գլյուկոզի տեղափոխմանը և որպես էներգիայի աղբյուր յուրացմանը։ 1-ին տիպի դիաբետի ժամանակ ենթաստամոքսային գեղձն արտադրում է շատ քիչ քանակով ինսուլին կամ ընդհանրապես ինսուլին չի արտադրում։ Նման վիճակը պահանջում է ինսուլինային փոխարինող բուժում, որը պետք է շարունակվի ողջ կյանքի ընթացքում։ 2-րդ տիպի և հեստացիոն (հղիների) դիաբետով որոշ անձանց բուժման որոշ փուլերում ևս բժիշկը կարող է նշանակել ինսուլին։
- Մետֆորմին. 2-րդ տիպի դիաբետով բազմաթիվ մարդիկ իրենց բուժումը սկսում են Մետֆորմինով, որը նվազեցնում է բարձր արյան շաքարը (հիպերգլիկեմիա) և որոշ չափով խթանում բջիջների կողմից գլյուկոզի յուրացումը։
- Սուլֆոնիլմիզանյութի խմբի դեղամիջոցներ. սուլֆոնիլուրեաները խթանում են ենթաստամոքսային գեղձը, որ ուժեղանա ինսուլինի արտադրությունը։ Որոշ դեպքերում այս խմբի դեղերը նշանակվում են որպես Մետֆորմինին այլընտրանք կամ ավելացվում են վերջինիս, եթե Մետֆորմինը, առողջ սննդակարգը և ֆիզիկական ակտիվությունը միասին չեն կարողանում գլյուկոզի մակարդակը պահպանել կայուն ցանկալի ցուցանիշների վրա։ Մինչ օրս ստեղծվել են սուլֆոնիլուրեաների երեք սերունդներ։ Առաջին սերնդի դեղամիջոցներից են՝ Ացետոհեքամիդ, Կարբուտամիդ, Քլորպրոպամիդ, Գլիցիկլամիդ, Մետահեքամիդ, Տոլազամիդ և Տոլբուտամիդ: Երկրորդ սերնդի դեղամիջոցներից են՝ Գլիբենկլամիդ, Գլիբորնուրիդ, Գլիպիզիդ, Գլիխիդոն, Գիզօքսեպիդ և Գլիկոպիրամիդ: Երրորդ սերնդի դեղամիջոցների օրինակներից է Գլիմեպիրիդը, որը երբեմն սա դասվում է երկրորդ խմբին։
- Այլ դեղամիջոցներ. վերջին տարիներին արտադրված նոր դեղամիջոցներից են՝ գլիպտիններ, գլիտազոններ (թիազոլիդինեդիոններ), Ակարբոզ և GLP-1 անալոգներ (էքսենատիդ)։ Պարտադիր չէ, որ դրանք լինեն ավելի լավը, քան մինչ այդ օգտագործվողները։ Դրանք կարող են արդյունավետ կերպով նվազեցնել արյան շաքարի մակարդակը, սակայն դեռ վերջնական նկարագրված չէ, թե կարող են արդյոք այս դեղերը կանխարգելել դիաբետի երկարաժամկետ բարդությունները։
Դեղամիջոցների փոփոխություններ
Ժամանակի ընթացքում դիաբետի ընթացքը կարող է փոփոխվել, ինչը նշանակում է, որ ձեր նշանակումները ևս կարող են վերանայվել։ Օրինակ, ձեր բժիշկը կարող է առաջարկել նվազեցնել կամ ավելացնել ձեր սովորական դեղահաբի դեղաչափը, փոխարինել մեկ դեղամիջոցը մյուսով կամ ավելացնել այլ անվանումներ։
Անկախ նրանից, թե որ խմբի կամ ինչ դեղամիջոց եք ընդունում, շատ կարևոր է, որ շարունակեք ձեր արյան շաքարը պահել մշտական հսկողության ներքո։
Հոդվածը հրապարակվել է՝ 01-05-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024