Կան դիաբետիկ նեյրոպաթիայի չորս հիմնական տեսակներ:
Դուք կարող եք ունենալ մեկ կամ մի քանի տեսակի նեյրոպաթիա:
Ձեր ախտանշանները կախված են նեյրոպաթիայի այն տեսակից, որը դուք ունեք և նրանից, թե որ նյարդերն են ախտահարված: Ախտանիշները սովորաբար զարգանում են աստիճանաբար։ Դուք կարող եք չնկատել, որ ձեր նյարդերն ախտահարված են, քանի դեռ զգալի նյարդային վնաս չի զարգացել:
Ծայրամասային (պերիֆերիկ) նեյրոպաթիա
Նեյրոպաթիայի այս տեսակը կարող է նաև կոչվել հեռավոր (դիստալ) սիմետրիկ ծայրամասային նեյրոպաթիա: Սա դիաբետիկ նեյրոպաթիայի ամենատարածված տեսակն է: Այն առաջին հերթին ազդում է ոտքերի և ոտնաթաթերի վրա, որին հետևում են դաստակներն ու ձեռքերը: Պերիֆերիկ նեյրոպաթիայի գանգատներն ու ախտանիշները հաճախ վատթարանում են գիշերը և կարող են ներառել՝
- թմրածություն կամ ցավ կամ ջերմաստիճանի փոփոխություններ զգալու ունակության նվազում
- ծակոցների կամ այրման զգացում
- սուր ցավեր կամ ջղաձգումներ
- մկանային թուլություն
- հպումների նկատմամբ չափազանց զգայունություն. որոշ մարդկանց համար նույնիսկ անկողնային սավանի քաշը կարող է ցավոտ լինել
- ոտնաթաթերի լուրջ խնդիրներ, ինչպիսիք են խոցերը, վարակները և ոսկորների ու հոդերի վնասումը:
Ինքնավար (ավտոնոմ) նեյրոպաթիա
Ինքնավար կամ վեգետատիվ նյարդային համակարգը վերահսկում է արյան ճնշումը, սրտի հաճախությունը, քրտնարտադրությունը, աչքերը, միզապարկը, մարսողական համակարգը և սեռական օրգանները: Դիաբետը կարող է ազդել այս շրջանների որևէ մեկի նյարդերի վրա՝ առաջացնելով հնարավոր գանգատներ և ախտանիշներ, ինչպիսիք են՝
- անտեղյակություն, որ արյան շաքարի մակարդակը ցածր է (հիպոգլիկեմիայի անտեղյակություն)
- արյան ճնշման անկում նստած կամ պառկած վիճակից բարձրանալիս, որը կարող է առաջացնել գլխապտույտ կամ ուշագնացություն (օրթոստատիկ հիպոտենզիա)
- միզապարկի կամ աղիքների դատարկման հետ կապված խնդիրներ
- ստամոքսի դանդաղ դատարկում (գաստրոպարեզ), որն առաջացնում է սրտխառնոց, փսխում, լցվածության զգացում և ախորժակի կորուստ
- կուլ տալու դժվարություն
- լույսից դեպի մութ կամ հեռվից դեպի մոտիկ առարկաները դիտելիս աչքերի հարմարվողականության փոփոխություններ
- քրտնարդադրության ավելացում կամ նվազում
- սեռական արձագանքի հետ կապված խնդիրներ, ինչպիսիք են կանանց մոտ հեշտոցային չորությունը և տղամարդկանց մոտ էրեկտիլ դիսֆունկցիան:
Մոտակա (պրոքսիմալ) նեյրոպաթիա (դիաբետիկ պոլիռադիկուլոպաթիա)
Նեյրոպաթիայի այս տեսակը հաճախ ազդում է ազդրերի, կոնքերի, հետույքի կամ ոտքերի նյարդերի վրա: Այն կարող է ազդել նաև որովայնի և կրծքավանդակի շրջանների վրա: Ախտանիշները սովորաբար մարմնի մի կողմում են, սակայն կարող են տարածվել դեպի մյուս կողմ: Պրոքսիմալ նեյրոպաթիան կարող է ներառել՝
- ուժեղ ցավ հետույքի կամ ազդրի հատվածում
- թույլ և կրճատվող ազդրի մկաններ
- նստած դիրքից բարձրանալու դժվարություն
- կրծքավանդակի կամ որովայնի պատի ցավ:
Մոնոնեյրոպաթիա (ֆոկալ նեյրոպաթիա)
Մոնոնեյրոպաթիան վերաբերում է մեկ, առանձնահատուկ նյարդի վնասմանը: Այդ նյարդը կարող է լինել դեմքի, իրանի, ձեռքի կամ ոտքի վրա: Մոնոնեյրոպաթիան կարող է հանգեցնել՝
- կենտրոնանալու դժվարության կամ երկտեսության (դիպլոպիա)
- դեմքի մի կողմի լուծանքի (պարալիչ)
- ձեռքի կամ մատների թմրածության կամ ծակոցների
- ձեռքի թուլության, որը կարող է հանգեցնել իրերը ձեռքից բաց թողնելուն
- սրունքի կամ ոտնաթաթի շրջանի ցավի
- թուլության, որն առաջացնում է ոտնաթաթի առջևի հատվածը բարձրացնելու դժվարություն (կախված ոտնաթաթ)
- ազդրի առջևի շրջանի ցավի:
Ե՞րբ դիմել բժշկին
Զանգեք ձեր բժշկին՝ այց պայմանավորվելու համար, եթե ունեք՝
- ձեր ոտնաթաթի կտրված վերք կամ խոց, որը վարակված է կամ չի բուժվում
- ձեռքերում կամ ոտնաթաթերում այրոց, ծակոցներ, թուլություն կամ ցավ, որը խանգարում է առօրյա գործունեությանը կամ քնին
- փոփոխություններ մարսողության, միզելու կամ սեռական գործառույթներում
- գլխապտույտ և ուշագնացություն:
Ամերիկյան դիաբետի ասոցիացիան (ADA) խորհուրդ է տալիս, որ դիաբետիկ նեյրոպաթիայի սքրինինգը սկսվի 2-րդ տիպի շաքարային դիաբետի ախտորոշումից անմիջապես հետո կամ 1-ին տիպի դիաբետի ախտորոշումից հինգ տարի անց: Դրանից հետո սքրինինգը խորհուրդ է տրվում տարին մեկ անգամ։
Հոդվածը հրապարակվել է՝ 30-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024