Գրադարան
Ատոպիկ դերմատիտ. կանխարգելում

2 րոպե
Մաշկի խնամքի հիմնական միջոցառումների մշակումը կարող է օգնել կանխել ատոպիկ դերմատիտի կամ էկզեմայի բռնկումները:
Հետևյալ խորհուրդները կարող են օգնել նվազեցնելու լոգանքի չորացնող ազդեցությունը:
- Խոնավացրեք ձեր մաշկը օրական առնվազն երկու անգամ. նրբաքսուքները (կրեմներ), քսուքները, շի կոչվող կարագը և լոսյոնները ծածկում են խոնավությունը: Ընտրեք այնպիսի ապրանք կամ ապրանքներ, որոնք ձեզ մոտ լավ են ազդում: Լավագույն դեպքում խոնավացնող միջոցը պետք է լինի անվտանգ, արդյունավետ, մատչելի և առանց հոտի: Երեխայի մաշկի օծումը վազելինով կարող է օգնել ատոպիկ դերմատիտի կանխարգելմանը:
- Ամեն օր լոգանք կամ ցնցուղ ընդունեք. օգտագործեք գոլ, այլ ոչ թե տաք, առավել ևս՝ շատ ջուր և կրճատեք ձեր լոգանքի կամ ցնցուղի տևողությունը մինչև 10 րոպե:
- Օգտագործեք թույլ, օճառ չպարունակող լվացող միջոց. ընտրեք լվացող միջոց, որը զերծ է ներկերից, սպիրտներից և բույրերից: Մանկահասակ երեխաներին սովորաբար պետք է միայն տաք ջուր՝ նրանց լողացնելու համար: Օճառ կամ լոգանքի փրփուր չի պահանջվում: Օճառը կարող է առանձնակի գրգռիչ լինել փոքր երեխաների մաշկի համար: Ցանկացած տարիքի մարդկանց համար բուրումնավետ և հակաբակտերիալ օճառները կարող են հեռացնել մաշկի բնական յուղերի չափազանց մեծ մասը և չորացնել մաշկը: Մի՛ տրորեք մաշկը ճիլոպով (мочалка) կամ կոպիտ սպունգով:
- Չորացրեք. լողանալուց հետո մաշկը չորացրեք փափուկ սրբիչով։ Սրբիչը հպեք մարմնին, այլ ոչ թե քսեք մաշկին: Օգտագործեք խոնավացնող նրբաքսուք (կրեմ), երբ ձեր մաշկը դեռ խոնավ է (երեք րոպեի ընթացքում):
Ատոպիկ դերմատիտի հրահրող գործոնները (տրիգերներ) մեծապես տարբերվում են անձից անձ: Փորձեք բացահայտել և խուսափել գրգռիչներից, որոնք առաջացնում են ձեր մաշկաբորբը: Ընդհանուր առմամբ, խուսափեք այն ամենից, ինչ առաջացնում է քոր, քանի որ քորելիս առաջացած քերծվածքը հաճախ բռնկում է առաջացնում:
Ատոպիկ դերմատիտի տարածված հրահրիչները (տրիգերներ), որոնք կարող են վատթարացնել հիվանդության ախտանիշները, ներառում են հետևյալը՝
- կոպիտ բրդյա գործվածք
- չոր մաշկ
- մաշկի քերծվածքներ և վարակ
- ջերմություն և քրտինք
- սթրես
- մաքրող միջոցներ
- փոշու տզեր և ընտանի կենդանիների թեփ
- բորբոս
- փոշի և աղտոտվածություն
- ծխախոտից ծուխ
- սառը և չոր օդ
- օծանելիքներ
- այլ գրգռող քիմիական նյութեր, օրինակ՝ լողավազաններում օգտագործվող քլոր:
Նորածինների և երեխաների մոտ բռնկումները կարող են առաջանալ որոշ մթերքներ օգտագործելուց, ինչպիսիք են ձուն և կովի կաթը: Խոսեք ձեր երեխայի բժշկի հետ հնարավոր սննդային ալերգիաների հայտնաբերման մասին:
Երբ հասկանաք, թե ինչն է առաջացնում ձեր ատոպիկ դերմատիտը, խոսեք ձեր բժշկի հետ այն մասին, թե ինչպես վերահսկել ձեր ախտանիշները և կանխել բռնկումները:
Հոդվածը տեղադրվել է՝ 11-05-2018 վերանայվել է՝ 13-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: