Դիաբետի վաղ ախտորոշումը թույլ է տալիս հնարավորինս շուտ սկսել բուժումը և խուսափել բարդություններից։
Դիաբետն ախտորոշվում է արյան հետազոտությամբ։ Ձեր բժիշկը նաև կհետաքրքրվի ձեր գանգատներով ու ախտանիշներով, ինչպես նաև ձեր հիվանդության և ընտանեկան պատմություններով (անամնեզ):
Դիաբետն ախտորոշելու համար անհրաժեշտ է ոչ թե մազանոթային, այլ երակային արյան հետազոտություններ, որոնցից են՝
- քաղցած վիճակում արյան շաքարի (գլյուկոզ) թեստ, որի դեպքում արյունը հանձնելուց առնվազն 8 ժամ առաջ, այսինքն՝ գիշերվա ընթացքում և առավոտյան՝ մինչև լաբորատորիա այցելելը պետք է դադարեցնեք որևէ բան ուտելը կամ խմելը (բացառությամբ ջրի)
- օրվա պատահական ժամի արյան գլյուկոզի թեստ
- գլյուկոզի տոլերանտության թեստ (ԳՏԹ), երբ ձեզնից արյան նմուշառում կատարում և հետազոտում են երեք անգամ՝ քաղցած վիճակում և շաքարաջուր խմելուց 1 և 2 ժամ հետո։ ԳՏԹ հետազոտությունը պահանջում է որոշ նախապատրաստություն, որի մասին լրացուցիչ տեղեկություն կարող եք ստանալ ձեր բժշկից կամ բժիշկ-լաբորանտից։
Բժիշկը նաև կարող է նշանակել HbA1c թեստ (գլիկոզիլացված հեմոգլոբին), որը չափում է շաքարի մոլեկուլով կապված հեմոգլոբինի տոկոսը: Հեմոգլոբինը սպիտակուց է, որն արյան կարմիր բջիջներին տալիս է կարմիր գույն: HbA1c թեստը գնահատում վերջին մի քանի ամսվա ընթացքում արյան շաքարի միջին մակարդակը։
Կարո՞ղ է արդյոք դիաբետն ախտորոշվել գլյուկոմետրով կամ մեզի հետազոտությամբ
Դիաբետը չի կարելի ախտորոշել՝ հիմնվելով միայն մազանոթային արյան գլյուկոզը չափող գլյուոմետրի ցուցանիշի կամ մեզում գլյուկոզի մակարդակի վրա։ Բժիշկը կարող է գլյուկոմետրով չափել ձեր գլյուկոզը, բայց վերջնական ախտորոշման համար անհրաժեշտ է կատարել երակային արյան հետազոտություն։
Ինչպե՞ս է բժիշկը իմանում, թե դիաբետի որ տեսակն է ինձ մոտ
Չափահաս մարդկանց մոտ երբեմն դժվար է 1-ին տիպի դիաբետը տարբերակել 2-րդից։ Նման դեպքերում բժիշկը սովորաբար ուսումնասիրում է դիաբետի ախտանիշների պատմությունը և ծանրության աստիճանը, ինչպես նաև 1-ին տիպի դիաբետ կասկածելիս նշանակում լրացուցիչ արյան թեստեր։
Բժիշկը նաև կարող է ստուգել արյան մեջ կամ մեզում կետոնների առկայությունը։ Կետոնները կարող են վկայել այն մասին, որ ձեր օրգանիզմը ենթարկվում է զգալի սթրեսի (սովորաբար կապված է մարմնի քաշի կտրուկ կորստի հետ):
Կան դիաբետի տեսակը որոշելուն օգնող այլ անալիզներ ևս, օրինակ՝ արյան մեջ ինսուլինի մակարդակի չափում կամ իսնուլինի կամ ինսուլինային ընկալիչների նկատմամբ որոշ հակամարմինների առկայության որոշում։
Եթե դիաբետի տեսակի որոշումը որոշ ժամանակ է պահանջում, կարևոր է, որ այդ ընթացքում պահեք ձեր բժշկի հետ կապը և կատարեք նրա բոլոր ցուցումները։
Ի՞նչ անել, եթե ձեր գլյուկոզը շեղված է, բայց դիաբետ չի ախտորոշվում
Որոշ մարդկանց մոտ քաղցած վիճակում արյան գլյուկոզի մակարդակը նորմալ միջակայքից բարձր է, բայց՝ ոչ այնքան, որ ախտորոշվի 2-րդ տիպի դիաբետ։ Նման վիճակում բժիշկը կարող է նշանակել ԳՏԹ և տեղեկացնել, որ ձեզ մոտ առկա է նախադիաբետ։
Նախադիաբետի ժամանակ դուք կարիք ունեք ավելի մեծ ուշադրությամբ հսկել ձեր արյան գլյուկոզը, անցնել առողջ ապրելակերպի և հետևել ձեր բժշկի բոլոր խորհուրդներին։
Իմացե՛ք ավելին նախադիաբետի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024