Դուք կարող եք կանխել կամ հետաձգել դիաբետիկ նեյրոպաթիան և դրա բարդությունները՝ ուշադիր կառավարելով ձեր արյան շաքարը և բավարար ուշադրություն դարձնելով ձեր ոտնաթաթերի խնամքին:
Արյան շաքարի կառավարում
Ամերիկկյան դիաբետի ասոցիացիան (ADA) խորհուրդ է տալիս, որ շաքարային դիաբետով ապրող մարդիկ տարին առնվազն երկու անգամ անցնեն գլիկոզիլացված հեմոգլոբինի (A1C) թեստ: Այս թեստը ցույց է տալիս ձեր արյան շաքարի միջին մակարդակը վերջին 2-3 ամսվա ընթացքում:
Հնարավոր է, որ A1C-ի թիրախները պետք է անհատականացվեն, սակայն բազմաթիվ չափահասների համար ADA-ն առաջարկում է A1C-ի 7,0%-ից պակաս ցուցանիշներ: Եթե ձեր արյան շաքարի մակարդակն ավելի բարձր է, քան ձեր թիրախը, ձեզ կարող են անհրաժեշտ լինել փոփոխություններ ձեր արյան շաքարի ամենօրյա կառավարման մեջ, ինչպես օրինակ՝ ավելացնել կամ կարգավորել ձեր դեղերը կամ փոխել ձեր սննդակարգը կամ ֆիզիկական ակտիվությունը:
Ոտնաթաթերի խնամք
Ոտնաթաթի հետ կապված խնդիրները, ներառյալ չբուժվող վերքերը, խոցերը և նույնիսկ անդամահատումը, դիաբետիկ նեյրոպաթիայի ընդհանուր բարդություններից են: Սակայն, դուք կարող եք կանխել այս խնդիրներից շատերը՝ առնվազն տարին մեկ անգամ անցնելով ոտնաթաթի մանրակրկիտ քննություն: Նաև խնդրեք ձեր բժշկին ստուգել ձեր ոտնաթաթերը ձեր յուրաքանչյուր այցելության ժամանակ, ինչպես նաև լավ հոգ տարեք ձեր ոտնաթաթերի մասին տանը:
Հետևեք ձեր բժշկի առաջարկներին ոտնաթաթերի լավ խնամքի համար: Ձեր ոտնաթաթերի առողջությունը պաշտպանելու համար նաև կարող եք հետևել այս խորհուրդներին:
- Ամեն օր ստուգեք ձեր ոտնաթաթերը. ստուգեք բշտիկների, կտրվածքների, արյունազեղումների, ճաքած և թեփոտված մաշկի, կարմրության և այտուցի առկայությունը: Օգտագործեք հայելի կամ խնդրեք ընկերոջը կամ ընտանիքի անդամին, որ օգնի ձեզ զննելու ձեր ոտնաթաթերի դժվար տեսանելի հատվածները:
- Պահեք ձեր ոտքերը մաքուր և չոր. լվացեք ձեր ոտքերն ամեն օր գոլ ջրով և թույլ օճառով։ Մի՛ թողեք ձեր ոտքերը ջրի մեջ երկար ժամանակ: Մանրակրկիտ չորացրեք ձեր ոտքերը և մատների միջև ընկած հատվածը:
- Խոնավացրեք ձեր ոտնաթաթերը. սա օգնում է ճաքերի կանխարգելմանը: Սակայն, մի՛ քսեք լոսյոն ձեր մատների արանքում, քանի որ այն կարող է խթանել սնկիկների աճը:
- Կտրեք ձեր եղունգները խիստ զգուշորեն. կտրեք ձեր ոտքի եղունգները ուղիղ երկայնքով: Զգուշորեն խարտեք եզրերը, որ դրանք դառնան հարթ: Եթե դուք ինքներդ չեք կարող դա անել, ձեզ կարող է օգնել ոտքերի հետ կապված խնդիրների մասնագետը (պոդիատրիստ):
- Հագեք մաքուր, չոր գուլպաներ. օգտագործեք բամբակյա կամ խոնավությունը մաքրող մանրաթելից գործված գուլպաներ, որոնք չունեն ամուր ժապավեններ կամ հաստ կամ կոպիտ կարեր:
- Հագեք ձեր ոտնաթաթերին լավ հարմարեցված, փափուկ կոշիկներ. ոտնաթաթերը պաշտպանելու համար հագեք փակ կոշիկներ կամ հողաթափեր: Համոզվեք, որ ձեր կոշիկները լավ հարվարվում են ոտնաթաթերին և թույլ են տալիս, որ ձեր մատները շարժվեն: Ոտնաթաթի մասնագետը կարող է ձեզ սովորեցնել, թե ինչպես ճիշտ կոշիկ գնել և կանխել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են հարուկները և կոշտուկները:
Հոդվածը հրապարակվել է՝ 30-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024