Դիաբետը չի փոփոխում ձեր հիմնական կարիքները, ցանկություններն ու ձգտումները։
Այն կարող է դժվարացնել ձեր կյանքի որոշ ոլորտները, սակայն դա չի նշանակում, որ պետք է սահմանափակեք ձեր հետաքրքրությունների շրջանակը կամ կյանքից հաճույք ստանալը։
Այնուամենայնիվ, կարևոր է հիշել, որ, եթե աշխատավայրում եք, ճանապարհորդում եք կամ մեքենա եք վարում, կան որոշ գործոններ, որոնք պետք է հաշվի առնել։
Դիաբետի կառավարում
Դիաբետը կառավարելու փորձին տիրապետելը պահանջում է ժամանակ, համբերություն և ջանքեր։ Ախտորոշումն իմանալուց հետո գուցե առնչվեք ձեր հակասական հույզերը, բարկությունը, շփոթվածությունը կամ տրամադրության անկումը հաղթահարելու խնդրին։
Դիաբետի ընթացքը հսկելու և ինքնազգացողությունը բավարար մակարդակի վրա պահելու համար կարևոր է, որ կանոնավոր կերպով հսկեք ձեր արյան շաքարը և հասկանաք, թե ինչպես են սնունդը և ֆիզիկական ակտիվությունն ազդում ձեր արյան շաքարի մակարդակի վրա։ Դիաբետի կառավարումը նաև պահանջում է, որ մշտապես ունենաք դիաբետի հաբեր կամ ինսուլին։
Շատ կարևոր է, որ ձեր քայլերով օգնեք հիվանդության վերահսկմանը և նվազեցնեք առողջական այլ խնդիրների հավանականությունը։ Ինչպես 1-ին, այնպես էլ 2-րդ տիպի դիաբետները բարձրացնում են մի շարք հիվանդությունների զարգացման ռիսկը, այդ թվում՝ սրտի իշեմի հիվանդություն (ներառյալ՝ սրտամկանի ինֆարկտ) և ինսուլտ, կուրություն, նյարդերի ախտահարում, ոտնաթաթերի խոցեր, երիկամային խնդիրներ, մկանների ատրոֆիա, կապանների և հոդերի ախտահարումներ։
Մյուս կողմից, դուք կարող եք զգալիորեն նվազեցել այս խնդիրների առաջացման ռիսկը, եթե՝
- պահպանեք առողջ քաշ
- դարձնեք ձեր սննդակարգն առողջ և հավասարակշռված, որն աղքատ է ճարպերից, աղից և շաքարից
- դառնաք ֆիզիկապես ակտիվ և օրական 30 րոպե ու շաբաթական 5 անգամ զբաղվեք միջին ծանրաբեռնվածության աերոբիկ վարժանքներով
- ամեն օր ստուգեք ձեր ոտնաթաթերը
- պարբերաբար այցելեք ձեր բժշկին, ստուգեք դիաբետի ընթացքը և բուժման արդյունքները (օրինակ՝ արյան ճնշման և խոլեստերինի հսկում)
- չծխեք։
Վատ ինքնազգացողության
Եթե ձեզ լավ չեք զգում, նշանակում է, որ ունեք լրացուցիչ ուշադրության կարիք։ Հիվանդությունների ժամանակ ձեր արյան շաքարը կարող է բարձրանալ, ուստի պետք է ավելի հաճախակի դիմեք գլյուկոմետրի օգնությանը (գուցե՝ օրական մի քանի անգամ)։ Շարունակեք ստանալ ձեր դիաբետի դեղերը, նույնիսկ եթե վատառողջ եք։ Առանց բժշկի իմացության երբեք մի՛ դադարեցրեք կամ մի՛ կրճատեք ինսուլինի դեղաչափը։
Ավելին, երբեմն, եթե վատառողջ եք, գուցե կարիք զգացվի բարձրացնել ինսուլինի դեղաչափը։ Բոլոր դեպքերում, կապ հաստատեք ձեր բժշկի հետ, այլ ոչ թե կայացրեք ինքնուրույն որոշումներ, հատկապես, երբ ինքնազգացողության վատացումը տևում է մեկ օրից ավելի կամ ուղեկցվում է փսխումներով, փորլուծությամբ կամ առատ քրտնարտադրությամբ։ Համոզվեք, որ միշտ ձեզ մոտ ունեք բժշկի հեռախոսահամարը։
Հոդվածը հրապարակվել է՝ 13-05-2019
Վերջին վերանայում՝ 02-06-2024