Առողջական խնդիրներ

Դիաբետիկ նեյրոպաթիա

Դիաբետիկ նեյրոպաթիա

Time Read 3 րոպե

Եթե ունեք դիաբետ (շաքարախտ), ձեր ձեռքերը և ոտքերը կարող են լինել թմրած կամ կարող եք զգալ մաշկային այլ զգացողություններ, այդ թվում՝ ցավ։

Սա կարող է լինել դիաբետի բարդություններից մեկի՝ դիաբետիկ նեյրոպաթիայի զարգացման նշաններից մեկը։ Շատ կարևոր է, որ մանրամասն տեղեկացած լինեք դիաբետի այս բարդության մասին։

Ի՞նչ է դիաբետիկ նեյրոպաթիան

Նեյրոպաթիան մի վիճակ է, երբ նյարդերն ախտահարվում են։ Դիաբետիկ նեյրոպաթիան նեյրոպաթիայի տեսակներից մեկն է, որն առաջանում է ինչպես 1-ին տիպի, այնպես էլ 2-րդ տիպի դիաբետի ժամանակ։

Դուք ունեք նյարդերի հետևյալ երեք հիմնական տեսակները՝

  • զգացողական (սենսոր) նյարդեր, որոնցով դեպի ուղեղ հաղորդվում են «զգացողությունները»՝ հպում, համ, տեսողություն, լսողություն և հոտառություն
  • շարժողական (մոտոր) նյարդեր, որոնք հաղորդում են ձեր շարժումների (մկանների կծկման) կայացմանը մասնակցող ազդանշանները
  • վեգետատիվ (ավտոնոմ) նյարդեր, որոնք հաղորդում են մեր ակամա գործունեությանը մասնակցող ազդանշանները՝ հավասարակշռություն, քրտնարտադրություն, մարսողություն և այլն։

Դիաբետիկ նեյրոպաթիայի ժամանակ հաճախ ախտահարվում են ձեր ձեռքերի և ոտքերի զգացողական նյարդերը, սակայն կարող են ներառվել նաև ավտոնոմ և շարժական նյարդերը։

Դիաբետիկ նեյրոպաթիայի ախտանիշները

Դիաբետիկ նեյրոպաթիայի ամենահաճախ հանդիպող ախտանիշներն են թմրածության կամ անզգայացման, այրոցի, ծակծկոցների և պարեսթեզիայի (զգացողության խեղաթյուրում) զգացողությունը, մկանացավերը, մկանային ջղաձգումները կամ թուլությունը։ Մարդկանց մեծ մասի մոտ այս նշանները սովորաբար սկսվում են ձեռնաթաթերում և ոտնաթաթերում («ձեռնոցների և գուլպաների» նշան), որոնք այնուհետև տարածվում են ամբողջ վերին և ստորին վերջույթներով։

Դիաբետիկ նեյրոպաթիան կարող է առաջացնել նաև՝

  • ձեռքերում և ոտքերում անհարմարավետության զգացում (դիսկոմֆորտ), ոտքերում այրոց կամ ցավեր, հատկապես՝ գիշերները
  • քնի խանգարումներ
  • վքնածություն (աղիների փքվածության զգացում) և մարսողության խանգարումներ
  • ջերմության անտանելիություն
  • քայլելու հետ կապված խնդիրներ։

Եթե ձեզ մոտ ի հայտ են եկել այս նշանները, տեղեկացրեք այդ մասին ձեր բժշկին։

Դիաբետիկ նեյրոպաթիայի պատճառները

Արյան մեջ գլյուկոզի բարձր մակարդակը (հիպերգլիկեմիա) տարիների ընթացքում վնասում է նյարդերը։ Նեյրոպաթիաների զարգացման մեջ կաևոր է նաև տրիգլիցերիդների բարձր մակարդակը։

Նեյրոպաթիայի զարգացման մեջ որոշակի դեր ունեն նաև այլ վիճակներ, որոնցից են՝

Որքան երկար պատմություն ունի ձեր դիաբետը, այդքան ավելի հավանական է, որ ձեզ մոտ կզարգանա դիաբետիկ նեյրոպաթիա։

Դիաբետիկ նեյրոպաթիայի ախտորոշումը

Ձեր բժիշկը կզրուցի ձեզ հետ, կզննի ձեզ և կարող է առաջարկել նաև որոշ արյան հետազոտություններ։ Բժիշկը նաև կուսումնասիրի ձեր բժշկական փաստաթղթերը՝ տեղեկանալու նախկինում ձեր արյան գլյուկոզի մակարդակների և ժամանակի ընթացքում դրանց տատանումների մասին, որոնց հիման վրա կգնահատի ձեր դիաբետի բուժման արդյունավետությունը։ Դուք կարող եք ուղեգրվել նաև նյարդաբանի, ներզատաբանի և բժշկական այլ մասնագետների խորհրդատվության։

Դիաբետիկ նեյրոպաթիայի կանխարգելումը և բուժումը

Անկախ նրանից, թե ցանկանում եք կանխարգելել դիաբետիկ նեյրոպաթիայի զարգացումը կամ փորձում եք մեղմացնել արդեն իսկ զարգացած նեյրոպաթիայի ընթացքը, ամենակարևոր բանը ձեր արյան գլյուկոզի մակարդակը կայունացնելն է բժշկի սահմանած ցանկալի միջակայքում։ Սա նշանակում է, որ պետք է՝

  • հետևել և բուժել ձեր առողջական բոլոր խնդիրները (անհրաժեշտության դեպքում՝ բժշկի օգնությամբ)
  • հետևել ձեզ նշանակված սննդակարգին
  • վարել ֆիզիկապես ակտիվ կյանք
  • ընդունել ձեր դեղերն առանց ընդհատելու և այնպես, ինչպես նշանակել է ձեր բժիշկը
  • խուսափել առողջական վիճակը վատթարացնող բաներից, օրինակ՝ ծխելուց և ալկոհոլի մեծ քանակներ օգտագործելուց։

Եթե ունեք դիաբետիկ նեյրոպաթիա, զրուցեք ձեր բժշկի հետ նաև այն հարցերի շուրջ, թե ինչպես կարելի է պաշտպանել ձեր մաշկը։ Քննարկեք նաև այն խնդների մասին, թե ինչպես պետք է մեղմացնել վերջույթների ցավերը, քանի որ սովորական ցավազրկող դեղերը (Պարացետամոլ կամ Իբուպրոֆեն) կարող են ձեր դեպքում արդյունավետ չլինել։

Հոդվածը տեղադրվել է՝ 13-05-2018 վերանայվել է՝ 07-06-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով