Շաքարային դիաբետն ունի բազմաթիվ ռիսկի գործոններ:
Դիաբետի որոշ ռիսկի գործոններից վրա մենք չենք կարող ազդել՝ գեներ, տարիք կամ անցյալում տեղ գտած վարքագծեր, սակայն դրանց կողքին կան նաև այնպիսի գործոններ, որոնք գտնվում են մեր անմիջական վերահսկողության ներքո։ Դիաբետի կանխարգելումը ոչ այլ ինչ է, քան երկրորդ տեսակի՝ ձևափոխելի ռիսկի գործոնները կրճատելը։
Դիաբետի տարբեր տեսակներն ունեն կանխարգելման տարբեր մոտեցումներ։
Ինչ վերաբերվում է 1-ին տիպի դիաբետին, այս հիվանդության հստակ պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն մենք գիտենք, որ այն չի պատճառվում անառողջ սննդակարգից կամ ֆիզիկական անբավարար («նստակյաց») ապրելակերպից։ Դիաբետի այս տեսակն աուտոիմուն հիվանդություն է, որի ժամանակ օրգանիզմի իմունային համակարգը գրոհում և վնասում է ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բջիջները։ Գեները կարևոր դեր են խաղում, ուստի 1-ին տիպի դիաբետի վերաբերյալ ընտանեկան պատմությունը բարձրացնում է հիվանդության ռիսկը։ Ներկայումս որևէ միջոց չկա, որը կկարողանար կանխարգել 1-ին տիպի դիաբետը։
Ի տարբերություն ինսուլին-կախված դիաբետին, 2-րդ տիպի դիաբետը զարգանում է որպես ժառանգական և միջավայրային տարբեր գործոնների զուգակցման արդյունք։ Հիվանդության զարգացման ռիսկը զգալիորեն բարձրանում է, եթե ունեք բարձր արյան ճնշում, ավելորդ քաշ կամ գիրություն, ֆիզիկապես անբավարար ակտիվ եք կամ օգտագործում եք անառողջ սնունդ։ Դուք կարող եք հետաձգել 2-րդ տիպի դիաբետի զարգացումը կամ նույնիսկ կանխարգելել այս հիվանդությունը (կամ օգնել բուժմանը)՝ հետևելով այս քայլերին՝
- պահպանեք առողջ քաշ
- եղեք ֆիզիկապես ակտիվ
- դարձրեք ձեր սննդակարգն առողջ
- կառավարեք ձեր արյան բարձր ճնշումը
- կառավարեք ձեր արյան բարձր խոլեստերինը
- մի՛ ծխեք։
Հոդվածը հրապարակվել է՝ 13-05-2019
Վերջին վերանայում՝ 02-06-2024