Այս միջոցները կարող են օգնել ձեզ, որ ընդհանուր առմամբ ավելի լավ զգաք և նվազեցնեք դիաբետիկ նեյրոպաթիայի ռիսկը:
- Պահեք ձեր արյան ճնշումը վերահսկողության տակ. եթե ունեք բարձր արյան ճնշում և շաքարային դիաբետ, դուք ունեք բարդությունների էլ ավելի մեծ ռիսկ: Փորձեք պահել ձեր արյան ճնշումը ձեր բժշկի առաջարկած միջակայքում և համոզվեք, որ այն ստուգում եք յուրաքանչյուր բուժայցելության ժամանակ և տանը:
- Ընտրեք առողջ սնունդ. կերեք հավասարակշռված սննդակարգ, որը ներառում է մի շարք առողջարար մթերքներ՝ հատկապես բանջարեղեն, մրգեր և ամբողջահատիկ ձավարեղեն: Սահմանափակեք կերակուրի չափաբաժինները, որ օգնեք առողջ քաշին հասնելուն կամ պահպանելուն:
- Ֆիզիկապես ակտիվ եղեք ամեն օր. վարժանքներն օգնում են արյան շաքարի նվազեցմանը, բարելավում են արյան հոսքը և պահում են ձեր սիրտը առողջ: Նպատակ դրեք հասնելու շաբաթական 150 րոպե չափավոր կամ 75 րոպե ինտենսիվ աերոբիկ ակտիվության կամ չափավոր և ինտենսիվ վարժանքների զուգակցման: Նաև լավ գաղափար է վարժանքների ընթացքում հաճախակի ընդմիջում վերցնելը և մի քանի րոպե նստած հանգստանալը: Խոսեք ձեր բժշկի կամ ֆիզիոթերապևտի հետ նախքան վարժանքներին անցնելը: Եթե ձեր ոտքերի զգացողությունը նվազել է, որոշ վարժանքներ, օրինակ՝ քայլելը, կարող են ավելի անվտանգ լինել, քան մյուսները: Եթե ունեք ոտնաթաթի վնասվածք կամ վերք, արեք այն վարժանքները, որոնք չեն պահանջում ձեր վնասված ոտքի ծանրաբեռնվածություն:
- Դադարեցրեք ծխելը. ծխախոտի ցանկացած ձևի օգտագործումը մեծացնում է ձեր ոտնաթաթերի արյան շրջանառության վատթարացման հավանականությունը, ինչը կարող է բուժման հետ կապված խնդիրներ առաջացնել: Եթե ծխախոտ եք օգտագործում, խոսեք ձեր բժշկի հետ ծխելը թողնելու ուղիներ գտնելու մասին:
Այլընտրանքային բժշկություն
Կան բազմաթիվ այլընտրանքային թերապիաներ, որոնք ինքնուրույն կամ դեղամիջոցների հետ զուգակցված կարող են օգնել նեյրոպաթիկ ցավերի մեղմացմանը: Սակայն, նախքան որևէ այլընտրանքային թերապիա կամ սննդային հավելում օգտագործելը, խորհրդակցեք ձեր բժշկի հետ՝ համոզվելու, որ ձեր դեղերի հետ որևէ հնարավոր փոխազդեցություն չկա:
Դիաբետիկ նեյրոպաթիայի դեպքում կարող եք փորձել հետևյալ միջոցները:
- Կապսաիցին. Կապսաիցինի նրբաքսուքը (կրեմ), որը կիրառվում է մաշկի վրա, որոշ մարդկանց մոտ կարող է նվազեցնել ցավի զգացողությունները: Կողմնակի ազդեցությունները կարող են ներառել այրման զգացումը և մաշկի գրգռումը:
- Ալֆա-լիպոյաթթու. այս ուժեղ հակաօքսիդանտը հայտնաբերվել է որոշ մթերքների մեջ և կարող է օգնել որոշ մարդկանց նյարդային ցավի ախտանիշներից ազատվելու համար:
- Ացետիլ-L-կարնիտին. այս սննդանյութը բնականորեն արտադրվում է օրգանիզմում և հասանելի է որպես հավելում: Այն կարող է թեթևացնել նյարդային ցավը որոշ մարդկանց մոտ:
- Միջմաշկային էլեկտրական նյարդային խթանում (TENS). այս թերապիան կարող է օգնել ցավի ազդանշանների դեպի գլխուղեղ հաղորդման կանխարգելմանը: TENS-ը փոքրիկ էլեկտրական ազդակներ է հաղորդում հատուկ նյարդային ուղիներին մաշկի վրա տեղադրված փոքր էլեկտրոդների միջոցով: Լինելով անվտանգ և ցավազուրկ, այնուամենայնիվ, TENS-ը չի կարող օգնել բոլորին կամ բոլոր տեսակի ցավերի դեպքում:
- Ասեղնաբուժություն. ասեղնաբուժությունը կարող է օգնել թեթևացնելու նեյրոպաթիկ ցավը և, ընդհանուր առմամբ, չունի որևէ կողմնակի ազդեցություն: Հիշեք, որ ասեղնաբուժությամբ դուք կարող եք անմիջապես ազդեցությունը չզգալ և կարող է պահանջվել մեկից ավելի սեանս:
Հոդվածը հրապարակվել է՝ 01-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024