Արյան գլյուկոզի կայուն բարձր մակարդակը ժամանակի ընթացքում վնասում է գրեթե բոլոր հյուսվածքները և օրգան-համակարգերը։
Շաքարային դիաբետի կամ շաքարախտի բարդությունները ծանրացնում են հիվանդության ընթացքը։ Ավելին, դրանց մի մասը կարող են կյանքին լուրջ վտանգ ներկայացնել։
Դիաբետի բարդությունները հակիրճ ներկայացվում է ստորև:
- Սրտային հիվանդություն և ինսուլտ. դիաբետով մարդիկ ունեն աթերոսկլերոզի, սրտի իշեմիկ հիվանդության, ներառյալ՝ սրտամկանի ինֆարկտի և ինսուլտի զարգացման բարձրացած ռիսկ, ինչը կապված է կայուն բարձր արյան գլյուկոզի (հիպերգլիկեմիա), բարձր արյան ճնշման (հիպերտենզիա) և բարձր արյան խոլեստերինի հետ (հիպերխոլեստերինեմիա)։
- Բարձր արյան ճնշում (հիպերտենզիա). բարձր արյան ճնշուը հանդիսանում է դիաբետի զարգացման ռիսկի գործոններից մեկը։ Սակայն, բարձր արյան ճնշումը նաև կարող է զարգանալ որպես դիաբետի բարդություն և ավելի խորացնել դիաբետի մյուս բարդությունների ընթացքը։
- Մաշկային խնդիրներ. մանր անոթների և նյարդաթելերի դիաբետիկ վնասումը մաշկը կարող է դարձնել չոր և ճաքճքած։ Նման դեպքերում մաշկի վիճակը կարող է ավելի վատանալ, եթե ենթարկվեք հաճախակի կոպիտ լվացմանը, շատ տաք ջրի կամ արևի ճառագայթների ուղղակի ազդեցությանը։
- Ոտնաթաթերի հետ կապված խնդիրներ (դիաբետիկ ոտնաթաթ). դիաբետի հանգեցրած անոթային համակարգի ախտահարման պայմաններում վատթարանում է մարմնի հեռավոր շրջանների՝ ստորին վերջույթների արյունամատակարարումը, որի պատճառով սրունքների և ոտնաթաթերի վրա կարող են առաջանալ դժվար լավացող վերքեր (խոցեր), որոնց վարակը դառնա ախտահարված վերջույթի անդամահատման (ամպուտացիայի) պատճառ։
- Աչքերի, քթի և բերանի հետ կապված խնդիրներ. nորմայում աչքերի, քթի և բերանի խոռոչի լորձաթաղանթները պետք է լինեն մաքուր և խոնավ։ Դիաբետի ժամանակ լորձաթաղանթի պաշտպանական գործառույթը խանգարվում է, ինչը կարող է հանգեցնել աչքերի, քթի խոռոչի և բերանի խոռոչի չորության: Անհարմարավետության զգացումը չոր լորձաթաղանթների միակ հետևանքը չէ։ Կորցնելով պաշտպանիչ շերտը, լորձաթաղանթները կարող են հեշտությամբ գրգռվել կամ բորբոքվել։
- Ատամների հետ կապված խնդիրներ. դիաբետը, հատկապես, եթե արյան գլյուկոզը ճիշտ չի վերահսկվում, կարող է հանգցնել ատամների և, ընդհանուր առմամբ, բերանի խոռոչի տարբեր խնդիրների։
- Տեսողության խնդիրներ (դիաբետիկ ռետինոպաթիա). դիաբետիկ ռետինոպաթիան աչքի ցանցաթաղանթի անոթային բարդություն է, որը 60-ն անց մարդկանց կուրության հասցնող հիմնական պատճառներից մեկն է։ Փաստերը վկայում են, որ ռետինոպաթիայի և արյան գլյուկոզի մակարդակի միջև գործում է հստակ կապ, ուստի արյան շաքարի ոչ պատշաճ վերահսկման պայմաններում ռետինոպաթիայի զարգացման ռիսկը խիստ բարձրանում է։ Դիաբետը նաև կարող է առաջացնել կատարակտ՝ աչքի ոսպնյակի թափանցիկության լրիվ կամ մասնակի կորուստ, և տեսողության խանգարման բերող այլ խնդիրներ։
- Միզապարկի և երիկամների հետ կապված խնդիրներ. երիկամների գլխավոր դերն արյունը նյութափոխանակության տարբեր արգասիքներից զտելն է։ Դիաբետը, լինելով քրոնիկ հիվանդություն, կարող է ժամանակի ընթացքում ախտահարել ձեր երիկամների զտիչ կծիկները (դիաբետիկ նեֆրոպաթիա), որի առաջին նշանը մեզում ալբումինի (միկրոալբումինուրիա) հայտնվելն է։ Չվերահսկվող դիաբետը կարող է հանգեցնել քրոնիկ երիկամային հիվանդության: Դիաբետով մարդիկ նաև ունեն միզապարկի և երիկամների վարակային բորբոքումների նկատմամբ բարձր ռիսկ։
- Նյարդաբանական խնդիրներ. չվերահսկվող բարձր արյան շաքարը ժամանակի ընթացքում սկսում է վնասել նյարդերը: Ախտահարումը սովորաբար սկսվում է ծայրամասային մանր նյարդաթելերից:
- Հոգեկան առողջության խնդիրներ. դիաբետ ունեցող մարդկանց շուրջ կեսի մոտ առաջանում են հոգեկան առողջության տարբեր խնդիրներ, առաջին հերթին՝ դեպրեսիա և անհանգստություն։ Հանդես գալով որպես դիաբետի հետևանք, ընկճված վիճակն ինքը կարող է ծանրացնել դիաբետի ընթացքը, քանի որ դեպրեսիա և անտարբերություն ունեցող մարդը սկսում է հեռանալ իր հիվանդության հետ կապված ամենօրյա գործերից (արյան գլյուկոզի չափում, դեղերի ընդունում, անձնական խնամք):
- Սեռական կյանքի խնդիրներ. դիաբետը, հատկապես անկառավարելի մնալու պարագայում, նվազեցնում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց սեռական ցանկությունը (լիբիդո)։ Որոշ դեպքերում տղամարդկանց մոտ դիաբետը կարող է հանգեցնել իմպոտենցիայի։
Հոդվածը հրապարակվել է՝ 21-04-2018
Վերջին վերանայում՝ 02-06-2024