Գրադարան

Դիաբետիկ նեյրոպաթիա. բարդություններ

Դիաբետիկ նեյրոպաթիա. բարդություններ

Time Read 2 րոպե

Դիաբետիկ նեյրոպաթիան կարող է առաջացնել մի շարք ծանր բարդություններ:

  • Հիպոգլիկեմիայի անտեղյակություն. արյան շաքարի 3,9 մմոլ/լ-ից ցածր (70 մգ/դլ) մակարդակը սովորաբար առաջացնում է դող, քրտնարտադրություն և արագացած սրտազարկ: Սակայն մարդիկ, ովքեր ունեն ավտոնոմ (վեգետատիվ) նեյրոպաթիա, կարող են չզգալ այս նախազգուշացնող նշանները:
  • Ոտքի մատների, ոտնաթաթի կամ ոտքի կորուստ. նյարդային վնասումը կարող է հանգեցնել ոտնաթաթերի զգացողության կորստի, ուստի նույնիսկ աննշան կտրվածքները կարող են աննկատ վերածվել վերքերի կամ խոցերի: Ծանր դեպքերում վարակը կարող է տարածվել ոսկորների վրա կամ հանգեցնել հյուսվածքների մեռուկացման (նեկրոզ): Նման ծայրահեղ իրավիճակներում կարող է անհրաժեշտ լինել մատի, ոտնաթաթի կամ նույնիսկ ոտքի մի մասի հեռացում (ամպուտացիա):
  • Միզուղիների վարակներ և անմիզապահություն. եթե միզապարկը կառավարող նյարդերը վնասված են, միզելիս միզապարկը կարող է ամբողջությամբ չդատարկվել։ Բակտերիաները կարող են կուտակվել միզապարկում և երիկամներում՝ առաջացնելով միզուղիների վարակներ։ Նյարդային վնասումը նաև կարող է ազդել միզելու կարիք զգալու կամ մեզն արտազատող մկանները կառավարելու ունակության վրա, ինչը հանգեցնում է մեզի ակամա արտահոսքի (անմիզապահության):
  • Արյան ճնշման կտրուկ անկումներ. արյան հոսքը վերահսկող նյարդերի վնասումը կարող է ազդել արյան ճնշումը կարգավորելու օրգանիզմի ունակության վրա: Դա կարող է առաջացնել ճնշման կտրուկ անկում նստած դիրքից կամ պառկելուց հետո կանգնելիս, ինչը կարող է հանգեցնել գլխապտույտի և ուշագնացության (օրթոստատիկ հիպոտենզիա):
  • Մարսողական խնդիրներ. եթե նյարդային վնասումը տեղի է ունենում մարսողական խողովակում, հնարավոր է փորկապություն կամ փորլուծություն կամ երկուսն էլ: Դիաբետի հետ կապված նյարդային վնասումը կարող է հանգեցնել գաստրոպարեզի՝ մի վիճակ, երբ ստամոքսը շատ դանդաղ է դատարկվում կամ ընդհանրապես չի դատարկվում: Սա կարող է առաջացնել փքվածություն և մարսողության խանգարում:
  • Սեռական դիսֆունկցիա. ավտոնոմ նեյրոպաթիան հաճախ վնասում է սեռական օրգանների վրա ազդող նյարդերը։ Տղամարդիկ կարող են առնչվել էրեկտիլ դիսֆունկցիայի խնդրին: Կանայք կարող են դժվարություններ ունենալ հեշտոցի բնական օծման և գրգռման հետ:
  • Քրտնարտադրության ավելացում կամ նվազում. Նյարդային վնասումը կարող է խաթարել քրտնագեղձերի աշխատանքը և դժվարացնել մարմնի ջերմաստիճանի պատշաճ վերահսկումը:

Հոդվածը տեղադրվել է՝ 30-04-2023 վերանայվել է՝ 30-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով