Դիաբետ․ բուժում
12-05-2019
2 րոպե

Դիաբետի բուժումը կախված է տեսակից, հիպերգլիկեմիայի մակարդկակից և մյուս ախտանիշների ծանրության աստիճանից, բարդությունների առկայությունից և ուղեկցող վիճակներից։
1-ին տիպի դիաբետի ժամանակ բժիշկը նշանակում է ինսուլինային փոխարինող բուժում, որի դեպքում ինսուլինի ներարկումները շարունակվում են ողջ կյանքի ընթացքում, ինչպես նաև առողջ սննդակարգ և սնման անհատական պլան, կանոնավոր ֆիզիկական վարժանքներ և արյան գլյուկոզի հսկողություն։ Բժիշկը որոշում է ինսուլինի դեղաչափը և տեսակը՝ ելնելով արյան գլյուկոզի մակարդակից, ինսուլինի նկատմամբ ձեր օրգանիզմի պատասխանից, ընդհանուր առողջական վիճակից և մի շարք այլ գործոններից։
Դիաբետի բուժման նպատակը արյան գլյուկոզի մակարդակը «նորմալ» միջակայքին հնարավորինս մոտ պահելն է, այն է՝ քաղցած վիճակում 4-6 մմոլ/լ։ Արյան գլյուկոզի մակարդակն «առողջ» միջակայքում պահելը թույլ է տալիս կանխարգելել դիաբետի ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ բարդությունները։
Արյան գլյուկոզի մակարդակի հսկողությունը կարևոր է ոչ միայն 1-ին, այլ նաև 2-րդ տիպի դիաբետի ժամանակ, երբ նշանակվում են միայն խմելու դեղեր։ Ցավոք, ոչ բոլոր մարդիկ են հետևում այս կանոնին և կարող են ամիսներ շարունակ չստուգել իրենց գլյուկոզը։
2-րդ տիպի դիաբետի կառավարումը երբեմն կարող է մեկնարկել միայն ապրելակերպի «առոողջացման» միջոցառումներով՝ առողջ սննդակարգով և կանոնավոր վարժանքներով։ Սակայն, երբ հիվանդությունը զարգանում է և միայն առողջ ապրելակերպով չի հաջողվում կարգավորել գլյուկոզի մակարդակը, նշանակվում են նաև խմելու դեղեր` «դիաբետի հաբեր»։
Դիաբետի հաբերը ինսուլին չեն պարունակում, այլ նշանակվում են, որ կայունացնեն գլյուկոզի մակարդակը նորմալ միջակայքին մոտ մակարդակների վրա։ Այս դեղերն ազդում են, եթե ենթաստամոքսային գեղձում (թեկուզ քիչ) արտադրվում է ինսուլին:
Խնդրում ենք ուշադրություն դարձնել այն կարևոր հանգամանքի վրա, որ դեղերը ոչ թե փոխարինում են առողջ ապրելակերպին, այլ լրացնում այն։
Երբեմն անհրաժեշտություն է առաջանում 2-րդ տիպի դիաբետով մարդկանց նշանակել նաև ինսուլին, հատկապես, երբ զարգացել են դիաբետի բարդություններ կամ դրանք ստացել են ծանր ընթացք։ 2-րդ տիպի դիաբետի ծանր ընթացքի դեպքում ձեզ հետ զրուցելուց հետո բժիշկը կարող է որոշել, որ դուք լրիվությամբ անցնեք ինսուլինային բուժմանը։
Հոդվածը վերանայվել է՝ 25-04-2021